Կարծիք

09.06.2019 13:09


Փաշինյանն այդ ի՞նչ էր պայմանավորվել Ալիևի հետ, որ Բաքուն մի քանի ամիս սահմանին չէր կրակում

Փաշինյանն այդ ի՞նչ էր պայմանավորվել Ալիևի հետ, որ Բաքուն մի քանի ամիս սահմանին չէր կրակում

Սիվիլնեթում Թաթուլ Հակոբյանը «Քոչարյան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակներ․ Փաշինյանին մեղադրում են հող հանձնելու մեջ» նյութում փորձում է ցույց տալ, թե Հայաստանի ղեկավարների մեջ Փաշինյանը շահեկանորեն տարբերվում է նախորդներից, այն բանով, որ երբեք չի խոսել տարածքներ զիջելու մասին։ Բայց Արցախյան հարցը ոչ միայն հող հանձնել֊չհանձնելն է, այլև 1-ին հերթին Արցախի ինքնորոշման հարցը, որով ղեկավարներն իրարից տարբերվում են։

Իսկ նախորդ «Վե՞րջ խաղաղության դիսկուրսին, էլի զոհե՞ր» նյութում ասում է, թե Փաշինյանի արտաքին քաղաքականության շնորհիվ տևական խաղաղություն էր սահմանին, իսկ այ երբ սկսեցին մեղադրել նրան հողեր հանձնելու մեջ, սահմանին իրավիճակը լարվեց։

Հարցեր են առաջանում՝ Փաշինյանն այդ ի՞նչ էր պայմանավորվել Ալիևի հետ, որ Բաքուն մի քանի ամիս սահմանին չէր կրակում, հնարավո՞ր է, որ խոստացել է տարածք հանձնել, բայց այդ դեպքում Հակոբյանն ինչո՞ւ է նախորդների՝ հող հանձնելու պատրաստակամությունից խոսում, և ինչո՞ւ նրանց հող հանձնելու խոստումը սահմանին խաղաղություն չէր բերում, մշտապես զոհեր էին լինում, մի՞թե նրանք համ ուզում էին հող հանձնել, համ էլ ուզում էին` պատերազմը շարունակվի։

Իսկ եթե, ինչպես նախորդ փորձից գիտենք, Ալիևին հող հանձնելու խոստումը չի բավարարում, նա ավելին է ուզում՝ Արցախն է ուզում ամբողջությամբ, ապա ի՞նչ պիտի խոստանար Փաշինյանը, որ նա դադարեր կրակել սահմանին, արդյոք Արցախի կարգավիճակից հրաժարվե՞լը։ Եթե սա էլ չէ, ապա ի՞նչը ստիպեց Ալիևին մի քանի ամիս սահմանին շատ չկրակել, հնարավո՞ր է Փաշինյանը համոզել է Ալիևին` ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը։ Ծիծաղելի՞ է։

Մնում է Փաշինյանի անձնական հմայքը, Ալիևը սիրե՞ց Փաշինյանին, իսկ Սարգսյանին ու Քոչարյանին ատո՞ւմ էր, մանավանդ` Սերժ Սարգսյանին, քանի որ նրա կառավարման ժամանակ մի քանի անգամ թեժացավ վիճակը սահմանին և, ի վերջո, հանգեց 2016-ի ապրիլյան պատերազմին։ Իսկ ինչո՞ւ որոշ դադարից հետո Ալիևը սկսեց կրկին կրակել, այն պատճառո՞վ, որ նրանք, ում ատում էր, սկսեցին Փաշինյանին մեղադրել հողեր հանձնելու մեջ։

Ի՞նչ է ստացվում, Ալիևը կրակում է` լռեցնելու համար Փաշինյանի հակառակորդների՞ն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը