Մեկնաբանություն

17.06.2019 11:40


Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Կիրակի օրը տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը հերթական անգամ հաստատեց ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հնչեցրած հայտնի բանաձևը. «Ինչ կուսակցություն էլ որ սարքում ենք, վերջում ԽՄԿԿ է ստացվում»։

ՔՊ–ում հնչեցրած ելույթները ցույց տվեցին, որ Փաշինյանը հանրահավաքային դիջեյից ոչ մի կերպ չի կարողանում դառնալ պետական գործիչ ու վարչապետ։ Նրա ու իր թիմի մոտ անձնական հաջողություններից գլխապտույտ է առաջացել։ Նրանց թվում է, որ աշխարհը պտտվում է իրենց շուրջը։ Իրենք զարմացած են իրենց վրա, ու դա արդեն պաթոլոգիկ դրսևորումներ է ստանում։

Ջորջ Օրուելի նկարագրած ժանրի կանոնների համաձայն՝ համաժողովի ժամանակ կրկին ներկայացվեցին մութ ուժերի մասին պատումներ, և խոստացվեց անողոք պայքար նույն այդ մութ ուժերի դեմ։ Ո՛չ մի ծրագրային խոսք, ո՛չ մի գաղափար, ո՛չ մի կառուցողական խոսք։

Համաժողովը, բնականաբար, լի էր դեմագոգիայով, փարիսեցիությամբ ու ստով։

Ֆեյքաբուծարանների տիրակալը սրտնեղում էր ֆեյքերից ու չգրանցված աշխատատեղերից։ «Լայք» մուրացող ու «լայք» գնողները խոսում էին դրա դեմ։

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նոր կազմին ու վարչության նոր նախագահին, ապա այստեղ գործ ունենք մի քանի դետալի հետ։

Նախ՝ նկատենք, որ վարչության նոր կազմում չհայտնվեցին կուսակցության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրերս ՔՊ–ական դարձած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև «սորոսական» համարվող ու հեղափոխությունից հետո ՔՊ–ում հայտնվածները։ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունից նույնպես մարդ չկա ՔՊ ղեկավար կազմում, այսինքն՝ նրանք մերժվեցին Նիկոլի կողմից, հատկապես Դավիթ Սանասարյանը։

ՔՊ 21–հոգանոց վարչության կազմի մեծամասնությունը նախկինում եղել է Լևոն Տեր–Պետրոսյանին կից «յուգենդական» թիմում՝ «Հիմա» նախաձեռնության մեջ։ Ասել է թե՝ ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։

ՔՊ վարչության կազմում Կոտայքի շվոնդեր մարզպետի հայտնվելը և Սասուն Միքայելյանի չհայտնվելը ցույց են տալիս, որ Փաշինյանենք խրախուսում են մարտնչող տգիտության մարմնավորում հանդիսացող Ռոմանոսի տեսակն ու ծանր են տարել Աբովյանի պարտությունը՝ չներելով Սասունի չխառնվելն այդ ընտրություններին, թեև նրա խառնվելը, մեծ հաշվով, բան չէր փոխելու։

Սասուն Միքայելյանն «էն գլխից» օտար էր երիտքայլարածների համար, և այդ օտարությունը «փաստաթղթային» տեսք ստացավ։ Միքայելյանին չօգնեց անգամ «2018–ին տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» ձևակերպումը։ Նա ճիշտ էր որսացել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության փիլիսոփայությունը և ուղղությունը, բայց նրան չհավատացին։ Արցախյան ազատամարտին մասնակցած ցանկացած մեկը մերժելի է Փաշինյանի ու նրա երիտքայլարածների համար։ Այնպես որ, Սասունը շանս չուներ։

ՔՊ վարչության կազմի աչքի ընկնող մյուս կողմն այն է, որ դա կարելի է համարել բանակից «թռածների» հավաքական։

Արձանագրվեց, որ վարչության մեջ զուտ իներցիայի ուժով է մնացել փոխվարչապետ աշխատող Տիգրան Ավինյանը, քանզի զգացվում էր նրա օտարված կարգավիճակը։

Ինչ վերաբերում է վարչության նոր ղեկավար Սուրեն Պապիկյանին, ապա նա ընդամենը տեղապահ է։ Փաշինյանը Պապիկյանին դարձնելով վարչության նախագահ՝ ցույց տվեց, որ ՔՊ–ն ոչ թե իր ձեռքի խաղալիքն է, այլ գրպանի թաշկինակը։ Պապիկյանին կուսակցության ղեկավար դարձնելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե, իբր, իրենք սուպերլիդերների համակարգից, իրոք, հրաժարվել են, ու ՔՊ–ն ժողովրդավար համակարգ ունի, բայց դա դեմագոգիա է։

Մի խոսքով, նոր ԽՄԿԿ–ի վերածված ՔՊ–ում ամեն ինչ եղավ կանխատեսվածի համաձայն։ Փաշինյանն իր գլխավոր ստուկաչին, վարորդին, զարմիկին, հաստիքային քծնողին, արտահաստիքային զոնտիկ բռնողին, թրաշված ու անթրաշ քայլարածներին, «պիլասոսին», պրոֆեսիոնալ իդիոտին, անչափահաս անթրաշամանուկին, Լենայի ամուսնուն, ծովերի տիրակալ անմեղսունակին, «ատամնատեխնիկ» այն աղջկան ու պրոֆեսիոնալ դիլետանտին (ում մոռացա նշել, թող ինձ ների) հավաքեց մի տեղ։ Այլ բան չէր էլ սպասվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը