Կարծիք

22.06.2019 17:41


Հայկական կողմը պատրա՞ստ է «սուբստանտիվ բանակցությունների»

Հայկական կողմը պատրա՞ստ է «սուբստանտիվ բանակցությունների»

Երբ համանախագահները թեկուզեւ լղոզված, շրջանցիկ, ոչինչ չասող չեզոք ձեւակերպումներով ամփոփում են հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հերթական բանակցությունների արդյունքները (մի կողմ թողնենք` բանակցություններ են դրանք, թե ընդամենը «շփումներ»), ամփոփիչ հայտարարության մեջ փորձում են այս կամ այն կերպ ներառել կողմերի ցանկություններն ու ակնկալիքները։

Այսինքն` այդ հայտարարությունները յուրատեսակ փոխզիջման` կոմպրոմիսի արդյունք են։

Միացյալ Նահանգների հովանու տակ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված «փոխզիջումը», որին Լեռնային Ղարաբաղը, ի հեճուկս Նիկոլ վարչապետի, էլի չէր մասնակցում, լա՛վ էլ ադրբեջանամետ «ակցենտ» ունի. հրադադարի ռեժիմը պահպանելու, շփման գծի երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց զերծ մնալու մասին ոչինչ չպարտավորեցնող մշուշոտ արձանագրում (որտեղ ոչ մի խոսք չկա Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները կատարելու մասին)` «սուբստանտիվ բանակցությունների» անցնելու հանձնառության դիմաց։

Այն, ինչին ադրբեջանական կողմը երկա՜ր տարիներ փորձում է հասնել` պնդելով. հայկական կողմը արհեստականորեն ձգձգում է բանակցությունները` կառչելով խնդրի փաթեթային կարգավորման սկզբունքից` «ոչինչ համաձայնցված չէ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ»։ Եվ որ սայլը տեղից շարժելու միակ ձեւը կարգավորման երեք հիմնարար սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ «անպտուղ» բանավեճից կոնկրետ փաստաթղթի` «խաղաղության համաձայնագրի» մշակմանն անցնելն է։

Փաշինյանն ասում էր` «սկզբունքային հարցերի շուրջ` ոչ մի կոմպրոմիս»։

«Պատմական հին կարծրատիպերը» քանդելու ջատագով Բոլթոնի զգայուն միջամտությամբ ձեռք բերված այս «կոմպրոմիսը» սկզբունքայի՞ն է, թե՞ ոչ` դատեք ինքներդ։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը