Հարցազրույց

25.05.2019 11:40


Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

«Հեղափոխության երկրորդ` կարեւորագույն փուլի» շրջանակում նախանշվող եւ «սաղմնային մակարդակով» արդեն իսկ մեկնարկած «դատական ռեֆորմի»` դատական իշխանությունը վիրահատական ճանապարհով հեղաշրջելու, փոխելու իշխանական նկրտումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը.

-Եթե Ազգային ժողովն արձակելը քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ էր, իսկ տնտեսական հեղափոխությունը, որի մասին օրվա իշխանությունը, կարծես, մոռացել է, գործադիրի իրավասությունների դաշտում է, ապա դատական իշխանությունը սահմանադրորորեն տարանջատված է գործադիրից եւ օրենսդիրից։ Չկա՛ որեւէ զարգացող ժողովրդավարական երկիր, որտեղ Սահմանադրությունից եւ օրենքներից դուրս դուրս որեւէ բարեփոխում իրականացվի` վիրահատական կամ հետվիրահատական։ Այստեղ ամեն ինչ պետք է լինի բացառապես Սահմանադրության տառին համապատասխան։

Այն, ինչ տեղի է ունենում «հեղափոխության երկրորդ փուլի» անվան տակ`ինչի սկիզբը դրվեց Նիկոլ Փաշինյանի կոչով, ուղղակի անթույլատրելի է։ Արգելափակել, կաթվածահար անել դատարանների գործունեությունը թեկուզ կես ժամով, 10 րոպեով`որպես իրավաբան եմ ասում, Սահմանադրության կոպիտ խախտում է, որովհետեւ դատական իշխանությունը մեր Սահմանադրության մեջ ամրագրված է որպես անկախ իշխանության առանձին թեւ` անկախ մարմին։ Այսինքն` Սահմանադրությունն ինքնին երաշխավորում է, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինները պետք է անկախ լինեն, իրար իրավասությունների դաշտ չմտնեն, ունենան անկախ գործելու երաշխիքներ, փոխզսպման մեխանիզմների միջոցով կարողանան մեկը մյուսին վերահսկել եւ երկիրը առաջ տանել` օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ։

-Փաշինյանի համար Սահմանադրությունը հիմք չէ` մարդը որոշել է, որ երկիրը միայն «անցումային արդարադատությունը» կփրկի, եւ վե՛րջ. ո՞վ ենք մենք, որ իր ասածին «չէ» ասենք։

-Անցումային արդարադատություն ասածն ինքնին բավականին բարդ, մութ գործընթաց է։ Այդ անցումը պետք է իրականացվի շա՜տ զգույշ, մասնագիտական լուրջ, մանրակրկիտ քննարկումների արդյունքում։ Այն մթնոլորտը, որի պայմաններում փորձում են անցկացնել այդ «բարեփոխումը», որեւէ լավատեսության առիթ չի տալիս։ Անցումային արդարադատությո՛ւնն էլ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում` եթե չկարողացանք իմ մատնանշած սկզբունքների հիման վրա իրականացնել այդ գործընթացը, կկորցնենք այն, ինչ այսօր ունենք։

Խոսում են դատավորներին զտելու, վեթինգի ենթարկելու մասին։ Իհարկե, կա՛ն բազմաթիվ դատավորներ, որոնք իրավունք չունեն «հանուն Հայաստանի հանրապետության» որոշումներ կամ դատավճիռներ կայացնելու, բայց նաեւ թացը չորին խառնելու, յուրայիններին ոչ յուրայիններից տարանջատելու խնդիր կա։ Բարդ ժամանակահատված է, եւ պետք է ճիշտ որոշումներ կայացնել` վեր կանգնելով իշխանական հավակնություններից եւ անձնական, խմբակային, կուսակցական շահերից։ Ցավոք, դրա նախադրյալները չեմ տեսնում, որովհետեւ արդեն իսկ խախտված է Սահմանադրությամբ ամրագրված իշխանության երեք թեւերի տարանջատման սկզբունքը։

Հոկտեմբերի 2-ին ամբոխը գործադիր իշխանության ղեկավարի գլխավորությամբ գրոհեց խորհրդարանը, եւ Ազգային ժողովը (որի լեգիտիմությունը ճանաչել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը` չէր վիճարկել ընտրությունների արդյունքները, չէր դիմել Սահմանադրական դատարան), ուժի դիրքերից` «համաժողովրդական ընդվզման» սպառնալիքի տակ լուծարվեց։ Եվ պետության գլուխը` նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը դրա հետ կապված որեւէ դիրքորոշում, վերաբերմունք չարտահայտեցին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Պետական կառույցները, պաշտոնատար անձինք, որոնք մեր Սահմանադրությամբ համարվում են սահմանադրական մարմիններ եւ ունեն համապատասխան լիազորություններ, պետք է իրականացնեն այդ լիազորությունները։ Բայց նախագահը ոչ մի բանի չի խառնվում` մի կողմ է քաշվել, կարծես այս ամենը իրեն չի վերաբերվում։

-Չէ, ինչո՞ւ` անկապ մի հայտարարություն արեց, որից ոչ մեկը ոչինչ չհասկացավ։

-Այո, խոսեց եւ ոչինչ չասաց։ Եղան մեկնաբանություններ, թե նախագահը Սահմանադրությամբ շատ քիչ լծակներ ունի կամ իրեն վերապահված են շատ փոքր լիազորություններ։ Սա թյուր կարծիք է` Սահմանադրության համաձայն, նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը եւ պետք է ապահովի դատարանների անկախությունը, նաեւ ի պաշտոնե` հստակ ներկայացնի իր տեսակետը այս ամբողջ գործընթացի վերաբերյալ, ոչ թե ոչինչ չասող լղոզված հայտարարություններ անի։

-ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, զարգացնելով վարչապետի «թեզիսները», ավելի առաջ գնաց. ասաց` օրենքը մի քանի օրից պատրաստ կլինի, բայց օրենքին մի՛ սպասեք, հենց հիմա գործի լծվեք`եթե փաստեր ունեք այս կամ այն դատավորի անօրինական որեւէ որոշման, ապօրինի ձեռք բերած ունեցվածքի մասին, ներկայացրեք`ուր որ պետք է։

-Չեմ ուզում մեկնաբանել Լենա Նազարյանին, որովհետեւ նրա ասածի մեջ որեւէ հոդաբաշխ միտք, Սահմանադրության, օրենքների հետ ընդհանուր եզր ունեցող որեւէ բան չկա։ Տպավորությունն այնպիսին է, թե այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները դեռ չեն պատկերացնում իրենց պաշտոնի լրջությունը եւ իրենց խոսքի արժեքը չգիտեն։ Եթե Աժ փոխխոսնակը կարող է նման մտքեր արտահայտել կամ մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումներով որոշել` այս կամ այն դատավորը լա՞վ դատավոր է, արդա՞ր է դատում, թե՞ կաշառակեր է, մենք լրջագույն խնդիր ունենք, եւ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա, որովհետեւ չի՛ կարող այսպես շարունակվել. ինչ ուզում են` անում են... Ուղղակի խոսք չեմ գտնում այս «ֆենոմենը» բնութագրելու համար։ Եթե տեղեկություններ են հրապարակվում, թե այս կամ այն դատավորը կաշառք է վերցրել, դա հանցագործության մասին հաղորդում է, եւ շատ վատ է, որ իմանալով այդ մասին` մինչեւ հիմա թաքցրել են։

-Այս իշխանությունների համար ամբողջ Սահմանադրությունը հանգում է մի կետի` Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ ուրեմն` ժողովուրդն է որոշում ամեն ինչ. ինչ ուզի, այն էլ կանի։ Ժողովուրդը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել. սա ինքնադատաստանի կոչ չէ՞, Ձեր կարծիքով։

-Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 95թ-ից սահմանադրական հանրաքվեից հետո այդ կետն ամրագրված է Սահմանադրության մեջ, եւ ժողովուրդն իր իշխանությունը` առաջնային մանդատը, ընտրությունների միջոցով` ուղղակի կամ անուղղակի, պատվիրակում է այս կամ այն պետական մարմնին, պաշտոնատար անձին, իշխանության թեւերին` օրենսդիր, գործադիր եւ դատական, որպեսզի իրականացնի այդ իշխանությունը։ Ամեն անգամ ձեռքը դնել այդ կետի վրա եւ ասել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին`պարզ մանիպուլյացիա է։

Իշխանությունը հասկանում է, որ ի զորու չէ, չի կարողանում որեւէ գործընթաց առաջ տանել` ապահովել տնտեսական աճ, թռիչքաձեւ զարգացում, ներդրումներ ներգրավել, եւ ձեռքը գցում է փրփուրներին։ «Հեղափոխության» ժամանակ մարդիկ հերթ էին կանգնել` ներդրումներ անելու, հետո պարզվեց` չէ, հերթ չեն կանգնել, որոշեցին ստուգել բանկային հաշիվները, տեսնել` ում բանկային հաշվին մեծ գումար կա, ով իրավունք ունի շարունակել բիզնեսը, ով`պետք է մուծվի համապատասխան հիմնադրամներին... Հիմա էլ պարզվում է, որ ներդրումներին խանգարում է դատական իշխանությունը։

Էլի եմ ասում` կան դատավորներ, որոնք օր առաջ պետք է ազատվեն աշխատանքից։ Բայց դրա համար կան օրենքով սահմանված ընթացակարգեր։ Որեւէ դատավոր անօրինական որոշո՞ւմ է կայացրել, խնդրեմ` վերադասության կարգով բողոքարկեք համապատասխան դատական ատյաններ, դիմեք Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան։ Եթե կլինի անօրինական վճիռ, համապտասխան ընթացակարգ ընդունեք, եւ օրինազանց դատավորը թո՛ղ պատասխան տա։ Ոչ թե ասեք` նայողը մենք ենք, ինչ ուզենք` կանենք, արգելափակեք դատարանները, ճնշում գործադրեք եւ ակնհայտ անօրինական, հակասահմանադրական ինչ-որ պրոցեսներ իրականացրեք։

Կան դատավորներ, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների նախագահներ եւ անդամներ, որոնք Ազգային ժողովի կողմից են ընտրվում իքս ժամանակով`հե՛նց նրա համար, որ անկախ լինեն իրենց որոշումների մեջ` քաղաքական կոնյունկտուրայից կախված չլինեն։ Հիմա այդ ամենը ի չիք է դառնում. գալիս է հաջորդ Ազգային ժողովը եւ ընտրում ուրիշ դատավորների, հաջորդ իշխանությունն էլ գալիս է, վեթինգ է անում եւ հեռացնում այն դատավորներին, որոնք ընտրվել կամ նշանակվել են այս իշխանության կողմից։ Սա մեզ տանում է նախնադար, տանում է ռեպրեսիաների, տանում է հաշվեհարդարների...

-Ասում են` իմքայլականների օրակարգի խնդիրներից մեկն էլ ԲԴԽ-ն եւ Սահմանադրական դատարանը արձակելն է։ Այս մասի՞ն ինչ կասեք։

-Արդեն ԲԴԽ նախագահը հրաժարական տվեց։ Հուսով եմ` Գագիկ Հարությունյանը հրապարակավ հանդես կգա, եւ մենք կիմանանք իր հրաժարականի իրական շարժառիթները։ Եթե դա եղել է ճնշումների, ամբոխավարական դրսեւորումների արդունքում, ապա իշխանության թեւերից մեկը` դատական իշխանությունը, այլեւս ոչ միայն վտանգված է, այլեւ պարալիզացված, եւ ենթարկվում է «խմբակային կանոներին»։ Եթե ՍԴ նախագահը չի կարողանում մուտք գործել Սահմանադրական դատարան, իրավունք չունի լռելու` պետք է խոսի, բարձրաձայնի իր տեսակետը, որպեսզի կանխի անդառնալին։

Այստեղ «իմ ու քո» չկա. հանգիստ նստենք տեղներս, որ մեր մասին չխոսեն, մեզ չհիշեն` այս սկզբունքը արդեն չի գործում։ Մենք գործ ունենք պետական ինստիտուտների, պետականությունը կորցնելու, պետության հիմքերը խարխլելու, իշխանության երեք թեւերի ոչ ադեկվատ, ոչ օրինաչափ հարաբերությունների հետ։ Ամեն ինչ խառնվել է իրար, եւ եթե այդ բարձրագույն պաշտոնները զբաղեցնող պաշտոնյաները լռում են, չեն խոսում, պետք է գտնենք այլ ելքեր, այլ միջոցներ` շտկելու իրավիճակը։ Իր վերաբերմունքը պետք է հայտնեն ժողովուրդը, միջազգային կառույցները։

-Վճռաբեկ դատարանը դիմել է ԲԴԽ-ին` վիճարկելով ՍԴ վերջին՝ իշխանության քիմքին ոչ հաճո որոշման իրավաչափությունը։ Վճռաբեկ դատարանը նման իրավասություն ունի՞, նույն ԲԴԽ-ն իրավասո՞ւ է կասկածի տակ դնելու ՍԴ որոշումը։

-Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն` անմիջական կիրառման եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սրանով ամեն ինչ ասված է։ Իսկ եթե վստահ են, որ եղել է որեւէ ոչ օրինաչափ դրսեւորում, կարող են դիմել Եվրոպական դատարան։

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը