Մեկնաբանություն

17.06.2019 16:35


Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Այսօր շատ խորհրդանշական ակցիա էր տեղի ունեցել Հանրապետության հրապարակում: Ավելի կոնկրետ՝ կառավարության շենքի դիմաց:

ՀՀ քաղաքացի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 բազմաբնակարան շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը փուչիկներով զարդարված էշի ուղեկցությամբ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացու ձեռքին պաստառ կար, որի վրա գրված էր՝ «Թան խմեք, դինջացեք»։

Նա ասաց, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։

Իր այդ ակցիայով քաղաքացին բողոքում էր ապօրինության դեմ:

Թե ինչ էր նա ուզեցել ասել էշի վրա թան բարձելով ու հատկապես էշին կառավարության դիմաց բերելով, կարելի է միայն կռահել:

Էշը, ինչպես հայտնի է, խելք չունենալու խորհրդանիշն է: Այդ կենդանին հայտնի է նաև իր համառությամբ:

Պապիկը երևի ուզեցել էր ասել, որ այս գործադիր իշխանությունը համառորեն չի լուծում քաղաքացու խնդիրները: Այլ կերպ ասած՝ Փաշինյանի թիմն էշի տեղ է դնում իրեն հավատացողներին:

Դե, իսկ թան խմելու և դինջանալու կոչն ակնհայտորեն ուղղված էր թանի ոչ անհայտ սիրահարին, որը ոչ մի կերպ չի զբաղվում կոնկրետ գործով, այլ շարունակում է հանրահավաքներն արդեն կաբինետներում:

Թե կոնկրետ ինչ լուծում կստանա քաղաքացու բողոքը, դժվար է ասել:

Մեկ բան հստակ է՝ եթե կառավարությունը համառորեն չնկատի քաղաքացիներին հուզող խնդիրները և նույնպիսի համառությամբ զբաղվի ոչ իր գործառույթներով, ապա մեծ է հավանականությունը, որ ավանակների քանակը կառավարության շենքի դիմաց կշատանա, ու չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը