Կարծիք

09.06.2019 10:15


Հեղափոխության առաջնորդը և անձի պաշտամունքը

Հեղափոխության առաջնորդը և անձի պաշտամունքը

Նա աղքատ գեղջկական ընտանիքից էր, ով իր առջև իշխանության հասնելու նպատակ էր դրել։ Օտար երկրի աջակցությամբ հասնելով իշխանության՝ իրեն հռչակեց հեղափոխության առաջնորդ։

Փիլիսոփա էր համարում իրեն, սիրում էր բանաստեղծություններ գրել և զինվորականի վերնազգեստ կրել․ այդպես իրեն ուժեղ էր զգում։ Ուներ չափազանց տարօրինակ սովորություններ և ճաշակ։

Սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, իր մտքերը ձևակերպում էր պարզ և համեմում էժանագին հումորներով։
Նրա կարգախոսն էր՝ երկիրը պետք է հիմնահատակ քանդել և հետո նորովի կառուցել։

Քարոզում էր աղքատությունը, սոված ազգաբնակչությանը հավատացնում էր, որ հարուստներից կվերցնի ունեցվածքը և կբաժանի աղքատներին։

Ամբոխը հիանում էր նրանով, նա էլ իր բոլոր ավերիչ քայլերն անում էր ժողովրդի անունից։ Նրա կառավարման ողջ ընթացքում երկիրը շարունակ գտնվում էր ճգնաժամի և ցնցումների մեջ։ Անընդհատ զտումներ և հետապնդումներ էին իրականացվում «հակահեղափոխականների» նկատմամբ։

Շատ հաճախ աբսուրդային որոշումներ էր կայացնում։ Նրա հրահանգով մտացածին, ստահոդ մեղադրանքներով ձերբակալում էին իր բոլոր ընդդիմախոսներին։

Նրա աչքին ամենուր դավադրություններ էին երևում։ Նա տենչում էր բացարձակ մենիշխանության, սիրում էր իշխանությունը, սիրում էր վայելել այդ իշխանության բարիքները։

Անձի պաշտամունք էր հիմնում, և հենց դա հաստատելու ու պահելու համար ստեղծել էր վարժեցրած շներ հիշեցնող երիտասարդների խմբեր, ովքեր իրենց առաջնորդի հրամանով հարձակվում էին ցանկացածի վրա և առանձնակի հաճույքով ծեծի ու բռնության ենթարկում նախկին բոլոր «կոռումպացված հակահեղափոխականներին», «դավադիրներին», «սևերին» և «սևազգեստներին», ովքեր համարձակվել էին իրենց առաջնորդին ասել՝ չէ։
Կատաղած այս երիտասարդների խմբերը նախկին ղեկավարներին, գեներալներին և բոլորին բռնությունների ենթարկելուց հետո կամաց-կամաց սկսեցին մարտչնել միմյանց դեմ, և իրենց ներսում փնտրել հակահեղափոխական ու սև ուժեր։

«Ժողովրդի թշնամիներին» քարկոծող, նվաստացնող, ծաղրող և բռնություններ կիրառող այդ երիտասարդները պատասխանատվության չէին ենթարկվում, նրանց արարքներն առաջնորդի կողմից չէին դատապարտվում։

Արդյունքում երկրի տնտեսությունը հսկայական վնասներ սկսեց կրել, բոլոր ոլորտներում անկումներ էին գրանցվում, կառավարման համակարգում և ամենուր քաոս էր։ Ոչ մի պետական ինստիտուտ չէր աշխատում, դատական համակարգը արհամարհվում և ոտնահարվում էր, հայտարարվում էր, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը։

Նրա կինն էլ էր աղքատ ընտանիքից, և երբեք՝ անգամ իշխանություն ունենալուց հետո, գլխում այդպես էլ չկարողացավ հաղթահարել աղքատությունն ու ագահությունը։ Նա չէր ցանկանում գտնվել ամուսնու ստվերում, և առիթ-անառիթ իր մասին հիշեցնել էր տալիս։ Նա մեծ իշխանություն և ազդեցության լծակներ ուներ, սակայն նրա անառողջ և չարդարացված հավակնությունները ոչ բոլորի մոտ էին միանշանակ ընդունվում։ Անգամ կուսակցության ներսում նրան չէին սիրում։

Ամուսնու՝ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունի մահից մեկ ամիս անց Ցզյան Ցինը ձերբակալվեց, դատապարտվեց մահապատժի, որը հետո փոխվեց ցմահ ազատազրկմամբ։
Կարմիր կայսրուհին հայտնվեց ոչ թե գահին, ինչին ձգտում էր, այլ բանտում, որտեղ էլ ինքնասպանություն գործեց։ Այն նույն ամբոխը, որ երկրով մեկ հանրահավաքներ էր կազմակերպում և վանկարկում՝ սովորե՛լ ընկեր Ցզյան Ցինից, արդեն նրան մեղադրում էր իշխանությունը բռնազավթելու մտադրության համար։

Իսկ Մաո Ցզեդունը մահացավ բազմաթիվ ծանր հիվանդություններից։ Նա իր հետևից թողեց աղքատ, սոված, տնտեսական, գիտական, կրթական ցածր մակարդակով, վախի և ճնշումների մթնոլորտում հազիվ գոյատևող երկիր, որի գոյությունն էր անգամ կասկածի տակ դրված։

Միայն նրա ցնդաբանություններից հրաժարվելուց հետո Ցզեդունի ղեկավարած պետությունը դինամիկ զարգացում ունեցավ և դարձավ այսօրվա Չինաստանը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը