Հարցազրույց

02.06.2019 22:01


«Սա անօրինական է և իրավական դաշտում չի տեղավորվում». լիազորությունները դադարեցրած դատավորը պատրաստ է դիմել Եվրոպական դատարան

«Սա անօրինական է և իրավական դաշտում չի տեղավորվում». լիազորությունները դադարեցրած դատավորը պատրաստ է դիմել Եվրոպական դատարան

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ի որոշմամբ դադարեցրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները։

ԲԴԽ-ն նման որոշում էր կայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ներկայացրած միջնորդությունը քննելուց հետո՝ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ըստ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրության՝ կարգապահական վարույթի պատճառն ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն է եղել։

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Արայիկ Մելքումյանի հետ, ով ԲԴԽ-ի որոշումն անօրինական է համարում։

–Պարոն Մելքումյան, ո՞րն է եղել Ձեր լիազորությունները դադարեցնելու հիմնական պատճառը։

–Արդարադատության նախարարն է դիմել ԲԴԽ-ին, ըստ նրա՝ օրենք է խախտվել, քանի որ կատարողական թերթ եմ տրամադրել այն դեպքում, երբ դեռևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկար։ Ինձ մոտ վարույթում 3450-ից ավելի գործեր կան և, ըստ էության, շատ դժվար է հետևել բոլոր գործընթացներին և միաժամանակ մասնակցել դատական նիստերին, այսինքն՝ տեխնիկապես այդ ամենին հետևելը շատ բարդ է, պարզապես վրիպակ է տեղի ունեցել։

Նախ՝ այդ կատարողական թերթը, որը տրամադրել եմ, որևէ իրավական հետևանք չի առաջացրել, այսինքն՝ որևէ մեկից դրամական միջոցներ չեմ վերցրել, սխալը տեսնելով՝ ինքս կատարողական թերթը հետ եմ վերցրել, որպեսզի բարդություններ տեղի չունենային։

Այնուամենայնիվ արդարադատության նախարարը կարծել է, որ դա կոպիտ խախտում է, ուստի դիմել է ԲԴԽ-ին և իմ լիազորությունները դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել, նաև պատճառաբանելով, որ իմ արարքը հեղինակազրկում է դատական իշխանությանը, այդպես էլ չմեկնաբանելով, թե ի՞նչ արարք էր, որը հեղինակազրկում է դատական իշխանությանը։

Այսպես ասեմ, զուտ կամայական միտք է առաջացել նրա մոտ, ինչը հաստատել են ԲԴԽ նախկին նախագահն ու երկու անդամները։ Սա անօրինական է և իրավական դաշտում չի տեղավորվում։

–Այսինքն՝ Ձեր լիազորություններն անօրինակա՞ն են դադարեցվել, վերականգնելու հնարավորություններ կա՞ն։

–Այո, միանշանակ։ Ես մայիսի 13-ին դիմել եմ Սահմանադրական դատարան, մեկ դիմում մուտք եմ արել, բայց մինչև օրս պատասխան չունեմ։ Պահանջել եմ, որպեսզի հակասահմանադրական ճանաչեն այն դրույթը, որով բողոքարկման իրավունք առհասարակ գոյություն չունի՝ դատական օրենսգրքով։ Երկրորդ դրույթով էլ խնդրել եմ, որպեսզի հակասահմանադրական ճանաչեն ԲԴԽ-ի կողմից փետրվարի 14-ի որոշումը։

–Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը, և Սահմանադրական դատարանն ըստ սահմանաված կարգի՝ ե՞րբ պետք է Ձեր դիմումին պատասխանի։

–Իմ հիշելով, վարույթ ընդունելու որոշումը 7 օրում պետք է կայացվի, դա դեռևս չեմ ստացել, եթե վարույթ ընդունվի, գործը կքննվի 3-6 ամսում։

–Վերջերս փաստաբան Դիանա Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ Ձեր նկատմամբ այս ամենը հաշվեհարդար է, քանի որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի դեմ դատական վճիռ եք կայացրել՝ հօգուտ Երկրորդ նախագահի որդու։ Այստեղ վրեժխնդրություն տեսնո՞ւմ եք։

–Անկեղծ որ ասեմ, չեմ ցանկանում այդպես կարծել, բայց ըստ էության փաստերը դրան են տանում, քանի որ իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել։ Սա՝ այն դեպքում, երբ մեկ շաբաթ կամ 10 օր առաջ իմ գործընկերներից մեկը ևս նման խախտում էր արել, որի նկատմամբ հայտարարվեց միայն նկատողություն, բայց իմ պարագայում դադարեցվեցին լիազորություններս։ Չեմ ուզում հավատալ, բայց կարծում եմ՝ պատճառներից մեկը հենց դա է։

–Այդ պարագայում մտավախություններ չունե՞ք, որ կարող են ձգձգել գործընթացը և այդպես էլ չվերականգնել Ձեր լիազորությունները։

–Ես այդքան էլ մեծ հույսեր չեմ կապում Սահմանադրական դատարանի հետ՝ հաշվի առնելով, թե այսօր իրողություններն ինչպիսին են, հատկապես այն պարագայում, որ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի, որ ԲԴԽ-ի ընդունած որոշումը հակասում է Սահմանադրությանը։

Ամեն դեպքում, եթե այնպիսի որոշում կկայացնի, որը, իմ կարծիքով՝ խախտում է իմ իրավունքները, պատրաստ եմ դիմելու Եվրոպական դատարան։ Ես պարզապես սպասում եմ ՍԴ-ի որոշմանը։

–Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ վստա՞հ եք, որ Եվրոպական դատարանում գործը կարող եք շահել։

–Հանգամանքները հաշվի առնելով և խորհրդակցելով համապատասխան մասնագետների հետ, այդ թվում՝ դրսի մասնագետների, վստահ եմ, որ գործը կշահեմ։ Բացի այդ, այդ մասով նախադեպ կա, և միանշանակ խորհուրդ տվեցին դիմել, պարզապես կարող է՝ ժամկետի առումով երկար գործընթաց լինի։

Կարող ենք միջնորդություն ներկայացնել, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում գործի քննությունը լինի, որովհետև ստացվում է այնպես, որ ԲԴԽ-ն կամայական նման որոշում կարող է իրականացնել ցանկացած դատավորի նկատմամբ։ Այսինքն՝ իրենց լիազորություններից դուրս գալով՝ կարող են կամայական որոշում կայացնել ու ասել՝ այս կամ այն դատավորն ինչ-որ սխալ է արել, բերեք համարենք կոպիտ սխալ և դադարեցնենք լիազորությունները։

Իմ մասով նախադեպ է ստեղծվել, որպեսզի ԲԴԽ-ն անի այն, ինչ ցանկանում է, սա ուղղակի, այսպես ասած, կպնում է այն երաշխիքին, որ դատական իշխանությունն անկախ է։ Այս հիմքով, կարծում եմ՝ սա համակարգային խնդիր է, և այն ոչ միայն իմ, այլև բոլոր դատավորների խնդիրն է, որ նույն արարքի համար մի դատավորի նկատմամբ կարելի է այս պատժամիջոցը կիրառել, մյուսի հանդեպ խտրականություն դնել ինչ-որ հաշվեհարդարի մասով։

–Պարոն, Մելքումյան, ի՞նչ կարծիք ունեք դատավորներին «վեթինգի» ենթարկելու վերաբերյալ, Ձեր լիազորությունները վերականգնելու դեպքում պատրա՞ստ եք անցնելու այդ գործընթացով։

–Այսօր հասարակությունը «վեթինգի» միջոցով ցանկանում է տեսնել, թե ով որքան գումար է աշխատել, ինչ ճանապարհով, ինչ սեփականություն ունի, և այլն։ Այդ գործընթացին ես դեմ չեմ, բայց ամեն ինչ հանձնաժողովի միջոցով պետք է տեղի ունենա, ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են այդ գործընթացն իրականացնում։ Եթե իրականացնելու են մարդիկ, որոնք ինչ-որ կապեր ունեն նոր իշխանությունների հետ և ըստ էության ճանաչված չեն, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպիսի կամայական որոշումներ կկայացնեն։

Բայց եթե իրականացնող մարմինը բաղկացած է լինելու այն անձանցից, որոնք հեղինակություն ունեն, արատավորված չեն եղել , ունեցել են բարի համբավ, այդ դեպքում «վեթինգ» իրականացնելը ճիշտ քայլ կլինի։ Եթե հանձնաժողովը բաղկացած լինի իմ նշած վերջին անձանցով, ապա դեմ չեմ լինի, որ «վեթինգ» իրականացվի նաև իմ մասով։

–Վերջերս ՀՀ վարչապետի կոչով փակվել էին դատարանների ելքերը, եթե դատական համակարգում որևէ փոփոխություն տեղի չունենա, Դուք ցանկություն կունենա՞ք աշխատել այնպիսի պայմաններում, երբ ամեն վայրկյան կարող են խոչընդոտել Ձեր մուտքը դատարան։

–Սա շատ բարդ հարց է, ինքս կողմնակից չեմ նման քայլերի։ Դեմոգրաֆիկ երկրներում, հատկապես՝ մեր նման պետությունում, որը զարգացման փուլում է, նման ձևով դատական իշխանությանը վարկաբեկելով կամ ելքերը փակելով՝ ավելի շատ հիշեցնում են հին անցյալի գործողություններ։ Կա բազմաթիվ գործիքակազմ, եթե նպատակ կա որևէ առնչությամբ հսկել դատավորների գործունեությունը, նրանց կայացրած որոշումները, ապա կա միջազգային փորձ, որը կարելի է ուսումնասիրել։ Բայց երբ փակում են դատարանների մուտքերը, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են արդարադատություն, կարծում եմ՝ դա կարող է առաջացնել քաոս։

Ես չէի ցանկանա նման պայմաններում աշխատել՝ որպես դատավոր, եթե ցանկացած պահի կոչեր հնչեն, որ դատարանների մուտքերը պետք է փակեն, դատավորներին հետևեն։

Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորի հասցեն էին հրապարակել, սա արդեն սպառնալիք է, ինչ-որ քարե դարի երևույթ և, հիմնականում՝ հեռացնող այսօրվա մեր արժեքներից, որոնք ցանկանում ենք ձեռք բերել մեր անկախության պահից։

Մենք ինչ-որ չափով ձեռք բերված դատական համակարգ ու իշխանություն ունենք, այդ տարանջատման մասը, որն ըստ էության կառավարության կողմից փորձ է արվում խարխլել կամ միջամտել, պետք է նման քայլերից զերծ մնան։

Կցանկանայի, որ իմ գործընկերները զսպվածություն դրսևորեին, որպեսզի այս անցումային շրջանը փորձենք ավելի հեշտ անցնել։ Չէի ուզենա՝ ինչ-որ մեկը խնդիրների մեջ մտներ։ Ամեն դեպքում դատական իշխանության բարձրությունը շատ կարևոր է, շատ կցանկանայի, որ դա պահպանվեր, պահպանողներից մեկն էլ դատավորներն են։

Այս խորագրի վերջին նյութերը