Կարծիք

06.04.2010 11:31


Արդարություն' տանը, արդարություն' աշխարհում

Արդարություն' տանը, արդարություն' աշխարհում

Այժմ մենք գտնվում ենք քաղաքացիական եւ տարածաշրջանային զույգ պատերազմների հնարավոր եզրագծին, եւ ավելի լավ է հիմա խոսել:

Հայաստանը' հինավուրց այդ քաղաքակրթությունը, որն անցյալի ողբերգությունների պատճառով զրկված է եղել արդի պետականակերտման կարողությունից, պետք է անհապաղ ժողովրդավարական կարգ հաստատի իր տանը: Վերջապես դառնալով սեփական հետագծի պատասխանատուն, Հայաստանը նաեւ օրինական ակնկալիքներ ունի միջազգային գործընկերությունից:

Գլոբալ, ուստիեւ փոքրացած մեր այս դարում, ուր պաշարամիջոցներն ու իրավունքները հաճախ մրցում են առաջնահերթության համար, ներքին վարքը եւ արտաքին գործերը կազմում են մեկ եւ միեւնույն քաղաքական օրակարգի մասը: Հյուլեական լինեն, թե ոչ' բոլոր բաղադրիչներն էլ հաշվի մեջ են:

Հայաստանն ի վերջո պետք է իրավազորի քաղաքացիական ակունքին, ապահովի պատշաճ իրավական ընթացակարգեր ու հաշվետու կառավարում եւ անցկացնի իսկական ընտրություններ: Պետության կոռումպացվածությունն ու հետխորհրդային իշխանության վատ քողարկված ավատատիրական "ուղղահայացը" պետք է իրենց տեղը զիջեն հիմնարար ազատություններին եւ բոլորի համար հավասար հնարավորություններին: Պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղբանտարկյալները եւ պատասխանատվության ենթարկվեն 2008թ. մարտի 1-ի տասը քաղաքացիների մահվան համար մեղավոր անձինք: Արդարությունը պետք է սկսվի ներսից, այլապես վստահաբար կհետեւի քաղաքացիական պոռթկումը:

Ժամանակակից անկախ պետականությունն անգնահատելի պարգեւ է, որը չպետք է մսխել կամ զիջել ուրիշի' լինի բարեկամ, թե թշնամի: Հայաստանի անվտանգությունը եւ զինված ուժերն իր ինքնիշխանության գործառույթներն են, ուրիշ ոչ մեկինը. ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ոչ էլ ՆԱՏՕ-ն չպետք է կանչվեն' պաշտպանելու համար Հայաստանի սահմաններն ու շահերը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի հետ հուսալի փոխադարձ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն, սակայն այսօրվանից սկսյալ Հայաստանը պետք է ինքնիշխան կերպով տիրապետի իր սահմաններին եւ ռազմավարական նշանակության գույքին: Այս ընտրությունը պետք է հարգվի համակողմանիորեն:

Տարածաշրջանային հրամայականների վերադասավորումը պահանջում է դրանց փոխկապակցում Հայաստանի կենսական մտահոգությունների հետ:

Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբե՛ք չեն մոռանա Մեծ ցեղասպանությունը եւ իրենց Հայրենազրկումը: Չի կարելի ակնկալել, որ արձանագրություններով կամ համոզման այլ եղանակներով նրանք կվավերացնեն իրենց կորուստը կամ էլ կօրինականացնեն Ցեղասպանության "պտուղները"' ներառյալ. ա) բոլշեւիկների եւ թուրք ազգայնականների գործարքի արգասիք հանդիսացող անօրինական դե ֆակտո սահմանը, բ) հազարամյակների արժեք ունեցող մշակութային ժառանգության եւ ճարտարապետական կոթողների ոչնչացումը, գ) տների, դպրոցների, կաճառների եւ այլ ունեցվածքի համատարած սեփականազրկումը եւ դ) պատասխանատվությունից մշտատեւ պաշտոնական փախուստը դեպի մտագար ժխտողականության տարեգրություն:

Թուրք հասարակության ներսում մեկնարկել է ընդլայնվող  մի հոսանք, որն ուզում է ուղիղ նայել սեփական պատմության աչքերին  եւ, այսպիսով, վերաշարել իր պետության էքսկլյուզիվիստական հիմքերը: Թուրք հանրության այդ ներկայացուցիչներին պետք է ձեռք մեկնել  եւ զորակցել արդեն շատ ուշացած նրանց ինքնաբացահայտմանը, ինչպեսեւ վաղվա դասագրքերում արժանին հատուցել այն թուրք ընտանիքներին, որոնցից մեկն էլ' վտանգելով իրեն, 1915-ին փրկեց իմ մեծ մայրիկի կյանքը:

Հրեաների Ողջակիզման եւ հետպատերազմյան Գերմանիայի ինքնամաքրող ռազմավարության օրինակով ճանաչումը պետք է առաջ բերի զղջում, որը' եթե խարսխված է ճշմարտության վրա, կտանի վերատիրության, փոխհատուցման, ազգային օջախ վերադառնալու իրավունքի ու հայ եւ թուրք ազգերի վերջնական հաշտության:

Հայաստանն ակնկալում է, որ համաշխարհային հանրությունը կպաշտպանի եւ կիրացնի օրենքի գերակայությունը թե ներսում, թե միջազգային ասպարեզում' առանց ապաստան որոնելու հայեցակարգային ու իրավակիրառական իմաստով այնպիսի կեղծ տարբերակումներում, ինչպիսին sui generis-ն է: Հետստալինյան ապագաղութացման եւ անկախացման համար Լեռնային Ղարաբաղի դատն օրինականորեն առնվազն նույնքան զորեղ է, որքան' Կոսովոյինը, Աբխազիայինը, Էրիթրեայինը կամ էլ Արեւելյան Թիմորինը, եթե չասենք ավելին: Արցախը պետք է պաշտոնապես եւ սահմանադրորեն ամրագրված իր սահմաններով ճանաչվի Հայաստանի, ինչպես նաեւ այն նույն երկրների կողմից, որոնք ճանաչման են արժանացրել վերը թվարկված պետական կազմավորումներին:

Այսօր Ադրբեջանը' Թուրքիայի աջակցությամբ, բերանից ռազմատենչ հուր է արձակում' ի լրումն 1988-94թթ. ձախողված իր նախահարձակ պատերազմի, որ նա սանձազերծել էր Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ որի պատճառով էլ կորցրել է երբեւիցե որեւէ հռետորական պահանջ անգամ ներկայացնելու նախադրյալը: Հակառակ Բաքվի' մեղքն ուրիշների վրա բարդելու արդեն հայտնի արտածման, հենց ինքն է, որ այժմ բռնազավթել է հայոց հինավուրց բնօրրանները' Գարդմանքը, Շահումյանը, Գետաշենը, Արծվաշենը եւ Նախիջեւանը: Թող որ բոլոր ազգությունների փախստականները' ներառյալ տեղացի ադրբեջանցիները եւ մոտավորապես մեկ միլիոն հայերը, ովքեր տեղահանվել են այս տարածքներից, ինչպես նաեւ բուն Ադրբեջանից, վերադառնան իրենց բնիկ վայրերը: Սա անհրաժեշտ պայման է' comme il faut, սակայն հետագա տարածքային որեւէ ճշգրտում չի կարող լինել' առանց վերոնշյալ բռնազավթման հարցի լուծման:

Իսկ Վրաստանն ինքն իր օգտին եւ հանուն Հայաստանի հետ ապագա ամուր հարաբերությունների կգործի, եթե լիովին պաշտպանի Վրաստանի մեծաքանակ հայ համայնքի լեզվական, մշակութային, քաղաքացիական, քաղաքական եւ կրոնական իրավունքները: Հայոց պատմական Ջավախքի տարածաշրջանին պետք է հատուկ ուշադրություն դարձնել' իր ինքնության, ներկայացուցչական ինքնակառավարման եւ հայկական հանրապետության հետ կապի առումով: Սա հիմնարար նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ազգային անվտանգության համար, ինչպես որ քաղաքական նկատառումներով անարդար բանտարկությունից բոլոր էթնիկ հայ կալանավորներին ազատ արձակելու պարտադիր պայմանը:

Իրանը նույնպես պետք է փոխվի' յուրովի եւ իր տեմպով: Հիմքում ունենալով երկկողմ երկարատեւ հարաբերություններ Հայաստանի հետ' Իսլամական հանրապետությունը պետք է բարելավի ներքին գործունեությունը եւ, ի թիվս այլ խնդիրների, ճանաչի Ողջակիզումը' Shoah-ը: Իր հերթին Իսրայելը' որպես այդ ողջակիզման կրող, այլեւս պետք է դուրս գա Հայոց ցեղասպանության ժխտման իր մեղսակցությունից: Այս կապակցությամբ Վաշինգտոնը, Մոսկվան եւ եվրոպական մայրաքաղաքները համալիր քննադատական վերանայումներ կատարելու առիթն ունեն:

Միգուցե հասունացել է ժամանակը, որ անցյալի բոլոր մանրակերտերը փոխեն իրենց մատուցակերպը: Դասական-աշխարհաքաղաքական կամ թե էներգետիկ աղբյուրների հղմամբ «վարագույրը» շուտով պետք է իջնի արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ առանցքների երեկվա կլիշեի վրա:

Ի շահ փոքր հինավուրց Հայաստանի եւ մեծ Նոր աշխարհի:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը