Կարծիք

06.06.2019 10:00


Պատմական զարգացումների ներկա փուլի որոշ գերակայությունների մասին

Պատմական զարգացումների ներկա փուլի որոշ գերակայությունների մասին

1.Փոփոխություններն այլընտրանք չունեն:

Անցյալ տարվա ապրիլ–մայիս ամիսների քաղաքացիական հուժկու պոռթկումը դրա ամենացայտուն դրսևորումն էր:
Անցյալ տարվա ապրիլին ժողովուրդը հռչակեց իր անկոտրում կամքն ու նվիրվածությունը՝ հանրային կյանքում արմատական փոփոխությունների իրականացմանը՝ դրանով սահմանելով ներքաղաքական գլխավոր օրակարգը առաջիկա ողջ ընթացքում:
Փոփոխությունները պետք է ընդգրկեն հանրային օրգանիզմի արատները (կոռուպցիա, հովանավորչություն, անհավասարություն, անարդարություն, բևեռացում և այլն) ծնող պատճառների վերացմանն ուղղված համակարգային և խորքային բարեփոխումները:
Հեղափոխությունն այդ փոփոխությունները երաշխավորող համակարգային բարեփոխումների իրականացումն է:
Ուստի, փոփոխություններն այլընտրանք չունեն:

2. Հեղափոխական փոփոխությունների պահանջատերը ժողովուրդն է:

Հեղափոխական փոփոխությունների իրականացումը ժողովրդի պահանջն է:
Հանրությունը սպասում է այդ փոփոխություններին և պատրաստ է սատարել դրանց՝ անկախ նրանից, թե որ ուժը կստանձնի դրանց իրականացման պատասխանատվությունը:
Հեղափոխությունը, որպես համակարգային փոփոխությունների ամբողջական գործընթաց, չի կարող լինել առանձին վերցրած որևէ մեկ կուսակցության քաղաքական մենաշնորհը:

3. Հետդարձ անցյալին չի կարող լինել:

Հանրությունը չի կարող հանդուրժել, և, հուսով եմ, չի հանդուրժի ներքաքական այնպիսի զարգացումներ, որոնք, ուղղակիորեն կամ քողարկված, կարող են հանգեցնել հանրային նախկին բարքերին՝ անկախ նրանից, թե որ ուժը և, գիտակցված թե ոչ, իր փաստացի գործունեությամբ կբերի դրան:
Անցյալին հետդարձի մերժումը պետք է ընկալվի որպես հանրային կյանքում նախկին արատների և բարքերի ցանկացած դրսևորման հանրության գիտակցված բացառում՝ անկախ դրանց իրականացնողներից և քաղաքական հիմնավորումներից:
Մենք ունենք հանրային օրգանիզմն իրավամբ առողջացնելու ունիկալ շանս և իրավունք չունենք այն մսխելու:

4. Իշխանությունների հասցեին քննադատությունը հակահեղափոխություն չէ:

Հակահեղափոխություն կարող է որակվել բացառապես քաղաքական այն գործունեությունը, անկախ այն իրականացնող ուժերից, որի նպատակը կամ հնարավոր հետևանքները փաստացի կարող են հանգեցնել հետդարձ անցյալին:

Իշխանությունների հասցեին ամենասուր քննադատությունն անգամ, անկախ քննադատողից, միայն այն հիմքով, որ ուղղված է օրվա իշխանություններին, չի կարող որակվել որպես հակահեղափոխություն:
Այդ հիմքով քննադատության մերժումը վտանգում է մեզանում քաղաքական այլակարծությունը և խոսքի ազատությունը, անվերականգնելի վնաս հասցնում հանրային համերաշխությանը և ժողովրդավարական ավանդույթների ձևավորման գործընթացին՝ խոչընդոտելով արմատական փոփոխությունների իրականացմանը:

5. Իշխանությունների թշնամին ներսում չէ:

Բոլոր ժամանակների հայաստանյան իշխանությունների թշնամին դրսում է, որն իր մասին զգացնել տալու առիթը բաց չի թողնում թե՛ իր ռազմատենչ հայտարարություններով և թե՛ հակամարտության գոտում և մեր սահմաններին ռազմական սադրանքներով՝ փորձելով հնարավորինս խոչընդոտել (իսկ հնարավորության դեպքում՝ նույնիսկ ձախողել) հայկական երկու պետությունների բնականոն զարգացումը:
Ներսում թշնամի փնտրելը կամ թշնամու կերպար ձևավորելը խթանում է բռնությունը և պարարտ հող ձևավորում քաղաքացիական բախումների համար:
Վերջինս որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել:
Պատմությունը մեզ չի ների:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը