Կարծիք

22.05.2019 09:02


Հարևանների արտաքին պարտքը

Հարևանների արտաքին պարտքը

Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի խառնաշփոթը հրաշալի առիթ է դադար վերցնելու համար: Ի վերջո, ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է արտաքին (ու ներքին) աղբյուրներից ներդրումներ «երազել»՝ միաժամանակ ցնցելով սեփական երկրի դատական համակարգը: Ուստի ժամանակ կա տեսնելու, թե ինչ վիճակում են մեր տարածաշրջանի երկրները, ասենք, արտաքին պարտքի տեսանկյունից:

Հենց սկզբից հարկավոր է արձանագրել, որ Ադրբեջանի արտաքին պարտքի ցուցանիշները խիստ անհասկանալի են: Ճիշտ այնքան, որքան այդ երկրի տնտեսական կյանքի մյուս երևույթներն ու գործընթացները: Ադրբեջանի արտաքին պարտքը մեր տարածաշրջանի (և ոչ միայն) համար ռեկորդային ցածր է: Իհարկե, ՀՆԱ-ի հետ համեմատած: Այն կազմում է մոտ 8 մլրդ 927 մլն ԱՄՆ դոլար: Ադրբեջանի իշխանությունները հաճախ են հպարտությամբ հրապարակում, որ իրենց տարադրամային պահուստները մշտապես աճում են:

Պաշտոնապես երկրի տարադրամային պահուստ է հայտարարվում մոտ 36 մլրդ դոլար: Փաստորեն, «արտաքին պարտք» ասվածը պահուստային միջոցների 24 տոկոսն է կազմում: Ամեն տարի նման փայլուն թվեր հրապարակելուց հետո հարևան երկրի իշխանությունը երբեք իրեն նեղություն չէր տալիս սեփական բնակչությանը բացատրելու, թե ինչու տարադրամային պահուստների հաշվին լիովին կամ մասամբ չի փակվում արտաքին պարտքը: Ի վերջո, պարտքի դիմաց այդ երկիրը (բոլորի նման) տոկոսներ է վճարում: Բայց այս շաբաթ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ նպատակ ունեն նվազեցնելու երկրի արտաքին պարտքը: Խոստանալով այն 24 տոկոսից իջեցնել 19 տոկոսի ցուցանիշի:

Ավտորիտար ու նավթի «ասեղի վրա նստած տնտեսություն» ունեցող երկրի համբավ ունեցող երկրի տնտեսական ցուցանիշների հանդեպ միշտ էլ որոշակի վերաբերմունք կա` վերապահ վերաբերմունք: Ուստի Ադրբեջանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա վերլուծություններ համարյա չկան:

Փոխարենը՝ ավելի հաճախակի կարելի է գտնել վրացական տնտեսական կյանքի վերլուծություն-անդրադարձներ: Վրաստանի պետական պարտքը հաշվարկվում է մոտ 7.5 մլրդ դոլար: Այդ գումարի 81.3 տոկոսը կազմում է երկրի տարադրամային պարտքը (ինչ-որ իմաստով՝ արտաքին պարտքը): Վրաստանի կառավարության արտաքին պարտքը 5.3 մլրդ դոլար է: Մնացածը երկրի ԿԲ-ի, տնտեսական սուբյեկտների վերցրած վարկերն են: Արտաքին պարտքի ծավալը երկրում արտադրվող ՀՆԱ-ի 41.4 տոկոսն է կազմում: Ենթադրվում է, որ այն մի քիչ կաճի, բայց 2021թ. կնվազի՝ հասնելով 40.6 տոկոսի ցուցանիշի:

Հայտնի է, որ Վրաստանը 500 մլն արժեքի եվրաբոնդեր է թողարկել: Դրանց մարման ժամկետը 2021թ.-ն է: Ուստի այս և եկող տարվա համար որոշակի քայլեր են նախատեսված, որոնց նպատակը եվրաբոնդերի մարումն է, և որոնց հետևանքով արտաքին պարտքը մի փոքր կնվազի: Զուտ թվերի տեսանկյունից պարտքի ծավալը չի կարելի գնահատել ռիսկային: Հատկապես որ արտաքին պարտքի 88.1 տոկոսը կազմում են արտոնյալ վարկերը: Եվրաբոնդերի (9.5 տոկոս) և մյուս պարտքերի ծավալը շատ ավելի համեստ է: Վրաստանի արտաքին պարտքի 34 տոկոսը վերցված է (այսինքն, ամրագրված է) ԱՄՆ դոլարով, 27 տոկոսը՝ եվրոյով: Արտաքին պարտքի քաղաքականությունը վրաց իշխանությունները մշակում են ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ (բոլոր երկրների նման): Հետաքրքիր է նաև ներքին պարտքի կառուցվածքը: Ներքին պարտքի 69.3 տոկոսը ներգրավվել են գանձապետական արժեթղթերով, 17.3 տոկոսը՝ գանձապետական պարտատոմսերով, իսկ մնացած 13.3 տոկոսը` պետական արժեթղթերով:

Վրաց իշխանությունները միշտ էլ փորձում են ազգային վճարամիջոցի «թուլացման» հաշվին կրճատել ռիսկային գործոնները ներքին պարտքի ոլորում: Իշխանությունների հայտարարած դրամավարկային քաղաքականության հիմքում դրված է այն գաղափարը, որ տարադրամային պարտքի մարման հարցում կառավարության վճարունակության ապահովման համար հարկավոր է «կողմնորոշվել» դեպի ներքին պարտք: Ի վերջո, Վրաստանը փորձում է հույս չդնել արտաքին տրանսֆերների տեսքով ներհոսող արտարժույթի վրա: Այդ պատճառով խնդիր է դրված պետական պարտքի ծավալում ներքին պարտքի մասնաբաժինը մինչև 2021թ․ 20 տոկոսից հասցնել 35 տոկոսի:

Ահա այսպիսին են մեր հարևան երկրների արտաքին պարտքի ընդհանուր թվերը: Ադրբեջանի հետ համեմատած՝ նկատելի է, որ Վրաստանն ավելի ակտիվ է այս ոլորտում և փորձում է առավել արդյունավետ դարձնել պետական պարտքի համակարգը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը