Մեկնաբանություն

07.04.2010 17:48


Մետրոն և ԱԺ պատգամավորները

Մետրոն և ԱԺ պատգամավորները

Ինչպես հայտնի է, մետրոն ամենաէժան փոխադրամիջոցն է, որից հիմնականում օգտվում են միջին  և ստորին խավի ներկայացուցիչները։ Հայաստանում նույնպես այդպես է։ Մետրոյի ժետոնի սակագինը 50 դրամ է՝ մյուս բոլոր փոխադրամիջոցների համեմատ ամենաէժանը։ Հետաքրքիր էր պարզելը, թե ազգիս ընտրյալները որքանով են տեղյակ մետրոյին վերաբերող հարցերին։

Թե որքա՞ն հաճախ են, օրինակ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները շրջում մետրոյով և գիտե՞ն արդյոք՝ մետրոյի սակագինը որքան է, փորձեցինք ճշտել հենց իրենցից։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չգիտեր. մետրոյով չի շրջում։

-Վերջին անգամ մետրո երևի մի 10 տարի առաջ եմ նստել,-ասաց նա։

Նույն իրավիճակում էր նաև նրա կուսակից Հովհաննես Մարգարյանը։

-Ես գյումրեցի եմ, և Գյումրիում մետրո չկա, որ երթևեկեմ։ Այստեղ ընդամենը գալիս եմ աշխատանքի,-նշեց Հ. Մարգարյանը։

ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) էլ  ժետոնի գինը չիմանալը կապեց գյուղի հետ.

-Մետրո չեմ նստում։ Գյուղերում որ լիներ, կնստեի։

Մետրոյի ժետոնի սակագինը չգիտեր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը.

-Վաղուց մետրոյով չեմ երթևեկել։ Եթե երթևեկել եմ, ընկերներով ենք եղել, նրանք իմ փոխարեն վճարել են։ Մտքովս էլ չի անցել հարցնել սակագինը։

Փոխարենը ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, միանգամից պատասխանեց, որ սակագինը 50 դրամ է։

-Ես պարբերաբար՝ շաբաթվա մեջ առնվազն 2 անգամ, օգտվում եմ մետրոյից, որովհետև մեր տունը «Բարեկամություն» կայարանից մեկ կանգառ վերև է, և ես սիրում եմ և՛ մետրոյից էլ օգտվել, և՛ երթուղային տաքսիներից, որոնց սակագինն էլ 100 դրամ է,-ասաց Ն. Զոհրաբյանը։

Մետրոյի ժետոնի սակագինը գիտեր նաև ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուսատմյանը, թեև նա մետրոյից չի օգտվում.

-Ինձ մետրոն հարմար չէ։  Զեյթունում եմ ապրում, այնտեղ մետրո չկա, ուզենամ էլ, չեմ կարող մետրոյից օգտվել։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ դժվարությամբ հիշեց սակագինը, քանի որ, ինչպես ինքն ասաց, վերջին տարիներին բախտ չի վիճակվել մետրո մտնել.

-Բայց մի անգամ մտա, ինչ-որ ժետոն տվեցին, ուղղակի չեմ հիշում՝ ի՞նչ արժեր։ Կարծեմ 50 դրամ էր։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ մոտ 2 տարի առաջ է մետրոյով երթևեկել և հիշում է, որ այն ժամանակ ժետոնը 50 դրամ արժեր։

-Մետրոյի սակագինը 100 դրամ է,-սա էլ հայտարարեց մեկ այլ հանրապետական՝ Կարեն Ավագյանը։-Վերջին անգամ աշնանն եմ երթևեկել։ Ոչ ամեն օր, բայց ժամանակ առ ժամանակ ես մետրոյից օգտվում եմ։

Իսկ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հիշում է, որ ոչ վաղ անցյալում մետրոյից հաճախ էր օգտվում.

-Վերջերս ենք ընկերներով երթևեկել. եթե չեմ սխալվում, 10-12 օր առաջ։ Բայց, ճիշտն ասած, տեղյակ չեմ սակագնից՝ օբյեկտիվ պատճառներով. ժետոնը ես չեմ գնել։ Բայց ուսանող ժամանակ բավական հաճախ օգտվել եմ, իմ սիրած տրանսպորտի միջոցներից է եղել զուտ այն պատճառով, որ լիքը հասարակություն, ժողովուրդ կա, շփվում են և այլն։

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ մետրոն կարոտում է.

-Աշխատանքի գնում եմ և աշխատանքից տուն եմ վերադառնում հիմնականում ոտքով. քայլել սիրում եմ։ Մենք ապրում ենք բշժկական ինստիտուտի հարևանությամբ։ Իսկ մետրոյին կարոտում եմ և շաբաթ օրերը մետրոյով եմ գալիս աշխատանքի, մետրոյով էլ գնում եմ։

Մետրոյի սակագինը, սակայն, Վ. Դալլաքյանը չէր հիշում։

Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության բոլոր այն պատգամավորները, ում մենք մոտեցանք, առանց վարանելու պատասխանեցին, որ ժետոնի սակագինը 50 դրամ է։

-Վերջին անգամ մի քանի օր առաջ եմ երթևեկել։ Ոչ շատ հաճախ, բայց օգտվում եմ մետրոյից,-նշեց Զարուհի Փոստանջյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ է բավական հաճախ օգտվում փոխադրամիջոցի այս տեսակից.

-Վերջին անգամ երեկ եմ մետրոյից օգտվել։ Ցավում եմ, որ Հայաստանում մետրոպոլիտենի ցանցը զարգացած չէ։ Կարծում եմ՝ աշխարհի բոլոր երկրներում ամենահարմարավետ տրանսպորտային միջոցը, որ ես նաև նախընտրում եմ օգտագործել, մետրոպոլիտենն է։

Մետրոյից հաճախ է օգտվում նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, քանի որ նրանց տան միակ ավտոմեքենան հիմնականում ծառայում է ընտանիքի անդամներին տեղափոխելու նպատակին.

-Ոչ միայն մետրոյով, հիմնականում նաև երթուղային տաքսիներով եմ շրջում, որովհետև «ժողովրդի մասին մտածող» քաղաքապետարանն այնպես է արել, որ 16 թաղամասից մինչև ամենամոտիկ մետրոյի «Բարեկամություն» կայարան ավտոբուս չի աշխատում։ Բացառապես աշխատում են երթուղայիններ, որոնք հայտնի պատգամավորների ենթակայության տակ են։ Գծատերերը պատգամավորներ են, և ավելի քան 20 000-ի չափ բնակչություն ունեցող թաղամասից որևէ ավտոբուս չկա, որ գնում է մետրո։ Մինչդեռ մինչև 15 թաղամաս գալիս են ավտոբուսները, և ընդամենը այդ 300-500 մետրը, որ պետք է պտույտ կատարեն, հատուկ պտույտ չեն կատարում։

Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ տրանսպորտային խնդիրները կարելի է լուծել բացառապես մի դեպքում. եթե մետրոյի մեկ ճյուղ անպայման գնա Աջափնյակ, մեկ ճյուղ՝ Կոմիտաս, մեկ ճյուղ՝ դեպի Նոր Նորք համայնք։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը