Կարծիք

08.04.2010 11:59


Էրդողանին ուղղված Քոչարյանի՝ կորած ու գտնված նամակը

Էրդողանին ուղղված Քոչարյանի՝ կորած ու գտնված նամակը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ]Անկարայում տեղի ունեցած դռնփակ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու մասնավորապես Հայոց Ցեղասպանության խնդրին, հայտարարել էր. «Մեր դիրքորոշումը այս խնդրի շուրջ հստակ է. պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»: Էրդողանն այնուհետ հիշեցրել է, որ 2005 թվականին ինքը նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի պատասխանը, սակայն, մինչ օրս Անկարան չի ստացել: Էրդողանի այս հայտարարությունը առնվազն տարակուսանք հարուցեց, քանի որ դժվար թե հայկական կողմը դիվանագիտական այն աստիճան աննրբանկատություն թույլ տված լիներ, որ արհամարհեր հարեւան երկրի բարձրաստիճան պաշտոնյանի ուղարկած նամակը: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «7օր»-ին հայտնել էր, որ Էրդողանի նամակին Քոչարյանը պատասպանել է դեռեւս 2005 թվականի ապրիլի 25-ին: Հիշեցնենք, որ հինգ տարվա վաղեմություն ունեցող այդ նամակում, որն Էրդողանն ուղարկել է 2005 թ ապրիլի 10-ին (այն տեղ էր հասել ապրիլի 18-ին), Թուրքիայի վարչապետն առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915 թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»: Թուրք պաշտոնյան նաեւ համոզմունք էր հայտնել, որ «նախաձեռնությունը լույս կսփռի մեր պատմության վիճելի հատվածի վրա եւ կդառնա երկու երկրների հարաբերությունները կարգավորող քայլ»:                          Եթե թերթելու լինենք այդ օրերի մամուլը, ապա գտնենք հիշյալ առեղծվածային նամակին տրված Քոչարյանի պատասխան նամակը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ»: «Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը»: Քոչարյանի նամակում ասվում է նաեւ. «Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»: Նամակի վերջում նախկին նախագահը նշում է, որ ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով' քննարկելու երկու երկրների միջեւ առկա ամեն խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները «նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»: Ինչ խոսք, բովանդակային առումով Քոչարյանի նամակն անհամեմատելի է հայ-թուրքական արձանագրությունների հետ, այն իմաստով, որ առաջինում, ըստ էության, մերժվում է որպես այդպիսին, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը' փոխարենն առաջարկվում է միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափը, իսկ երկրորդում ուղիղ տեքստով հիշատակում կա պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Սակայն,  եթե հավատալու լինենք Էրդողանի' օրեր առաջ Անկարայում արած պնդմանը, ապա «մերժողական» շեշտադրումներ պարունակող նամակն այս Թուրքիա չի հասել ու ստացվում է, որ Էրդողանը 5 տարի է' նստած սպասում է, թե ե՞րբ է վերջապես Հայաստանի նախկին նախագահն իրեն պատասխանելու: Եթե ճիշտ է Էրդողանի պնդումը, եւ առկա է  Քոչարյանի պատասխան նամակի փաստը, ապա  հարց է առաջանում' իսկ ո՞ւր է այն անհետացել, արդյո՞ք հայկական կողմն այն չի ուղարկել հասցեատիրջը' բավարարվելով ընդամենը դրա բովանդակությունը հանրայնացնելով:  Մյուս կողմից էլ, սակայն, այդ նամակին պատասխանել-չպատասխանելու հարցն այլեւս ժամանակավրեպ խնդիր է, քանի որ, ինչպես արդեն ասացինք, Թուրքիան ՀՀ գործող նախագահից ստացել է այն, ինչին մերժում է տրվել նրա նախորդի նամակում' պատմաբաններից բաղկացած ենթահանձնաժողովի ստեղծում:  

Հեղինե Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը