Կարծիք

23.05.2019 09:10


Բոլորս դեպի Ազատության հրապարակ

Բոլորս դեպի Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

որպես ներկայիս վտանգավոր քաղաքական իրողություններով մտագոհ քաղաքացի, որպես քաղաքացի, ում անհանգստացնում է ազգային, կրոնական, բարոյական, դիվանագիտական, իրավական և մյուս բոլոր ոլորտներում առկա կործանարար իրավիճակը՝ համարում եմ, որ մայիսի 23-ին, երեկոյան ժամը 19:00-ին յուրաքանչյուր ողջամիտ հայ պետք է գտնվի Ազատության հրապարակում:

Հանրահավաքը, որը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, պետք է միավորի բոլոր նրանց, ում համար հայրենիքը բացարձակ արժեք է, իսկ պետության անվտանգությունը՝ բացարձակ անհրաժեշտություն: Սա միայն Դաշնակցության խնդիրը չէ, այլ՝ բոլոր քաղաքական-հասարակական ուժերի, ում աչքի առաջ ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները, հալածվում՝ այլախոհությունը, իսկ «ժողովրդի իշխանություն» կոչվածը դառնում՝ «ոհմակի հոգեբանություն»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա օրերս կատարված հարձակումը, այն էլ՝ նրա անչափահաս թոռների ներկայությամբ, խոսում է այն մասին, որ «հեղափոխական» հռչակված ամբոխը կորցրել է չափ ու սահմանի զգացողությունը և անցել թույլատրելի կարմիր գիծը: Այստեղ տեղին է հիշել և ամնեզիայով տառապող որոշ վայ-գործիչներին էլ հիշեցնել հետևյալ հայտնի արտահայտությունը՝ «իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց ազատությունը»:

Վերադառնալով մայիսի 23-ին կայանալիք հանրահավաքին՝ նշեմ ու ընդգծեմ, որ այն կազմակերպվում է ոչ թե «ընդդդեմ», այլ «հանուն» կարգախոսով: Հանուն իրական ժողովրդավարության, հանուն օրենքի գերակայության, հանուն իրավական պետության, հանուն քաղաքակիրթ փոխհարաբերությունների, որոնց արդեն մեկ տարի կարոտ ենք մնացել:

Ժամանակն է արդեն, որպեսզի իրենց ծանրակշիռ խոսքն ասեն քաղաքական դաշտի հնաբնակները, դասական ու ավանդական ուժերը, որոնք մի կողմ քաշվելով՝ ասպարեզը թողել են խուլիգանական հակումներ ունեցող անգրագետ անձանց վրա: Անձինք, որոնց միակ արժանիքը, եթե դա կարելի է արժանիք համարել, եղել է փողոցում թավալվելը՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով: Սերժը մերժվել է, բայց ոմանք շարունակում են փողոցային թավագլորը՝ մոռանալով, որ սա պետություն է և հայրենիք:

Եվ ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ, որտեղ պետք է սկսվի միանգամայն նոր քաղաքական գործընթաց:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը