Մեկնաբանություն

16.06.2019 08:50


ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորը» Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական շահերի սպասարկու–փաստաբան և ՀԱԿ–ին կից իրավաբան Վահե Գրիգորյանն է։

Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցի ժամանակ Փաշինյանն, ըստ Ֆրեյդի, Գրիգորյանի մասին խոսելիս բերանից «թռցրեց» «ՍԴ նախա ...» ձևակերպումը։ Ճիշտ է, կեսից նա կանգ առավ ու օգտագործեց «ՍԴ դատավոր» ձևակերպումը, բայց դե, Ֆրեյդի էֆեկտն իրենն արդեն արել էր։ Այդպիսով Փաշինյանն ակամայից բացահայտեց իր ապագա ծրագրերը՝ Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու և դատական իշխանությունը վերից վար սեփականաշնորհելու առումով։

Նկատենք, որ ի դեմս Վահե Գրիգորյանի՝ պետական պաշտոնի է գործուղվում հերթական լևոնական կադրը՝ այդպիսով ևս մեկ անգամ հաստատելով այն թեզը, որ 2018–ի մայիսից մենք ստացել ենք ՀՀՇ–ական թերմացքի իշխանություն։ Սա լևոնական իշխանության ռեինկարնացիան է՝ Նիկոլի դեմքով։

Ինչ մնում է Վ. Գրիգորյանի բուն թեկնածությանը, ապա այն ոչ լեգիտիմ է։

Դատե՛ք ինքներդ. եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։

Գրիգորյանը Սարգսյանին՝ վերջինիս նշանակման պահին ոչ լեգիտիմ էր համարում, քանզի գտնում էր, որ նրան պետք է նախագահ ընտրեր ոչ թե խորհրդարանը, այլ նախագահը պետք է ընտրվեր ՀՀ քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ։ Բացի այդ՝ Արմեն Սարգսյանի ձեռամբ ՍԴ անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը նույն Արմեն Սարգսյանին համարում էր տխմարագույն դեմագոգ։

Փաշինյանն էլ իր հերթին բարձրացնում էր Ա. Սարգսյանի քաղաքացիության ու մշտական բնակության հարցը՝ նրան այդ հիմքով ոչ լեգիտիմ համարելով։ Ճիշտ է, Փաշինյանը հետագայում պնդեց, որ տեսել է «բարաթը» և կարող է ասել, որ Սարգսյանի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց դա ավելի շուտ ստվերային գործարքի էր նման, այլ ոչ թե ճշմարտության, քանզի թուղթն այդպես էլ հանրությունը չտեսավ։

Եվ այսպես, Արմեն Սարգսյանի ոչ լեգիտիմության հիմքերը չեն վերացել, ինչը նշանակում է, որ ոչ լեգիտիմ է այս ԱԺ–ն, ոչ լեգիտիմ են այս ԱԺ–ի կողմից ընտրված վարչապետը և կառավարությունը։ Ոչ լեգիտիմ է, բնականաբար, նաև Վահե Գրիգորյանը՝ որպես ՍԴ անդամի թեկնածու, քանզի առաջադրված է իր իսկ կողմից ոչ լեգիտիմ հռչակված Արմեն Սարգսյանի կողմից։

Ուշագրավն այն է, որ Վահե Գրիգորյանն օրերս պնդեց, որ մնում է իր՝ նախկինում հնչեցրած կարծիքին ու ոչ լեգիտիմ է համարում Սարգսյանին։ Նա, իհարկե, մի փոքր լղոզված դա ասաց, բայց ասածի իմաստը հենց դա էր։ Այնպես որ ...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը