Կարծիք

16.06.2019 13:15


Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հարկային օրենսդրության բարեփոխո՞ւմ, թե՞…

Հարկային բարեփոխման անվան տակ այս կառավարությունը, հրաժարվելով պրոգրեսիվ հարկից, հարկային համահարթեցում է անում, որի արդյունքում պետբյուջեն կզրկվի հսկայական գումարից, որը կմնա բարձր աշխատավարձ ստացող բարեկեցիկ կյանքով ապրողներին: Հարց է առաջանում՝ ո՞րն է դրա իմաստը. չէ՞ որ մեր երկրում հենց այդ մարդիկ են, որ կարիք չունեն լրացուցիչ ֆինանսական աջակցության, ինչո՞ւ է մեր պետությունը զրկում իրեն առանց այն էլ խիստ սահմանափակ ֆինանսական մուտքերից հանուն այդ մարդկանց:

Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում մարդկանց սոցիալական վիճակի համար, չնայած եթե դա էլ գրված չլիներ, միևնույնն է՝ պետությունը պարտավոր է ապահովել մարդկանց սոցիալական գոնե նվազագույն պահանջները, էլ չխոսեմ մարդկանց արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ապահովելու պետության պարտավորության մասին:

Հիմա այդ նոր օրենքով պետությունը զրկում է իրեն բարեկեցիկներից լրացուցիչ գումարներ վերցնելու և դրանք աղքատության հաղթահարման ծրագրերին ուղղելու հնարավորությունից:

Դո՛ւրս եկեք Երևանից ու գնացեք մարզեր, տեսեք՝ ինչ վիճակ է այնտեղ. այնպիսի տպավորություն է, կարծես մասսայական բնաջնջման զենք է կիրառվել՝ ամենուրեք կիսավեր շենքեր, աղքատություն, չկան նորմալ ճանապարհներ, գյուղերում դպրոցները շուտով կսկսեն փլվել երեխաների վրա, մանկապարտեզ ունենալը հասու է միայն շատ քիչ գյուղերի, դեռևս սովետական ժամանակներում կառուցված մշակույթի տներն ու գյուղապետարանները անբարեկարգ ու փնթի վիճակում են, նույնը բուժկետերի մասով կարելի է ասել՝ կամ ընդհանրապես չկան, կամ էլ կիսավեր վիճակում են գտնվում: Ոռոգման համակարգերն ահավոր վիճակում են, ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգերը՝ նույնպես, ո՞ր մեկն ասեմ: Այս վիճակը պիտի շտկվի՞, թե՞ ոչ, եթե այո, ապա դրա համար փող է հարկավոր, առանց այդ էլ այդ փողը շատ քիչ է, ահավոր քիչ է: Բայց արի ու տես, որ մեր նոր կառավարությանը նույնիսկ այս վիճակը չի բավականացնում. նրանք, ըստ երևույթին, ուզում են ավելի վատթար վիճակի արջև կանգնեցնել մեր երկիրը, որպեսզի մարդիկ, այլևս ոչ մի բանի վրա հույս չդնելով, գլուխներն առնեն և օր առաջ փախչեն այս երկրից:

Փաշինյանը ներառական տնտեսությունից է խոսում, սակայն այնպիսի օրենքներ է ընդունում, որոնք ուղիղ հակառակ արդյունքն են ունենալու, ու այս վիճակը միայն այս մեկ օրենքի մասով չի, որ այսպես է. «թավշյա հեղափոխականների» մոտ, կարծես թե, արդեն նորմա է դարձել դա բոլոր առումներով՝ ասել մի բան, սակայն անել ուղիղ հակառակը, խոսել երկրի համար լավ բաներից, սակայն նպատակաուղղված կերպով գործել երկրի դեմ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը