Կարծիք

26.05.2019 08:35


Մեր տնտեսության հաջողակները

Մեր տնտեսության հաջողակները

Պուճուրիկ «թյուրիմացությունից» հետո ՊԵԿ-ը վերահրապարակեց 2019թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը: Նույնիսկ թյուրիմացության բացատրություն ներկայացվեց: Խոսքը նոր մեթոդաբանության ներդրման մասին է: Ցանկից կորել էր մի հարկատու, որ վերահրապարակումից հետո հայտնվեց երրորդ տեղում (խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է):

ՊԵԿ-ի պարագայում չգիտեմ, բայց տնտեսական պաշտոնական տեղեկատվություն հրապարակող մյուս կառույցները պարբերաբար օգտվել են այդ հնարքից: Սովորաբար նոր կառավարությունները օգտվում են «նոր մեթոդաբանություն ներդնելու» հնարքից: Այս դեպքում տնտեսական տվյալները դառնում են դժվար համադրելի: Հետևաբար, վերլուծությունների համար նույնքան դժվարանում է կառավարությունների աշխատանքի արդյունավետության համադրումը նախորդների հետ:

Բայց մեր տնտեսական կյանքում սա միայն պետական մարմիններին չէ, որ բնորոշ է: Խոշոր մասնավոր ընկերություններն էլ մի քանի տարին մեկ, օրինակ, «անվանափոխվում են»: Մի կողմից այս հնարքը խոշոր ընկերություններին հնարավորություն էր տալիս դառնալ անհամադրելի իրենց իսկ կողմից նախորդ տարիներին պաշտոնապես հրապարակված տվյալների հետ: Մյուս կողմից դա օրենսդրական հնարավորություն է հարկային արտոնություններ ստանալու համար:

Հիմա, օրինակ, մեր տնտեսական մամուլին հետաքրքրում է, թե ինչու է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցանկում մուծած 3.35 մլրդ դրամ հարկերով 5-րդ տեղ «գրաված» «Ալեքս հոլդինգն» անհայտացել: Փոխարենը՝ 2019-ի ցանկում բավական նման անունով («Ալեքս էնդ հոլդինգ») մի կազմակերպություն մուծած 1.3 մլրդ դոլար հարկերով հանգրվանել է 21-րդ տեղում: Բացատրություններ, իհարկե, կգտնվեն: Նույնիսկ` հիմնավոր բացատրություններ: Բայց այն պատճառով, որ ցանկի կազմման մեթոդաբանությունը փոխվել է, կարելի է խոսել նաև դրանք չհամադրելով:

Օրինակ՝ կարելի է առանձնացնել, որ 2019թ. առաջին եռամսյակում չորս ընկերություն է մեկ մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել: Չհամադրելու պայմաններում «Շա՞տ է դա, թե քիչ» հարցն ինքնին հռետորական կդառնար, եթե խոսքը շահութահարկին չվերաբերեր: Հարկի այս տեսակը տնտեսվարող ձեռնարկությունների արդյունավետությունը գնահատող որոշակի ցուցանիշ է: Այս տեսանկյունից առաջատար են «Գրանդ Տոբակոն»՝ մուծած 1.456 մլրդ շահութահարկով, «ՀԱԷԿ-ը»` 1.215 մլրդ, «Սպայկան»` 1.168 մլրդ և Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը` 1.028 մլրդ: Այս քառյակից առանձին վիճակում է Ատոմակայանը, որովհետև նրա արտադրանքն իրացվում է պետական հանձնաժողովի որոշած սակագնով:

Հետևաբար, շահույթի չափն ու դրանից գանձվող 20 տոկոս հարկն ինքնին արձանագրված են սակագնի չափը հաստատող որոշմամբ: Առաջին եռամսյակի տվյալներով՝ 500 մլն դրամից մինչև մեկ մլրդ դրամի սանդղակում տնտեսվարող կազմակերպությունների քանակն էլ կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: 500 մլն դրամից ավելի մուծած ընկերությունները քանակով ուղիղ հինգն են: Իսկ 100-500 մլն դրամ մուծողների քանակը 32 է:

Փաստորեն, մեր 1000 խոշոր հարկ մուծողներից միայն 39 ընկերության է այս տարվա առաջին եռամսյակում «հաջողվել» 100 մլն դրամից ավելի շահութահարկ մուծել: Մեր բյուջեի հույսը շարունակում է Ավելացված արժեքի հարկը մնալ: Հանրահայտ ԱԱՀ-ն նույնպես 20–տոկոսանոց մասնաբաժին ունի: Բայց այն անուղղակի հարկ է: Այսինքն, հարկ, որը գանձվում է ոչ թե տնտեսվարումից, այլ ներմուծված, արտադրված ապրանքներից ու ծառայություններից՝ առանց դրանց իրացման: Կամ ավելի ճիշտ` բյուջեն այս հարկատեսակով իր փողերը գանձում է մինչև ապրանքների ու ծառայությունների իրացումը:

Շատ զարգացած երկրներ (օրինակ՝ ԱՄՆ-ը) հպարտանում են, որ չունեն այս հարկատեսակը: Շատ զարգացած երկրներ էլ ունեն (օրինակ՝ Գերմանիան` նույն 20–տոկոսանոց դրույքով), բայց, միևնույնն է, հպարտանում են: Հպարտանում են, որ իրենց երկրում ԱԱՀ-ն միասնական դրույքաչափով չի գործում. տնտեսության կարևոր ու խրախուսելու արժանի ոլորտներում այն նկատելի ցածր է (Գերմանիայի պարագայում, օրինակ, գրահրատարակության ԱԱՀ-ն 7 տոկոս է): Բայց սա արդեն առանձին թեմա է ու ամենևին էլ հաջողակներին չի վերաբերում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը