Կարծիք

17.06.2019 15:40


Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն

Ինչո՞ւ 2018-ի դեկտեմբերին հանրությունն ընտրեց «Իմ քայլը» կոալիցիան, որի անդամների ճնշող մեծամասնությունն իրեն բացարձակապես անծանոթ էր: Դա ի՞նչ ընտրություն էր, և արդյոք հանրություններն ընտրում են իրենց կամքո՞վ՝ որոշակի չափորոշիչներից, սկզբունքներից, պատկերացումներից ելնելո՞վ, թե՞, այնուամենայնիվ, հանրությանը դրդում են ընտրություն կատարել` այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ այլ ելք չի մնում:

Ժամանակին ընտրելու և ընտրվելու իրավունքը պատկանում էր որոշակի խավի: Հին Հունաստանում ընտրելու իրավունք ունեին միայն այն քաղաքացիները, որոնք որոշակի տարիքի էին հասել, ունեին ընտանիք և բավարարում էին որոշակի ունեցվածքային ցենզի: Իմաստը պարզ է՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալու համար պետք է ունենալ կորցնելու բան և լինել պատասխանատու սեփական որոշումների համար։

Նույն մոտեցումը, տարբեր վարիացիաներով, պահպանվել է ընդհուպ մինչև 20-րդ դարի առաջին կեսի Եվրոպայում: Ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել ըստ տարիքի, քաղաքացիության, ռասսայի ու ազգության, ունեցվածքի, սեռի, կրթության մակարդակի, անգամ՝ բարոյական նկարագրի։ 20-րդ դարի կեսերից երկրներն անցում են կատարում համընդհանուր ընտրելու իրավունքի, սակայն այդ երկրների էլիտաները ստիպված են իրենց գերազանցությունն ապահովելու համար այլ եղանակներ ընտրել՝ ոչ թե սահմանափակել ընտրելու իրավունքը, այլ նոր տեխնոլոգիաներով հանրությանը դրդել կատարել այն ընտրությունը, որն իրենց պետք է։

«Դրդելը» և «ուղղորդելն» այն փափուկ եղանակներն են, որոնց վրա կառուցվում են «ընտրական ներկայացումները», որոնց ժամանակ մարդկանց տալով ընտրելու հնարավորություն՝ նրանց իրական ընտրության հնարավորություն չեն ընձեռում։

Հանրությանը մանիպուլյացիաների ենթարկելն արդեն գիտության է վերածվել, որին մասնակցում են հոգեբաններ, IT մասնագետներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, մաթեմատիկոսներ, փիլիսոփաներ և այլք։

Լավագույն մեթոդներից մեկը ոչ կոմպետենտ փորձագիտական տեսակետներով զանգվածներին ապակողմնորոշելն է։

Մյուս կողմից, կուսակցություն ստեղծելու կամ ընտրություններին մասնակցելու համար պետք են զգալի միջոցներ։ Ըստ էության, ընտրվելու համար պետք է ունենալ լուրջ ֆինանսական, կազմակերպչական ու տեխնոլոգիական միջոցներ կամ քաղաքական հովանավորներ։

Կան ավելի կոպիտ եղանակներ, երբ հանրությանն ահաբեկում են և ստիպում կատարել ցանկալի ընտրությունը։ Դրա համար մատնանշում են արտաքին կամ ներքին թշնամիներ, ստեղծում այնպիսի իրավիճակներ, երբ հանրությունը հայտնվում է հոգեբանական շանտաժի տակ։

Մեխանիկորեն ընտրություն կատարելը և բովանդակային ընտրություն կատարելը՝ ըստ ազատ կամքի, տարբեր հասկացություններ են։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը դժվարանում է գիտակցված ընտրություն կատարել, և մարդկանց դրդում են «ընտրություն» կատարել։

Հիմա վերադառնանք մեր իրականությանը։ Հասկանալի է, որ վերջին երեսուն տարվա ընթացքում Հայաստանի ընտրությունները եղել են պարտադրված. սկզբնական փուլում այդ ամենն արվում էր կոպիտ եղանակներով, հետագայում, հատկապես Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի վերջին ընտրությունների ժամանակ՝ ավելի նուրբ տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն 2018-ի ԱԺ ընտրություններն անցան բացարձակապես այլ մեթոդոլոգիայով։

Սկզբնական փուլում հանրությունը մասնակցեց Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու գործողություններին, որից հետո առաջացավ հաջորդ հարցը՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ։ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց նոր թեզ՝ վարչապետ պետք է լինի «ժողովրդի թեկնածուն», այսինքն՝ ինքը։ «Ժողովրդի վարչապետի» հարցը լուծելուց հետո առաջ եկով նոր թեզը՝ կա հակահեղափոխության վտանգ, և դրա համար պետք է ունենալ ժողովրդի քաղաքապետարան, ժողովրդի խորհրդարան, ժողովրդի տնտեսություն, ժողովրդի դատարաններ ․․․․։

Հանրությանը պարբերաբար շանտաժի ենթարկելը, ահաբեկելը նույնպես հայտնի և լավ աշխատող քաղաքական տեխնոլոգիաներ են, սակայն նման տեխնոլոգիաների էֆեկտը կարճ է աշխատում. երկարատև ժամանակային կտրվածքում դա չի կարող աշխատել։

Կարծես թե հանրության ահաբեկման շրջանն ավարտվում է, և «ընդդեմ» գաղափարի ձևավորված խորհրդարանը և կառավարությունը նույն կերպ շարունակել այլևս չեն կարող․ կա՛մ նրանք հանրությանը մոբիլիզացնելու են ստեղծագործական դրական գաղափարների շուրջ, կա՛մ մենք գնում ենք քաղաքական ցնցումների ճանապարհով։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը