Մեկնաբանություն

12.06.2019 14:45


Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի ամենասիրած կադրը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է։ Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի», ուղեղի ներքին պարունակության մասին հսկայական տեղեկություն տվող արտաքին և դատարկություն. սա Ռոմանոսն է։ Հետհեղափոխական Հայաստանի խորհրդանիշերից մեկը։

Ռոմանոսը նիկոլական պաշտոնյայի քայլող նմուշ է՝ դատարկ ու մարտնչող։

Դատելով ամենից՝ Ռոմանոս Պետրոսյանը չի հանգստանում։ Ավելի ճիշտ՝ չի հանգստանում նրա տերը՝ Նիկոլ Փաշինյանը։ Աբովյանում ստացած ապտակը շատ ծանր են տարել «թավշյա» տղաներն ու աղջիկները (Սասուն Միքայելյանի մոտ ճիշտ հակառակ հոգեվիճակն է. նրան ձեռնտու էր, որ Ռոմանոսը պարտվի, քանզի Հրազդանում կոնֆլիկտ կա Սասունի քաղաքապետ տղայի ու Նիկոլի մարզային այդ «կոմիսարի» միջև՝ բնականաբար, ոչ առանց Նիկոլի «պասի»)։

Կոտայքի մարզպետին պտտեցնում են իշխանական բոլոր լրատվամիջոցներով, ու նա բոլոր տեղերում թութակի պես նույն բանն է կրկնում։ Ռոմանոսը հեռուստատեսային ու համացանցային «աստղ» է դարձել։

Անգիր արած տեքստի արտաբերման հերթական հարթակը հարկատուներիս հաշվին գործող Հ1–ն էր։ Ռոմանոսը կրկին խոսում էր Աբովյանում արժանապատիվ քաղաքացու պարտության մասին։ Եվ այն մասին, թե ինչպես է համատեղվում ժողովրդավարության ու հեղափոխության հաղթանակը արժանապատիվ քաղաքացու պարտության հետ։

Ըստ Փաշինյանի սրտի մարզպետի՝ ստացվում է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաղթում, ապա ապրիորի պարտվում է արժանապատիվ քաղաքացին։ Ստացվում է նաև, որ Աբովյանում անարժանապատիվ քաղաքացիներն են ընտրել իրենց քաղաքապետին, ու ժողովրդավարությունը հաղթել է անարժանապատիվ քաղաքացու միջոցով։

Եթե «քամենք» Կոտայքի շվոնդեր մարզպետի միջոցով հանրությանը փոխանցված Փաշինյանի մտքերը, ապա կարող ենք գալ այն եզրակացության, որ Հայաստանում նախորդ տարվա հեղափոխության արդյունքում իշխանության է եկել նեոբոլշևիկյանի ու ֆաշիստականի համաձուլվածք հանդիսացող ուժ, որը ժողովրդի անունից հանդես գալով՝ փորձում է գերմենաշնորհային դարձնել քաղաքական դաշտն ու այն դնել մեկ մարդու ազդեցության տակ։

Փաշինյանի թիրախներն այժմ երկու համակարգեր են՝ դատական իշխանությունն ու տեղական ինքնակառավարումը։ Օրենսդիրն ու գործադիրը նա սեփականաշնորհել է։ Դատականն ուզում է Հիտլերի ստեղծած «Ժողովրդական դատարանների պալատի» պես ռեպրեսիվ ապարատի վերածել, իսկ համայնքներում ոչնչացնել ցանկացած այլընտրանք։

Աբովյանում արժանապատիվ քաղաքացիները «ո՛չ» ասացին մեր տնաբույծ ֆյուրերիկին։ Հենց դա է պատճառը, որ մարտնչող տգիտության մարմնավորում Կոտայքի մարզպետը եթերից տուն չի գնում։ Նրա շուրթերով Փաշինյանը սպառնում է «արժանապատիվ» քաղաքացու միջոցով խմբագրել իրենց իսկ գնահատմամբ ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, ընդ որում՝ ոչ միայն Աբովյանում, այլ բոլոր գյուղերում ու քաղաքներում, դատական բոլոր ատյաններում, ՍԴ–ում, ԲԴԽ–ում և այլուր։ Եվ այս ուժը խոսում է ժողովրդավարությունի՞ց։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը