Մեկնաբանություն

10.06.2019 01:31


Նիկոլը պարտվեց Վահագն Գևորգյանին. չհաշված Ծառուկյանը

Նիկոլը պարտվեց Վահագն Գևորգյանին. չհաշված Ծառուկյանը

Աբովյան քաղաքում, կարելի է ասել, հեղափոխություն տեղի ունեցավ։ Աբովյանցիները մերժեցին քայլարածներին ու անձամբ դրա առաջնորդին։ Իսկական հեղափոխությունը հենց դա է։

Թեև Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մասնակցում ընտրապայքարին ու կարելի է ասել, որ հենց նա էր գործող ու նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի իրական մրցակիցը, այդուհանդերձ վերջինս հաղթանակ տարավ։

Նիկոլ Փաշինյանը սխալվեց ու պարտվեց։ Նրա սխալն այն էր, որ մնացել էր հեղափոխական էյֆորիայի տակ։ «Իմ քայլի» առաջնորդին թվացել էր, թե հիմա 2018 թվականն է, ինքը դեռ «կինոյի մեջի տղան է» և կարող է Աբովյանում ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ քաղաքականապես «պոլի փեդ» կարգին Հայկոյին դրեց քաղաքապետի թեկնածու և 80 տոկոս խփեց։ Այն ժամանակ քաղաքապետ էր ընտրվում ոչ թե Հայկոն, այլ Նիկոլը։ Հեղափոխությունը դեռ «տաք» էր ու արդյունքները կանխատեսելի էին։ Բայց հիմա լրիվ ուրիշ վիճակ է։

Հիմա նույնիսկ 2018–ի դեկտեմբերը չէ, երբ Փաշինյանը հիստերիկ մթնոլորտ ձևավորեց և կրկին էյֆորիկ ու հուզական վիճակում 70 տոկոս փախցրեց ԱԺ արտահերթ ընտրություններում։

Հիմա 2019–ի հունիսն է։ Մարդիկ արդեն հասցրել են մեկ տարվա ընթացքում տեսնել «թավշյա» տղաների ու աղջիկների և հատկապես Նիկոլ Փաշինյանի սուտը, դեմագոգիան, անգրագիտությունը, պոպուլիզմը, անհեռատեսությունը, քիրվայությունը և անարդյունավետությունը։

Աբովյանցիները «չէ» ասացին անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս փորձում էր Գագիկ Ծառուկյանի դեմ աշխատել ու Արարատցեմենտից հետո հերթական հարվածը հասցնել սեփական իշխանությունն ամրապնդելու համար, բայց չօգնեցին ո՛չ ընտրակեղծիքները, ո՛չ ահաբեկումները, ո՛չ կեղծ հրդեհը, ո՛չ «շարիկով» մարզպետի դեսուդեն թռչկոտելը, ո՛չ վարչակրիմինալ և ուժային լծակները։ Սա կենաց–մահու հարց էր թե՛ Փաշինյանի, թե՛ Ծառուկյանի համար։ Փաշինյանը ոչ թե չուզեց, այլ չկարողացավ ամբողջությամբ կեղծել ընտրություններն ու պարտվեց։

Փաշինյանը պարտվեց Աբովյանում և դա սպասելի էր, քանզի նրա վարկանիշը, ինչպես որ անկախ հետազոտություններն են ցույց տալիս, չի գերազանցում 30 տոկոսը։ Ընդ որում՝ այդ վարկանիշը գահավիժում է ամեն օր։

Այդ գահավիժումը, թերևս, չի զգացել Նիկոլը։ Իրեն թվացել է, որ եթե գնա Աբովյան ու քայլերթ անի, ապա իր նշանակած «պոլի փեդը» քաղաքապետ կդառնա։ Չդարձա՛վ։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլն այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից և կամայականություններ թույլ տալ՝ հղում անելով ժողովրդի բացարձակ մեծամասնության կարծիքին։ Ասել է թե՝ երկրում, փաստացի, կրկին լեգիտիմության ճգնաժամ է առաջանալու, քանզի մի բան է ձևականորեն օրինական ընտրություններով մեծամասնություն վերցնելը, մեկ այլ բան՝ հանրային ընկալումների դինամիկան։ Այդ դինամիկան բացասական է Փաշինյանի համար։

Փաշինյանը մտնում է ոչ լեգիտիմության դաշտ։ Նրան Աբովյանում քաղաքական ապտակ հասցրեցին։ Այդ ապտակը նոկաուտի, թե նոկդաունի կհանգեցնի, ժամանակը ցույց կտա։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Պարտությունից հետո Նիկոլն իր թիմակիցներին հրահանգել է սոցիալական ցանցերում գրել, թե բա սա մեր հաղթանակն է, քանի որ ընտրությունները չկեղծվեցին։ Սա «սև» սրտի, «բաբչկայով» մխիթարանք է։

Իրականությունը լրիվ այլ է։

1. Եթե չեն կեղծել ու Նիկոլը պարտվել է, նշանակում է, որ նա այլևս չի կարող իրեն վերապահել իրավունք՝ խոսել ժողովրդի անունից։

2. Իրականում կեղծել են, բայց մինչև վերջ չեն կարողացել կեղծել։ Կեղծելն էն գլխից էր, երբ մարզպետարանն աշխատում էր մեկ թեկնածուի դեմ և մյուս թեկնածուի օգտին, պետության գրեթե բոլոր ուժային լծակներն օգտագործվում էին ի օգուտ Նիկոլի թեկնածուի։

Այս խորագրի վերջին նյութերը