Կարծիք

08.06.2019 08:50


Փաշինյանն ինքն իրեն չորս-հինգ վարչապետական շրջան է նախատեսել. որն է մեր անելիքը

Փաշինյանն ինքն իրեն չորս-հինգ վարչապետական շրջան է նախատեսել. որն է մեր անելիքը

Անցյալ տարվա կայծակնային քաղաքական իրադարձություններից հետո, որոնք իրենց ձևով հեղափոխություն էին, բովանդակությամբ՝ իշխանափոխություն, իսկ որոշ իրավաբանների և քաղաքական գործիչների գնահատմամբ՝ սահմանադրական կարգի տապալում, հանրության մեջ ձևավորվել է երկու տեսակետ։

Կախված այն բանից, թե հանրության կոնկրետ ներկայացուցիչը Փաշինյանի՞ կողմնակիցն է, թե՞ ոչ, նա այդ երկու տեսակետներից մեկի մաս է կազմում: Դրանք են՝

  1. Քանի որ Նիկոլ Փաշինյանն արագ հեռացրեց նախկիններին, ապա նույնքան արագ կբարեփոխի երկիրը:
  2. Քանի որ Փաշինյանն արագ հեռացրեց նախկիններին, նույնքան արագ էլ կարելի է իրեն հեռացնել:

Իրականում երկու գնահատականն էլ ծայրահեղ է։

Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ միայն արհեստավարժ թիմ ու չի ձգտում ներառական իշխանություն ստեղծել, այլ նաև հստակ առաքելություն չունի։

Ամենամեծ խնդիրն այն է, որ Փաշինյանը Հայաստանում բարեփոխումների փուլային «ճանապարհային քարտեզ» չունի: Անցյալ տարվա ընթացքում պետական ​​կառավարման ոլորտում իր անբավարար գիտելիքները պետք է համալրվեին, սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել:

Այդ իսկ պատճառով վարչապետը ոչ միայն չի կարող ապահովել թռիչքաձեւ տնտեսական աճ երկրի համար, այլ նույնիսկ շփոթում է, այսպես կոչված, «հեղափոխության փուլերը»: Եթե ​​ավելի վաղ հեղափոխության երկրորդ փուլը «տնտեսական հեղափոխությունն էր», ապա հիմա երկրորդ փուլը նա դատական ​​համակարգի բարեփոխումն է (կամ ապամոնտաժում. ինչպես կուզեք, այդպես էլ անվանեք) հռչակել:

Սակայն, քանի որ վարչապետը չկարողացավ կազմակերպել տնտեսական հեղափոխությունը, նա չի կարողանա իրական դատական ​​բարեփոխումներ կազմակերպել: Դրա հետ մեկտեղ՝ անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանը կարծում, որ բոլոր հարցերի վերաբերյալ նա կարող է գրեթե մասնագիտական կարծիք հայտնել:

Ակնհայտ է, որ վարչապետը հավատում է իր իսկ անսխալականութանը եւ այն բանին, որ ինքնուրույն կարող է լուծել բոլոր խնդիրները՝ առանց ուրիշներին լսելու:

Բերեմ մեկ օրինակ. երբ քննարկվում էր հայտնի «Իմ մարմինը անձնական է» գիրքը, վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ինքը կարդացել է այդ գիրքը, և որևիցե խնդիր դրա մեջ չի տեսել:

Եթե ես չեմ սխալվում (իսկ ես չեմ սխալվում), Փաշինյանը մասնագիտությամբ հոգեբան չէ, իսկ իմ կարծիքով միայն մասնագետները կարող են մեկնաբանել այս գիրքը և նշել՝ այստեղ կա՞ խնդիր, թե՞ ոչ: Բայց պարոն վարչապետի կարծիքով անգամ այս հարցում նրա տեսակետը որոշիչ է և անբեկանելի: Սա փոքր օրինակ չէ. դա սիմպտոմատիկ երեւույթ է:

Երկրորդ տեսակետի կողմնակիցները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի իշխանությունից հեռացնել նույնքան արագ, որքան ապրիլ-մայիս իրադարձությունների ընթացքում հաջողվեց հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց այս տեսակետը իրականության հետ կապ չունի: Մեկ ամսում իշխանության եկածը մեկ ամսում չի կարող հեռանալ. կան իներցիա և պոպուլիզմի որոշակի «լուֆտ», որը հնարավորություն է տալիս Փաշինյանին պահել աթոռը։

Վերլուծելով վարչապետի այս մեկ տարվա գործունեությունը՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ նա ինքն իրեն առնվազն չորս-հինգ վարչապետական շրջան է նախատեսել, իսկ այն խոսակցությունները, որ ինքը կզիջի իր իշխանությունը, երբ ժողովուրդը պահանջի, այն զանգվածների համար է, ովքեր ոգևորված էին նրանով, որ, օրինակ, Օպերայում կքանդեն սրճարանները, և տեղը խոտածածկ տարածք կլինի, բայց այսօր իրենք իրենց հարց չեն տալիս, թե ինչու երկու-երեք սրճարան քանդելուց հետո գործընթացը կանգ է առել:

Այն մարդը, ով, պատկերավոր ասած, պատրաստ է առաջին կանչով հեռանալ իշխանությունից, իր մտերիմներին պաշտոնների չի նշանակում, գործադիր, օրենսդիր մարմինը ենթարկեցնում իրեն, ԱԱԾ–ն, Ոստիկանությունը, այլ հատուկ ծառայությունները սեփական կապրիզները բավարարելու գործիք սարքում ու, առհասարակ, շատ հարմար տեղավորվում, իր իսկ բնորոշմամբ, Սերժ Սարգսյանի համար կարած կոստյումի՝ Սահմանադրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը կհեռանա միայն այն ժամանակ, երբ երկրում ստեղծվի հզոր, այլընտրանքային քաղաքական բևեռ, որը ողջ երկրով և սփյուռքով մեկ կառույցներ կունենա, կգույքագրի երկրում առկա խնդիրները, զարգացման ծրագիր կունենա (հստակ, կետային և փուլային), ինչպես նաև կստեղծի համակիրների հզոր բանակ, որոնք նվիրված կլինեն ոչ թե անձին, այլ գաղափարին: Այդ այլընտրանքային բևեռը, նաև իսկապես նոր մարդկանցով (ինչպես նաև՝ առհասարակ որակյալ մասնագետներով, որոնք ճիշտ է՝ աշխատել են նախկին կամ ներկա իշխանության համակարգում, բայց ունեն մասնագիտական, ինչպես նաև մարդկային որակներ, որոնք կարելի է և պետք է ծառայեցնել հայկական պետականության համար) համալրված, ունակ կլինի կառուցել 21-րդ դարին հարիր զարգացած պետություն:

Այսօրվա իշխանությունը և դրանում ներգրավված մարդիկ հիմնականում կազմում են ոչ թե նոր Հայաստանի կորիզը, այլ հին Հայաստանի մնացորդները:

Նիկոլ Փաշինյանին և նրա խմբակցության բոլոր 88 անդամներին պետք է բերել բացարձակապես քաղաքական պայքարի դաշտ, որովհետև հենց այս դաշտում իրենք ամենից թույլն են, իսկ, այ, շոուներ անելը, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես գալը, որոնք, օրինակ, մեկ օր անց հերքվում են Արցախի նախագահի մակարդակով, լրագրող Նիկոլ Փաշինյանի սիրելի զբաղմունքն են, երբ նա իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում:

Երկրում գործընթացները քաղաքականացնելու ժամանակ ականատես կլինենք՝ ինչպես է լկտի պահվածքով աչքի ընկնող իշխանությունը շատ կարճ ժամանակահատվածում լրջանում: Խորացրեք այդ քաղաքական գործընթացը, և դուք ինքներդ կտեսնեք, թե ինչպես Հայաստանի այս հնագույն իշխանությունից ազատվելու հնարավորություն կստեղծվի:

Սրա հետ մեկտեղ՝ պետք է հստակ գիտակցել և ազնիվ լինել, որ նշված գործընթացը մեկ օրում կամ մեկ ամսում անհնար կլինի գլուխ բերել: Դա համեմատաբար երկար ճանապարհ է լինելու, որն անցնելու համար անհրաժեշտ են լինելու քաղաքական մտածողություն, ֆինանսական ռեսուրսներ, արդյունավետ քաղաքական մենեջմենթ և սեփական ուժերի նկատմամբ հավատ: Մենք հայրենիք կորցնելու իրավունք չունենք:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Հ. Գ. Այնուամենայնիվ, վերոհիշյալը բոլորովին այլ սցենարով կարող է գնալ, որը պայմանավորված է Փաշինյանի քաղաքականությամբ` ուղղված պաշտոնական Ստեփանակերտի հետ հարաբերությունների հետագա լարմանը: Ինչ է անում վարչապետը, եւ ով է ներգրավված այդ ամենում՝ այլ թեմա է։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Փաշինյանը կրկնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալները: Բայց, ի տարբերություն առաջին նախագահի, Փաշինյանը հրաժարականից հետո ստիպված կլինի անձամբ պատասխանել մի շարք շատ տհաճ հարցերի:

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը