Կարծիք

06.04.2010 18:37


Մեր պարտությունները մեր մեջ փնտրենք

Մեր պարտությունները մեր մեջ փնտրենք

Ցավալի է և նույնքան տարակուսելի,  որ միատարր մեր հանրապետությունում, ուր ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են, մեր լեզուն՝ հայերենը, որին գուրգուրանքով մայրենի ենք ասում ու դեռ  պետական տոնացուցով էլ Մայրենիի օր  նշում,  պահպանելու և պաշտպանելու խնդիր ունենք։  Այո, պաշտպանելու և ինքներս մեզանից։

Եվ սա այն դեպքում, երբ 1000-ամյակների ընթացքում ինքնապաշտպանական առողջ բնազդով կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը՝ խարսխելով այն լեզվի, մշակույթի և հավատքի վրա։ Շատերը կընդվզեն՝ հակազդելով, թե «Լեզվի մասին» օրենք ունենք, 2002թ հաստատված Լեզվաքաղաքականության պետական ծրագիր և, ի վերջո, նույն թվականից գործող Լեզվի պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնում ու պատասխանատվության միջոցներ կիրառում։ Այո, ամեն ինչ հրաշալի է, բայց միայն թղթի վրա՝ ճիշտ այնպես, ինչպես սոցիալական և իրավական պետություն ենք ՀՀ սահմանադրությամբ։

Այն, որ լեզվի մասին օրենքը խախտվում է ամենուր և ամենվայրկյան, անզեն աչքով էլ է ակներև՝ կիսագրագետ ու ժառգոնային, կեղծ շեշտադրությամբ լեզու հեռուստատեսությամբ ու Գովազգի մասին օրենքի համընդհանուր խախտում թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ փողոցում։ Շրջեք մայրաքաղաքում ու ամենուր ձեզ կողջունեն լատինատառ Սթարը, Սիթին, Էլ Ջին, Բեսթը, Մասկվիչկան, One & Only, Գարդիրոբը, Ֆրեշն ու Բեկոնը, Միլանոն ու Կլարքը։ Շարքն անվերջ է։

 Միամտություն կլինի կարծել, թե Լեզվի պետական տեսչության խեղճ տեսուչը իր 50 հազարանոց տուգանքով ի վիճակի է կարգի հրավիրել սեփականատիրոջը,  պաշտպանել ՀՀ օրենքն ու հանրային շահը։  Միթե հստակ չի, որ օրենքից դուրս ապրող,  խանութների ամենակարող սեփականատերերը՝ որոնք խանութամերձ ավտոկանգառների համար հանրային այգիներ ու մայթեր են զավթում,  կանաչ տարածքներ ոչնչացնում, դպրոցների լուսամուտներ փակում, խաղահրապարակներ նվաճում ու շարունակում ժամկետանց ապրանքներ իրացնել, թքած ունեն ազգային ու հանրային շահի վրա։   Եվ այս ամենաթողության ու «ամեն ինչ կարամ-ի» մթնոլորտում  գավառամիտներին հավանաբար թվում է, թե  օտար անուններ օգտագործելով եվրոպական ինտեգրացիայի ճանապարհն են բռնել։

Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է, ասում էր Սենեկան։ Անկարելի է չհամաձայնել այս դասական ճշմարտությանն ու չհիշեցնել, որ եվրոպական արժեքները նախ   մտքի, բովանդակության և վարքագծի մեջ պիտի ունենալ։

Այո, ցավալի է, որ անկախ Հայաստանում լեզվի կարևորության ընկալման և իմաստավորման խնդիր ունենք թե հանրային, թե պետական մակարդակներում, որովհետև լեզվագործածությունը պետության մենաշնորն է ու խնդիրը, և հայերենի փաստացի գերակայության պահպանումը ոչ միայն  ազգային արժանապատվության այլև անվտանգության գործոն է։ Բայց այս ամենն առայժմ թղթի վրա։

Ավարտեմ ինչպես միշտ՝ մեր պարտությունները մեր մեջ փնտրենք։

Լիլիթ Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը