Մեկնաբանություն

12.06.2019 00:31


Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Օրեր առաջ «ալամ աշխարհի հայոց վարչապետը» ի լուր աշխարհի հայտարարեց, եւ ո՛չ մեկ անգամ` բռնության, ատելության քարոզը Նոր Հայաստանում տեղ չունի. ցանկացած նման դրսեւորում պետք է անմիջապես արժանանա իրավապահ մարմինների «ոչ թավշյա»`«երկաթյա» հակազդեցությանը, անկախ նրանից` բռնության եւ ատելություն քարոզիչները որ ճամբարից են, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմնակիցներ են։

«Նախկին քաղբանտարկյալ»`ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը` Լեդի Հակոբը, երեկ զարգացրել է Փաշինյանի «միտքը»` անդրադառնալով Դաշնակցության կողմից իբր պրոպագանդվող բռնության քարոզին, ինքնադատաստանի կոչ է արել. «Ես վստահ եմ`եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի (նախորդ պարբերության մեջ ասել էր` «ժողովրդի») միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:

Այսքանը քիչ համարելով`«նիկոլալեւոնական ախպերության» կարկառուն ներկայացուցիչ մականունավոր նախկին պատգամավորը Դաշնակցությանը կոնկրետ`հասցեական մեղադրանքներ է ներկայացրել. «Իրենց վրա այնպիսի կեղտ կա փաթաթված, որ դա անհնար է մաքրել`սկսած Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից, վերջացրած Հենրիկ Խաչատրյանի սպանությամբ: Ժողովուրդը լավ գիտի` ով են իրենք, ինչի են ընդունակ: Իրենք ամեն ինչի հետ կապ ունեն»:

Հիշեցնենք` Հենրիկ Խաչատրյանը հայտնի է նրանով, որ համարվում էր «Քոչարյանի» մարդը. զբաղեցնելով գլխավոր դատախազի պաշտոնը` 1998թ. մեղադրանք էր առաջադրել Վանո Սիրադեղյանին Ոստիկանության համակարգում զինված բանդա ստեղծելու, շահելու, պահելու, «օրենքով մարդասպանների» միջոցով անցանկալի անձանց սպանությունները կազմակերպելու հանցակազմով։ Նույն թվականի օգոստոսին, մեղմ ասած, առեղծվածային հանգամանքներում սպանվեց` գործը այդպես էլ չհասցնելով տրամաբանական ավարտին...

Լեդի Հակոբն այդքանով չի բավարարվում`մատը տնկում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի վրա, զարմանալով ու զարմանալով` ինչպե՞ս է պատահել, որ վերջինս ոչ մի «իրավական կարգավիճակ» չունի`որպես մեղադրյալ ներգրավված չէ Մարտի 1-ի «նորացված գործում». «Ինչ կատարվել է, Աղվան Հովսեփյանի ձեռքով է կատարվել, նա՛ է հրահանգ տվել փամփուշտները կեղծել, գործը կեղծել, ամեն ինչ փոխել: Իրեն հենց ձերբակալեն, ամեն ինչ շատ արագ կբացահայտվի: Ինքն ամեն ինչ գիտի, գիտի, թե որ օլիգարխը ինչքան մարդ էր բերել, գիտի` ով է հրաման տվել կրակել: Պարզապես չեմ հասկանում, թե ինչու են ձգձգում նրա ձերբակալությունը»:

Ինչպես տեսնում եք, մի կողմից` գործ ունենք դասական բռնության պրոպագանդայի հետ, որը, ինչպես ասել է Փաշինյանը, պետք է «երկաթյա հակահարված» ստանա իրավապահների կողմից, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։

Մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին, որի վրա իրավապահ մարմիններն իրավունք չունեն աչք փակել` պարտավոր են օր առաջ քրեական գործ հարուցել այս «ահազանգի» հետքերով եւ պարզել. Դաշնակցությունն իրո՞ք իր ներդրումն է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի եւ Հենրիկ Խաչատրյանի սպանության «նախապատրաստական աշխատանքներում» (Մարտի 1-ի մասին չենք ասում, որովհետեւ այս դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է` «մեղադրանքը» պարզապես անհեթեթ է)։ Նաեւ` բացահայտել Աղվան Հովսեփյանի դերակատարությունը Մարտի 1-ի փաստական հանգամանքները կեղծելու գործում։

Եթե պարզվի, որ այդ մեղադրանքներն «իսկականի հետ ճիշտ են»` մեղավորները պետք է պատժվեն։ Եթե ոչ` քննությամբ ապացույցներ ձեռք բերվեն, որ Լեդին լկտիաբար ստում է, ապա «հաղորդման» հեղինակը պետք է դատվի սուտ մատնության համար եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Հակառակ դեպքում եւս մեկ անգամ ակնհայտ կդառնա, որ իրավապահ համակարգը Հայաստանում կաթվածահար վիճակում է` չի գործում։ Ընդամենը կատարում է Փաշինյանի բացահայտ եւ թաքուն ցանկությունները...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը