Մեկնաբանություն

12.06.2019 11:50


Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործով դատախազության բողոքների քննությունը։

ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանի «կանտոռան» բողոքարկել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու (խոսքը Արցախի նախկին ու գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորությունների մասին է), ինչպես նաև գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումները։

Վերաքննիչ դատարանում, ըստ այդմ, Արմեն Դանիելյանը ոչ այնքան իրավական, որքան պատմաքաղաքական որոշում պետք է կայացնի՝ ելնելով օրենքի տառից։

Դանիելյանը, ով իր աշխատանքային պրակտիկայում աչքի է ընկել դատախազությանը միշտ «այո» ասելով, հիմա պետք է շարժվի օրենքով, այսինքն՝ «ոչ» ասի դատախազության հայցին։

Եթե Դանիելյանն «այո» ասի դատախազությանը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կապրիզների կամակատարին, դա կնշանակի, որ «ոչ» է ասում Արցախի 2–րդ և 3–րդ նախագահներին, ինչպես նաև գնում է Արցախի 1–ին ու ՀՀ 2–րդ նախագահի դեմ, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ Երևանում «ոչ» են ասում Ստեփանակերտին, ինչպես նաև Հայաստան–Արցախ միասնության գաղափարին։ Նման նվեր Ադրբեջանին արժե՞ արդյոք անել։

Դանիելյանի վիճակը ծանր է։ Եթե նա առաջնորդվի օրենքով, քաղաքացիական գիտակցությամբ ու պատմաքաղաքական պատասխանատվությամբ, ապա պետք է «ոչ» ասի ճամբարափոխ Դավթյանին։ Իսկ եթե նա առաջնորդվի Փաշինյանի ապօրինի ցանկություններով, ապա պետք է «այո» ասի Հայաստանին ու Արցախին հասցվող լուրջ հարվածներին։

Թե ինչպիսի որոշում կկայացնի Դանիելյանը, պարզ կդառնա շատ շուտով։

Արձանագրենք, որ Փաշինյանը նախապես ապօրինի ճնշման մեթոդին է դիմել՝ դատավորներին սպառնալով «վեթինգի» ենթարկել։ Բայց դա չպետք է կաշկանդի Դանիելյանին։ Եթե նա «վեթինգից» վախենալու բան չունի, ապա կարող է առաջնորդվել օրենքով ու «այո» ասել ողջամտությանը և օրենքի գերակայությանը։

Սա այն դեպքն է, երբ դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը