Կարծիք

09.06.2019 14:00


Հայաստանյան իրողությունների ու սուտասան կապիկների մասին

Հայաստանյան իրողությունների ու սուտասան կապիկների մասին

Գիտնականները պարզել են, որ կապիկների սոցիումի ներսում խաբելու հակվածությունը առկա է սոցիալական հիերարխիայի ներքևում գտնվող առանձնյակների մոտ, և դրանք հիմնականում այն դեռահաս ու երիտասարդ առանձնյակներն են, որոնք նաև այդ կերպով հնարքներ են փնտրում սոցիալական հիերարխիայի սանդղակով դեպի վեր բարձրանալու համար: Ոմանց մոտ հիմա հարց կառաջանա, թե ո՞նց կարող են կապիկները խաբել, եթե նրանք խոսել չգիտեն. նախ ասեմ, որ խաբելը միայն խոսքի միջոցով չի իրականացվում, և երկրորդ՝ նրանք նույնպես միմյանց հետ խոսում են. իհարկե, նրանց լեզուն խիստ պրիմիտիվ է՝ բաղկացած մի քանի ձայնային ազդանշաններից ու ժեստերից, սակայն, այնուամենայնիվ, դա նույնպես լեզու է:

Ինչևէ, պարզվում է, որ պրիմատների կարգի մեջ մտնող մյուս պոպուլյացիայի, այսինքն՝ մարդկանց մոտ նույնպես նույն երևույթն է դիտարկվում. այստեղ դեռահասներն ու երիտասարդներն անհամեմատ ավելի շատ են ստում, ու դա ունի իր բացատրությունը. նրանք, ինչպես որ իրենց կապիկ հասակակիցները, նույնպես խնդիր ունեն սոցիալական հիերարխիայի սանդղակով դեպի վեր բարձրանալու, որի համար ստիպված են հնարամտությունների դիմել (դա երբեմն առանց ստելու չի ստացվի)՝ մեծահասակների կողմից ստեղծված մենթալ արգելապատնեշները շրջանցելու համար: Բայց տարիքի հետ սովորաբար ստելու հատկությունը նվազում է, քանի որ նրանք հասունանալուն զուգահեռ՝ հասարակության մեջ գտնում են իրենց նիշան ու կայանում որպես անհատականություն:

Սակայն այս օրինաչափությունը խախտվում է ոչ ինքնաբավ ու չկայացած հասարակությունների, մասնավորապես մեր հասարակության պարագայում: Եթե նկատել եք, մեզանում բոլորը համատարած ստում են՝ փոքրից մինչև մեծ և մեծից մինչև փոքր, դա մեր մշակույթի բաղադրիչն է դարձել արդեն, նույնիսկ մեր ֆիլմերում է այդպես։ Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ օտարների նկարահանած կինոնկարների մեջ հերոսները այդքան չեն ստում, որքան որ մեր ֆիլմհերոսներն են դա անում, ու ոչ միայն կատակ ֆիլմերում, որտեղ, ասենք, Մուշեղը, չգիտես, թե ինչու, անընդհատ ստում է Թամարային, այլ մյուս բոլոր ֆիլմերում նույնպես, հատկապես հետսովետական շրջանում նկարահանվածներում:

Հայերիս մոտ ստելը նորմա է դարձել, իսկ ահա չստելը աննորմալություն է համարվում: Ուրիշ հասարակություններում այն մարդիկ, որոնք կարգապահ են, չեն ստում, պունկտուալ են և պատասխանատվության զգացում ունեն, սովորաբար հաջողակ են լինում, իսկ մեր հասարակությունում այդպիսի մարդիկ ուղղակի կորած են. մեզ մոտ սուտասանն ու կեղծավորն են հաջողակ, նրանք են ողջունվում բոլորի կողմից: Ծնողները իրենց երեխաների մեջ փոքրուց հենց այդ հատկություններն են ներարկում, այսինքն՝ դաստիարակում են երեխաներին ճիշտ այնպես, ինչպես գնչուները, այն է՝ ուրիշներին անընդհատ խաբել ու իրենցով անել իրենց չպատկանող այն ամենը, ինչը հնարավոր է: Ու պատահական չէ, որ այսպիսի որակներով օժտված հասարակություն ունեցող երկրի քաղաքական ու պետական գործիչները ուղղակի փայլում են այդ հատկություններով: Կարճ ասած, եթե սուտասանության, ինտրիգների ու բանսարկության համաշխարհային օլիմպիադա կազմակերպվեր, ապա Հայաստանը, անկասկած, կդառնար միակ ու անգերազանցելի չեմպիոնը:

Այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակության մոտ դեռահասության տարիքից վերև անցնել չկա, որ բոլորը խորամանկ ու չարաճճի դեռահասներ են, պատկերացնում եք միջին տարիքի մարդկանց կամ նույնիսկ սպիտակամազ ծերունիների, որոնց մտավոր կարողությունները դեռահասի մտավոր կարողությունների մակարդակի են ընդամենը, և որոնց թվում է, որ այս աշխարհում իրենցից խորամանկ չկա, ու իրենք ի վիճակի են ստի և խաբեության միջոցով արդյունքի հասնել: Իհարկե, իրենց նման չկայացած անհատականություններից կազմված հասարակության մեջ հասնում են արդյունքի, սակայն այդ, այսպես կոչված, արդյունքների համախումբը հանգեցնում է նրան, որ այդ չկայացած հասարակությունն ավելի ու ավելի է գնում դեպի կործանում, և արտաքին ուժերը ավելի ու ավելի են օգտվում դրանից, որպեսզի վերջնականապես ստրկացնեն կամ անգամ ֆիզիկապես բնաջնջեն այդ հասարակությանը: Ահա սա է մեր այսօրվա դառը իրականությունը, ու սա է պատճառը, որ մեր պետական գործիչները ու մեր իշխանավորները անընդհատ ստում են: Եթե մի հրաշք տեղի ունենար, ու մեր ժողովրդի փոխարեն մեր երկիրը մի ամսով բնակեցվեր մեկ այլ ժողովրդով, ապա այս իշխանավորներն ուղղակի կվռնդվեին իրենց պաշտոններից ու ընդհանրապես երկրից, բայց քանի որ մեր երկրում բնակվում է մեր ժողովուրդը, որը նորմալ է համարում այն հանգամանքը, երբ իշխանությունները ամեն աստծո օր խաբում են իրեն, ապա վախ ունեմ, որ այս իշխանությունները դեռ շատ երկար են մնալու, կամ եթե սրանք էլ գնան, ապա սրանց փոխարեն կգան այնպիսիները, որոնք ոչնչով չեն տարբերվի սրանցից:

Միստիկ փիլիսոփա Ելենա Բլավատսկայան (ու ոչ միայն ինքը) պնդում էր, որ ոչ թե մարդն է առաջացել կապիկից, այլ հակառակը՝ կապիկն է առաջացել մարդուց, որ եղել են ժամանակին մարդկանց որոշ խմբեր, որոնք հազարամյակներ շարունակ այնքան են դեգրադացվել, որ վերածվել են կապիկների: Հիմա երբեմն մտածում եմ, իսկ եթե պարզվի, որ Բլավատսկայան իսկապես ճի՞շտ է. չէ՞ որ կենսաբանության ոլորտում աշխատող գիտնականներ կան, որոնք հաստատում են, որ միայն կապիկի սաղմն է անցնում զարգացման բոլոր փուլերը մինչև մարդկային սաղմի փուլ ու հետո նորից հետ է գնում ու հետին վերջույթների բութ մատները շուռ են գալիս մյուս մատների դեմ–դիմաց, այսինքն՝ մարդկային ոտքը նորից վերածվում է կապկի ստորին վերջույթի: Կարճ ասած, եթե ճիշտ է այդ ամենը, ապա, թող ինձ չքարկոծեն վայ հայրենասերները (ճիշտ հայրենասերները կհասկանան իմ մտահոգությունը), բայց ես համարյա թե համոզված եմ, որ մեր հասարակությունն այն մարդկային խմբերից մեկն է լինելու, որն ապագայում վերածվելու է կապիկների, չնայած դժվար թե մեր թշնամիները թույլ տան մեզ հանգիստ անցնել էվոլյուցիոն այդ երկար ճանապարհը. նրանք մեզ՝ որպես ծեր ու ջահել դեռահասների ոչ ինքնաբավ հանրույթի, ուղղակի կբնաջնջեն ու հանգիստ կտիրանան մեր կենսական տարածքներին:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը