Մեկնաբանություն

18.06.2019 12:36


Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանն իր խոսքի արժեքը չի գնահատում։ Քանզի չի հարգում այն ժողովրդին, որին հղում անելով՝ փորձում է գերմենաշնորհային իշխանություն հաստատել։ Դա է պատճառը, որ նա հանգիստ կարող է ստել, հետ կանգնել իր խոսքերից, ասել մի բան, բայց հետո անել հակառակը կամ «մոռանալ» ասածի մասին։

Վերջին մեկ տարին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն, իրոք, որևէ «իզմ»–ի ջատագով չէ։ Նա մի օր կարող է լիբերալ խաղալ, հաջորդ օրը՝ սոցիալիստ, հետո՝ ազգայնական, ապա՝ քիրվայական։

Պոպուլիզմն ու կոռուպցիոնիզմն են նրա հիմնական «իզմ»–երը, ինչը չի ենթադրում հետևողականություն և սկզբունքայնություն։

Կան, սակայն, բաներ, որոնց առումով «ժողովրդի» վարչապետը հետևողական է։ Դրանք են՝

1. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը,

2. Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության ավելացումը և հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն առաջացնող տեղեկատվական դիվերսիային աջակցումը,

3. հայ ժողովրդին «խաղաղության» նախապատրաստումը,

4. հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատացումը։

Նշված 4 ուղղություններով նա հետևողական է վարչապետ դառնալու առաջին օրվանից։ Այդ 4 կետերն, ի դեպ, միմյանց հետ փոխկապակցված են և առնչվում են մեր երկրի անվտանգությանը։ Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Նա իր անձնական շահերը, բարդույթները և աթոռը դրել է Հայաստանի ու Արցախի շահերի հակառակ նժարի վրա։ Պետական դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ–ն ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին հրավիրել է զրույցի այն բանից հետո, երբ նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նկատենք, որ ռազմավարական դաշնակիցների փոխհարաբերություններում սա աննախադեպ է։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դերի մեջ է մտնում։ Թե ինչի կարող է հանգեցնել դա, հիշեցնելու կարիք չկա։

Գիտակցո՞ւմ է իր քայլերը Փաշինյանը, թե՞ ոչ, արդեն էական չէ։ Ի՞նչ կապ ունի, թե Հայաստանի ու Արցախի շահերի դեմ արվող քայլերը պլանավորվա՞ծ գործողությունների, թե՞ քաղաքական անմեղսունակության ու հոգեխանգարմունքի հետևանք են։

Հ.Գ.–2։ Եգիպտոսի բանտում մահացել է Փաշինյանի կոլեգան՝ Մուրսին։ Վերջինիս թիմակիցները բանտում են։

Իշխանությունը հեղափոխության միջոցով զավթելուց հետո Մուրսին այնքան համը հանեց ու այդ երկրի շահերի դեմ հիմար քայլեր արեց, որ զրկվեց իշխանությունից և հայտնվեց բանտում։

Այս պատմությունը պետք է որ անհանգստացնի «թավշյա» տղաներին ու աղջիկներին, ովքեր այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը ֆեյսբուքյան իրենց էջերից փութաջանորեն ջնջելու են այն նկարները, որտեղ իրենք քայլում ու սելֆի են անում «ժողովրդի» թեկնածուի հետ, «դուխով» գրությամբ գլխարկ կրում և դըմփ–դըմփ–հո՛ւ անում։ Այսինքն՝ ջնջելու են «իրեղեն ապացույցները»։

Այս խորագրի վերջին նյութերը