Կարծիք

24.05.2019 16:55


Ժողովրդի անունից խոսելը բնորոշ է միայն ավտորիտար ռեժիմներին

Ժողովրդի անունից խոսելը բնորոշ է միայն ավտորիտար ռեժիմներին

Մի օրինաչափություն կա. երբ իշխանությունները սկսում են ամեն առիթով ժողովրդի անունից հանդես գալ, ուրեմն անօրինություններ են գործում։ Սովորաբար դա ավտորիտար ռեժիմներին է բնորոշ, ու դա է պատճառը, որ մեր «հեղափոխական» ղեկավարները միշտ ժողովրդի անունից են հանդես գալիս, դա այդպես էլ պիտի լիներ, քանզի իրենք ընդգծված ավտորիտար ռեժիմ են ու իրենց գործողություններով մշտապես հակադրվում են օրենքին և իրավունքին:

Իրենք իրենց այդ դեմագոգիկ պահվածքը բացատրում են նրանով, որ ընտրությունների ժամանակ 70%-ից ավելի ձայն են ստացել, ու, հետևաբար, իրենք ներկայացնում են ժողովրդին և լեգիտիմ են: Նախ՝ սկսենք այնտեղից, որ եթե անգամ 100% ձայն էլ հավաքած լինեին, միևնույնն է, եթե գործում են օրենքի դեմ, ուրեմն լեգիտիմ չեն, սա՝ մեկ, և երկրորդ՝ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է բացառապես ընտրությունների միջոցով՝ դրանց արդյունքում ձևավորված ԱԺ-ի, հետևաբար, նաև Կառավարության, օրենքով վերապահված գործառույթների միջոցով, այսինքն՝ ԱԺ-ի ու Կառավարության անդամները պիտի գործեն միայն ու միայն օրենքի ու Սահմանադրության տիրույթում. եթե նրանք դուրս են գալիս օրենքի ու Սահմանադրության տիրույթից, նշանակում է՝ դուրս են գալիս այդ նույն ժողովրդի դեմ, որի համար մի գեղեցիկ օր պատասխանատվության են ենթարկվելու:

Այնպես որ, մեր «հեղափոխականները» մյուս անգամ թող չհամարձակվեն հանդես գալ ժողովրդի անունից. նրանք մի բան լավ պիտի իմանան, որ ժողովրդի անունից հանդես գալու իրավունք ունեն միայն այն պաշտոնատար անձինք, որոնք գործում են հանուն այդ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընդունված օրենքների և Սահմանադրության համաձայն, իսկ եթե հանկարծ օրենքի դեմ ոտնձգություններ են սկսում անել (իսկ իրենք դա անում են), ապա ժողովրդի անունից խոսելն ավելորդ անգամ կբարդացնի իրենց վիճակը, երբ իշխանության կորստից հետո հայտնվեն մեղադրյալի աթոռին:

Ու մի բան էլ ասեմ. երբ այս մեր «հեղափոխականներն» ԱԺ-ի ընտրություններում իրենց ստացած 70% ձայների մասին են ամեն պատեհ ու անպատեհ առիթներով հիշեցնում, ուրեմն մենք էլ իրենց պիտի հիշեցնենք, որ այդ 70%-ն ընդհանուր ընտրողների ընդամենը 35%-ն է կազմում, որն արդեն իսկ մեծամասնություն չի (քանի որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների կեսը), հետևաբար անբարոյականություն է այդ թիվը մատի փաթաթան դարձնելով՝ ժողովրդի անունից խոսելը, առավել ևս, որ իրենց վարկանիշն ընտրություններից հետո արդեն ուղիղ կես է եղել, որը նշանակում է, որ իրենք, այսօրվա դրությամբ, միայն և միայն փոքրամասնություն կարող են համարվել, իհարկե, շատ ագրեսիվ փոքրամասնություն: Սակայն թող լավ իմանան, որ եթե այս տեմպերով շարունակեն իրենց հակաօրինական ու հակապետական քաղաքականությունը առաջ տանել, ապա մի գեղեցիկ օր մեծամասնությունն իր ներկայիս պասիվ վիճակից կանցնի ակտիվ վիճակի, այսինքն՝ ոտքի կկանգնի, կհամախմբվի ու իրենց կզրկի իշխանությունից, և այդ ագրեսիվությունն արդեն չի փրկի իրենց:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը