Կարծիք

22.06.2019 09:00


Գնաճի երկու հաշվարկ

Գնաճի երկու հաշվարկ

Գնաճը, հավանաբար, միակ թեման է, որի շուրջ բոլորն իրենց կարծիքն ունեն: Ու որպես կանոն՝ այդ կարծիքները երբեք չեն համընկնում: Իշխանությունների գնաճի թվերը պարբերաբար ԿԲ-ի տվյալների հետ չեն համատեղվում, ուր մնաց, որ դրանք համադրելի լինեն փորձագիտական տվյալների, առավել ևս՝ պարզ սպառողի «տեղեկությունների» հետ: Հասկանալի է` պարզ սպառողը սեփական դրամապանակով է արձագանքում գնաճին՝ ի տարբերություն մյուս կողմերի, որոնցից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ու շահն ունի գնաճի հաշվարկում:

Դատելով այն փաստից, որ նույն ժամանակահատվածի գնաճի տվյալները Վիճակագրական կոմիտեն երկու անգամ է հրապարակում` կարելի է նրան համարել ամենաշահագրգիռը: Իսկապես տարօրինակ է ամսվա առաջին շաբաթվա ընթացքում տեսնել անցած ամսվա սպառողական գների ինդեքսն արձանագրող Վիճկոմի հրապարակումը: Այնուհետև մոտ երկու շաբաթ հետո կարդալ նույն վերնագրով նոր հրապարակում, ուր գնաճի էական թվերը չեն տարբերվում, բայց կան ուրիշ մանրամասներ:

Հին իմաստությունն ասում է՝ «էությունը մանրամասների մեջ է»: Հետևաբար, տեսնենք, թե ինչ մանրամասներ կան երկրորդ հրապարակման մեջ: Նախ՝ սպառողական գների ինդեքսը չի փոխվել` նախորդ տարվա մայիսի համեմատ գնաճը 2.8 տոկոս է: Իսկ այս միջին թիվը ստանալու համար Վիճկոմը ամիսը երեք օր 450 ապրանք-ծառայության գներ է արձանագրում, որ հետո միջինացնի ու համեմատի: Օրինակ՝ 2.8–տոկոսանոց սպառողական միջին գնաճը ստացվել է պարենային ապրանքների 5.2–տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների 1.8–տոկոսանոց թանկացումների համադրմամբ: Իհարկե, առանձին հրապարակվում է պարենային ապրանքների գների փոփոխությունը: Օրինակ՝ արձանագրվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ բանջարեղենի 22 տոկոս գնաճ է արձանագրվել: Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ հիմնականում թանկացել են (արդի իրավաքաղաքական բառապաշարով ասած` հակահեղափոխական վարք են դրսևորել) բանջարեղենի ամենաօգտագործվող տեսակները (կաղամբը թանկացել է 78.6 տոկոսով, գլուխ սոխը` 65.7, կարտոֆիլը`38.6, վարունգն ու լոլիկն էլ` երկնիշ ցուցանիշներով): Բայց միշտ հնարավոր է գտնել բանջարեղենի տեսակներ, որոնցով հնարավոր է գնաճը նվազեցնել՝ հասցնելով 22 տոկոսի:

Մսամթերքի գներն ավելի հեշտ է եղել միջինացնելը: Որովհետև խոզի միսը նախորդ տարվա նկատմամբ 13.8 տոկոս գնանկում է ունեցել, տավարի միսը` 0.9: Այ, թռչնամիսը՝ հակառակը՝ թանկացել է 13.6 տոկոսով: Թանկացել է ձուն` 26.9 տոկոսով: 11 տոկոսով էժանացել է (լրիվ հեղափոխական վարք է դրսևորել) շաքարը: Բայց այս ամենը միջինացնելով՝ ընդամենը պարենային ապրանքների 5.2–տոկոսանոց գնաճ է արձանագրվել:

Գնաճի ամսի վերջում հրապարակվող հաշվետվության մեջ հստակ նկատելի է, թե ինչի հաշվին է սպառողական գների 2.8 տոկոսն արձանագրվել: Այն համարյա հասկանալի չէ ամսվա սկզբին հրապարակվող հաշվետվությունից: Երկրորդում հատիկ-հատիկ թվարկվում են ոլորտներն ու մանրամասնվում: Օրինակ՝ նշվում է, որ այս տարի 3.3–տոկոսանոց գնաճ է գրանցել տարրական կրթությունը: Ապա նշվում է, որ հանրակրթական դպրոցի մյուս երկու աստիճանները՝ բարձրագույն կրթությունն ու հետբարձրագույն կրթությունը, նախորդ տարվա համեմատ, գնաճ չեն արձանագրել: Բայց կրթության ու մյուս ոլորտների գնաճի բացակայությունը դեռ բավարար հիմք չէ ընդհանուր գնաճը միջինով նվազեցնելու համար: Այ այստեղ է, որ օգնության է գալիս ծառայությունների ոլորտը, ուր ի տարբերություն ո՛չ գնանկում, ո՛չ գնաճ արձանագրած կապի ոլորտի՝ թվարկվում է, թե ինչ գնագահավիժում են արձանագրել հանգստի կենտրոնները: Դրանք, նախորդ տարվա համեմատ, դժվար է ասել՝ որտեղ, բայց էժանացել էն 11.9 տոկոսով: Ավելին՝ հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների գները նվազել են 8.6 տոկոսով: Իսկ «Միջազգային հանգստի կազմակերպման ծառայության» տողի դիմաց ավելի մեծ գնանկում է նկարած` 13.3 տոկոս:

Ահա այպիսի կարևոր ոլորտներ ուսումնասիրելով ու հաշվառելով՝ մեր վիճակագիրները հանգում են այն թվաբանությանը, որ անցած տարվա համեմատ՝ սպառողական գների աճն ընդամենը 2.8 տոկոս է: Կարելի է չկասկածել, որ մեր վիճակագիրները՝ որպես տնտեսագետ, հաստատ գիտեն, որ չափավոր գնաճը տնտեսության աշխուժացմանը միտված գործընթաց կարող է լինել: Պարզապես գնաճի պաշտոնական բարձր թվերի արձանագրումը կարող է զայրացնել պարզ սպառողին և համարյա օրենքով է արգելված: Կարևորը` երկու հաշվետվություններն իրար չհակասեն:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը