Հարցազրույց

05.04.2010 10:13


Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շպիգելին»

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շպիգելին»

Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Շպիգել» ամսագրին։

-Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Շպիգելի» հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:

-Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրականացնել, և թե թուրքական պատմությունն «արևի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

-Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:

-Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:

-Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:

-Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:

-Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:

-Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է, որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձևեր ընդունել, ասեն՝ մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:

-Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այդքան կարևոր:

-Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:

-Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր այն սահմանի այն կողմում է՝ անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:

-Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը՝ երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:

-Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:

-Մենք ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:

-Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:

-Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ՝ հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը

-Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

-Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:

Այս խորագրի վերջին նյութերը