Կարծիք

22.05.2019 13:05


«Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ». Ա. Վարդևանյան

«Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ». Ա. Վարդևանյան

Հարգելի՛ գործընկերներ,
Քանի որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի գործով վարույթի կասեցման և Սահմանադրական դատարանի դիմելու որոշման վերաբերյալ շարունակվում են քննարկումները, ցանկանում եմ պարզաբանել հետևյալը.
1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի նախաձեռնությամբ կարող է քրեական գործով վարույթը կասեցնել և դիմում ներկայացնել ՍԴ: Նման լիազորությունը ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածում: Այս լիազորությունը որևէ պահանջ չի նախատեսում դատական նիստի շրջանակներում այն քննարկելու կամ կողմերի կարծիքը հաշվի առնելու: Հետևաբար, որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում առկա չէ և չի կարող լինել:
2) Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը՝ բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Նշվածը պայմանավորված է այն պարզ պատճառով, որ եթե այն բողոքարկման ենթակա լիներ Դատարանը չէր կարող իրացնել ՍԴ դիմելու լիազորությունը, այլ այն հնարավոր կլիներ իրացնել բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ ՀՀ Սահմանադրությունը այս լիազորությունը նախատեսել է բոլոր դատարանների համար: Նշված լիազորության իրացման առաջնային հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը:
3) Դատախազության արձագանքը առ այն, որ պետք է վերաքննիչ բողոք ներկայացվի կասեցնելու որոշման մասով. Դատախազությունը կողմերից առավել շահագրգռվածը պետք է լինի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու փաստով, քանի որ օրինականության երաշխավորման նկատմամբ ունի Սահմանադրական պարտականություն, իսկ եթե առկա են հիմնավոր կասկածներ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության, ինչպես նաև գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ, երբ առկա չէ Սահմանադրական դատարանի վերջնական որոշում՝ Դատարանը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան: Շատ կարևոր է ընդգծել, որ այն պարտականություն է, այլ ոչ հայեցողություն:
4) Վերաքննիչ բողոք ներկայացնելը պետք է ունենա հիմք, հիմնավորում և պահանջ: Հիմքի և հիմնավորումների բացակայությունը թեև ակնհայտ է, սակայն հետաքրքիր է պարզել ենթադրյալ պահանջը, օրինակ՝ «խնդրում եմ չպարզել սահմանադրականության հարցը»…: Կարծում եմ պահանջի վերաբերյալ ևս ամեն ինչ սպառիչ և հստակ է:

***

Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանի մեկնաբանությունների.

Նախ՝ հստակ ներկայացրել եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը և հենց նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ՀԱՏՈՒԿ կարգավորումը ՍԴ դիմելու վերաբերյալ, համաձայն որի՝ կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո: Կարծում եմ պարզ է նշված նորմի բովանդակությունը /վերաքննության, վճռաբեկության բացակայություն/:
Երկրորդ՝ Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ վերապահված բացառիկ լիազորության իրացումը և դրա բողոքարկման չլինելու հանգամանքը հաստատվում է ի լրումն ներկայացված հիմնավորումների նաև այն հանգամանքով, որ ՍԴ ընդունելիության պահանջների մեջ որևէ կերպ չի հիշատակվում կասեցման որոշման բողոքարկելու կամ դրա ժամկետների սպառման հարցը:
Երրորդ՝ Մրցակցային դատավարության այբուբենի կանոնի սահմանափակման վերաբերյալ մասնավորապես վերաքննության կարգի սահմանափակման վերաբերյալ ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ ՍԴՈ-1446 որոշումը:
Չորրորդ՝ Եռաստիճան դատական համակարգի կողմից արդեն իսկ իրավական գնահատականի արժանացած խնդիրները հաճախ ճանաչվում են ՀՀ Սահմանադրության հակասող և անվավեր ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել հենց սույն գործին վերաբերող ՍԴՈ-1459 որոշումը: Ի դեպ ՀՀ դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության վերաբերյալ երբևէ խնդիր չէր արձանագրել:
Որպես եզրափակում՝ ՀՀ դատախազությունը իրավասու չէ գնահատելու Դատարանի սահմանադրական լիազորության իրացումը որպես` «արհեստականորեն ձգձգում»: Մրցակցային դատավարության այբուբենի կանոնով՝ ՀՀ դատախազությունը հրապարակավ որևէ իրավունք և/կամ լիազորություն չունի այն մարմնին որին ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել «Հարգելի դատարան», այն մարմնին որի ՎԱՐՈՒՅԹՈՒՄ Է գտնվում գործը, որակել՝ «կամայական վարքագիծ, ապօրինի դատական ակտ» կարծես թե խիստ խնդրահարույց է, տարակուսելի և իրավական հարթությունից առերևույթ դուրս:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը