Կարծիք

21.06.2019 13:55


Վահե Գրիգորյանը փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ

Վահե Գրիգորյանը փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ
Այս շաբաթ ես գործնական այցով գտնվում եմ Միացյալ Նահանգներում և շատ հույս ունեի, որ քաղաքականության մասին գրելու կարիք չեմ ունենա, փոխարենը՝ ձեզ կպատմեմ առավել ուշագրավ տպավորություններիս մասին։ Ցավոք, Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի նախագահ նորից վերադարձնում է հայաստանյան քաղաքական իրականություն, քանի որ այսպիսի անսովոր քայլի կողքով անցնելը պարզապես անհնար է։

Սկսենք ամենապարզ մասից՝ հարցի իրավական կողմից։ Վահե Գրիգորյանը իր հայտնի հայտարարության մեջ հղում է կատարում նրա վրա, որ Սահմանադրական դատարանը նոր Սահմանադրությամբ ունի ընտրված միայն երկու դատավոր, մնացած բոլորը, ներառյալ գործող նախագահը, ընտրված են նախորդ Սահմանադրությամբ, ոչ որպես դատավոր, այլ անդամ, ուստի այլևս պաշտոնավարել չեն կարող։ Սա իրավագետ Վահե Գրիգորյանի կողմից իրավական նիհիլիզմի դրսևորում է, քանի որ գործող Սահմանադրության 213 Հոդվածը միարժեք կարգավորում է այս հարցը, ապահովելով անցումային շրջանում Սահմանադրական դատարանի գործունեությունը։ Այս հոդվածը բերում եմ ամբողջությամբ, առաջարկում եմ Վահեին և նրա աջակիցներին նրա հետ ծանոթանալ (թեև համոզված եմ, որ լավ ծանոթ են)

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»:

Երկրորդը՝ Վահե Գրիգորյանը, իրեն վեր դնելով գործող Սահմանադրությունից, ըստ էության, փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ։ Սա շատ վտանգավոր նախադեպ է, քանի որ տանում է երկրում իրավական քաոսի և անօրինականության։ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կոչված է պաշտպանել Սահմանադրությունը, և ոչ թե ոտնահարել այն իր առաջին իսկ հանրային գործողությամբ, այլապես ինչ կարող ենք մենք սպասել հասարակ մահկանացուներից, որոնք վաղը կարող են ոտնահարել ցանկացած օրենք, համարելով, որ դրա իրավունքը ունեն, քանի որ օրինակը տրվել է բարձրագույն դատական իշխանության կողմից։

Եվ երրորդը՝ Վահե Գրիգորյանը, որպես մասնագետ իրավաբան, հրաշալի հասկանում է իրավունքի և օրինականության միարժեքության կարևորությունը։ Նա հասկանում է, որ չի կարող լինել Սահմանադրական դատարանի երկու նախագահ՝ մեկը ընտրված գործող Սահմանադրության տառին համապատասխան, իսկ մյուսը՝ ինքնահռչակված, և որ դա տանելու է հասարակության մեջ հսկայական նոր առճակատման, որի մեջ ներգրավելու են իշխանության կողմնակիցների և հակառակորդների բանակները։ Նա նաև հրաշալի հասկանում է, որ այս առճակատման ելքը բոլորովին էլ կանխորոշված չի, սակայն գնում է նման արկածախնդրության՝ ռիսկի տակ դնելով ոչ միայն իր հեղինակությունն ու ապագան, այլև երկրում քաղաքական կայունությունը և գործող իշխանության հեղինակությունը։

Ես բավական վաղուց ճանաչում եմ Վահե Գրիգորյանին և անկեղծորեն հույս ունեմ, որ նա հետ կգանգնի իր նախաձեռնած արկածախնդիր խաղից։ Սահմանադրական դատարանն ունի գործող Սահմանադրությամբ 2018 թ ընտրված նախագահ, որի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է, և անկախ նրա անձի նկատմամբ առկա տարբեր դիրքորոշումներից, երկրում իրավակարգի պաշտպանության տեսակետից առանցքային է, որ նա շարունակի պաշտոնավարումը, դրանով ապահովելով Սահմանադրության անխաթարությունը, և դրանից բխող օրենքի գերակայությունը մեր երկրում։ Վահեն՝ որպես Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր, դեռ պետք է խոնհարաբար աշխատի ի բարօրություն հասարակության, ցույց տա իր մասնագիտական և առաջնորդական կարողությունները և դրանով արժանանա իր մյուս իրավաբան գործընկերների հարգանքին և վստահությանը, այդ դեպքում գուցե մի հրաշալի օր նրան ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ՝ առանց առճակատման և կասկածելի իրավական մանիպուլյացիաների։

P.S. Այս ակնարկս ուղարկելու եմ Վահեին և առաջարկելու եմ արձագանքել։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը