Կարծիք

03.06.2019 09:25


Թավիշներն արեցին ամեն ինչ, որպեսզի արցախահայությանը համարեն ընդամենը Ղարաբաղի հայ համայնք

Թավիշներն արեցին ամեն ինչ, որպեսզի արցախահայությանը համարեն ընդամենը Ղարաբաղի հայ համայնք

Վերջերս ԵԱՀԿ միջնորդները Բաքվում հանդիպել են, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ու նրա ղեկավարի հետ: Փաստորեն, Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում հասել ենք արդեն այն հանգրվանին, որ Արցախի ղեկավարությանը հավասարեցրել են ինչ-որ մոգոնված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ, ու համանախագահողները ինչպես որ Ստեփանակերտում հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, այնպես էլ, որպես դրան համահավասար քայլ, Բաքվում հանդիպում են Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչվածի ղեկավարության հետ:

Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչի մասին արդեն ամիսներ շարունակ ահազանգում էի. թավիշները արեցին ամեն ինչ, որպեսզի արցախահայությանը (որը Արցախի ամբողջ բնակչությունն է) համարեն ընդամենը Ղարաբաղի հայ համայնք ու չեղած ադրբեջանական համայնքի հետ հավասար հարթության մեջ դիտարկեն: Սա նշանակում է, որ բանակցությունները գնում են այն ուղղությամբ, որ ամբողջ Արցախը պիտի վերադարձվի Ադրբեջանի կազմ, ու այնտեղ, հայ համայնքի հետ միասին, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անվան տակ, բնակվեն նաև ադրբեջանցիներ: Ու թող ոչ ոք չփորձի հիմա ինձ ասել, որ անիմաստ մեղադրանքներ եմ հնչեցնում. ես երբեք անտեղի ոչինչ չեմ ասում. համանախագահները ինչի՞ համար են հանդիպում այդ Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչվածի հետ, նրանց հետ ադրբեջանական խոհանոցը քննարկելո՞ւ համար, թե՞ մուղամի մելիզմների մասին խոսելու. նրանք այդ մարդկանց հետ քննարկում են հակամարտության «կարգավորումից» հետո Արցախում նրանց վերաբնակեցման հետ կապված մանրամասները, և վերջ: Ու չկարծեք, թե այդ ադրբեջանական համայնք կոչվածը պիտի բնակվի միայն ազատագրված 7 շրջաններում. նրանք նաև բուն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում են պատրաստվում բնակվել, մասնավորապես Շուշիում ու մնացած 5 շրջանների որոշ գյուղերում ու ավաններում:

Չմոռանանք, որ համայնքը ինքնորոշվելու իրավունք չունի (այն ոչ տերիտորիալ կազմավորում է), ինքնորոշվում են ազգերը, քանի որ տերիտարիալ կազմավորումներ են, այսինքն ունեն որոշակի տարածք, որի վրա կոմպակտ ապրում են ու բացարձակ մեծամասնություն են կազմում: Հիմա այդ ադրբեջանական համայնքին մոգոնել են, որպեսզի ասեն, որ արցախահայությունը ազգության կարգավիճակ չի կարող ունենալ, այսինքն Արցախը միայն իրենց տարածքը չէ, և որ Արցախի տարածքը նրանց հետ նաև ադրբեջանական համայնքին է պատկանում: Կարճ ասած, ժողովուրդ ջան, կարծում եմ՝ հասկացաք նյուանսը:

Եվ այս ամենից հետո՝ որպես հետևություն, կարող ենք ասել, որ երբ արցախահայությանը ազգության կարգավիճակից ցածրացնում են ընդամենը համայնքի կարգավիճակի, դա նշանակում է, որ այսօրվա դրությամբ բանակցություններում արցախահայության ինքնորոշման իրավունքը արդեն հանված է օրակարգից, պատահական չէ, որ առ այսօր Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը դեռ ոչ մի բառ չեն ասել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, Զոհրաբ Մնացականյանը միայն խոսում է արցախահայության անվտանգության մասին, և դա ցույց է տալիս, որ իրենք հիմա բանակցում են, Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, այնտեղի հայության ֆիզիկական անվտանգության երաշխիքները ապահովելու մեխանիզմների շուրջ միայն, և ուրիշ ոչինչ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը