Մեկնաբանություն

21.05.2019 13:40


«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մեր քաղաքական կյանքում ամենահաճախ գործածվող բառը դարձել է «ժողովուրդը»: «Ժողովրդի» անունից են ապօրինություններ արվում, պաշտոն չարաշահում և պարզապես փող աշխատում:

Հայտնի բան է, որ աշխարհի բոլոր մեծ ստորություններն ու հանցագործություններն արվում են «ժողովրդի» անունից: «Ժողովրդի» անունից էին գործում երիտթուրքերը, ֆաշիստները, բոլշևիկները, ադրբեջանցիները ...

«Ժողովուրդ» բառը շատ հարաբերական է ու ճկվող: «Ժողովուրդը» կարող է մի օր մեկին սիրել, իսկ հաջորդ օրն՝ անիծել: «Ժողովրդի» մոտ ալերգիա առաջացնողից մինչև «ժողովրդի» սիրելի դառնալն այնքան արագ է տեղի ունենում, որ չես էլ հասցնում արձանագրել անցման պահը: Ընդամենը մեկ «թաշվյա հեղափոխություն», և վերջ:

Օրինակ՝ նախորդ տարվա ապրիլին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «ժողովրդի» ատելին էր, քանի որ խորհրդարան էր մտել «ժողովրդի սիրելի» Նիկոլ Փաշինյանին պատգամավորական մանդատից զրկելու և նրան կալանավորելու միջնորդությամբ:

Իշխանափոխությունից հետո Դավթյանն արագ գունափոխվեց, ու հիմա նա Փաշինյանի ձեռքում գործիքի դեր է կատարում «Մարտի 1» կոչված նախագծում:

Եթե նախկինում Դավթյանին Փաշինյանը քննադատում էր «Մարտի 1»-ի գործը կոծկելու և 10 սպանվածների թեման փակելու համար, ապա այժմ նույն Փաշինյանը նույն Դավթյանի միջոցով «Մարտի 1»-ի գործով քաղաքական հաշվեհարդար է իրականացնում: 10 զոհերի թեման կրկին փակ է: Փակ է, քանզի «ժողովրդի վարչապետին» այդ թեման հետաքրքրում է այնքանով, որքանով հնարավոր է սպանվածների հարազատների զգացմունքների հետ խաղալ ու էժանագին դիվիդենտներ հավաքել:

Գլխավոր դատախազը, բոլշևիկյան տխրահռչակ դատախազ Վիշինսկու պես, հիմա ծառայում է նոր իշխանությանը: Նա կամակատար էր երեկ: Կամակատար է նաև այսօր: Դավթյանը կայուն է իր դիրքորոշման մեջ: Կայուն կերպով ծառայում է օրվա իշխանությանը՝ դրա առաջին դեմքին: Անկայուն է, սակայն, «հեղափոխական ժողովրդի» վերաբերմունքը Դավթյանի նկատմամբ:

Միայն այն հանգամանքը, որ Դավթյանը դարձել է Ռոբետ Քոչարյանի դեմ օգտագործվող գործիք, նրան դարձրել է «ժողովրդի» սիրելին: Դավթյանը «ժողովրդի» սրտի դատախազն է: Դավթյանը նաև Փաշինյանի սրտի դատախազն է, որովհետև անում է այն, ինչ նրան պետք է:

Ինչպես ասում են, սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է: Մնացածը տեղավորվում է «հեղափոխական նպատակահարմարության» շրջանակներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը