Մեկնաբանություն

30.05.2019 10:40


Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը շարունակվում է

Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը շարունակվում է

Խորհրդարանի քայլարած մեծամասնությունը հերթական անգամ մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուին։ Արթուր Վաղարշյանը չդարձավ Սահմանադրական դատարանի անդամ։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ուզում է լևոնական Վահե Գրիգորյանին «ընտրեցնել» ՍԴ անդամ, որպեսզի հետագայում նրան ՍԴ նախագահ նշանակի և ստանա կատարյալ դակիչ մարմին նաև այդ օղակում։

Արմեն Սարգսյանը թեև Փաշինյանի հետ ուղղակի հակադրության չի գնում և, մասնավորապես, նրա հակասահմանադրական քայլերին համապատասխան գնահատական չի տալիս ու բավարարվում է լղոզված ձևակերպումներով, բայց ՍԴ–ի հարցում «ատամ» է ցույց տալիս և չի անում այն, ինչ «ժողովրդի» վարչապետն է ուզում։ Իսկ ուզում է վարչապետը, որպեսզի Սարգսյանը Գրիգորյանին առաջադրի որպես ՍԴ անդամի թեկնածու։ Այն Գրիգորյանին, որը հրապարակավ համարում է Սարգսյանին ոչ լեգիտիմ նախագահ՝ պայմանավորված նրա քաղաքացիության թեմայով։

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ օրենք փոխեց, որպեսզի Վահե Գրիգորյանին կարողանա դարձնել ՍԴ դատավոր, բայց Սարգսյանն առայժմ անդրդվելի է, իսկ դա «փչացնում» է Փաշինյանի «Ինչ ուզեմ՝ կարամ անեմ» փուչիկային իմիջը։ Թե որքան կշարունակվի այս ամենը, դժվար է ասել։

Դատելով ամենից՝ կողմերից որևէ մեկը չի ուզում զիջել։ Բայց նաև չի կարող իր ուզածն անցկացնել։ Սարգսյանին պատկանում է խորհրդարանին դատավորի թեկնածու առաջարկելու իրավունքը, իսկ Փաշինյանին՝ ԱԺ խորհրդարանին հրահանգ տալու և համապատասխան ձայներ ստանալու հնարավորությունը։ Այս իրավիճակում մնում են փողոցը և ճղճղոցը, բայց վերջին ակցիաները ցույց տվեցին, որ փողոցում Փաշինյանը մնացել է հունվեյբինների հույսին, իսկ դրանք էլ շատ սակավաթիվ են։

Շուտով մենք երևի Հայաստանի բոլոր գիտնական–իրավաբաններին դեմքով կճանաչենք, քանզի դեռ շատերն են ԱԺ ամբիոնի մոտ որպես դատավորի թեկնածու հայտնվելու։

Շոուն շարունակվում է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը