Հարցազրույց

20.05.2019 19:09


«Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան

«Բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ». Արամ Վարդևանյան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

168.am-ն այս թեմայով մեկնաբանություն խնդրեց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանից, ով նշեց, որ այս դեպքում Քրեական օրենսգիրքը ցանկացած դատարանի համար՝ Վճռաբեկ, Վերաքննիչ, Ընդհանուր իրավասության դատարան, նախատեսում է լիազորություն՝ գործի վարույթը կասեցնել, ողջ պրոցեսը, և դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե կա՞ արդյոք Սահմանադրությանը համապատասխանության հարց։

«Դատավորը, ըստ «Հայկական ժամանակի» հրապարակած տեղեկության, կասեցրել է և դիմել ՍԴ։ Ես բազմիցս ասել եմ, որ այս գործը պետք է կասեցնել և ուղարկել ՍԴ, որովհետև քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն առնվազն խնդիր ունի՝ որոշակիության, հետադարձ ուժի տեսանկյուններից, ու սա այն որոշումն է, որն առավել քան տրամաբանական էր։ Մի բան է՝ նախաքննության ընթացքում, մի բան է՝ դատաքննության ընթացքում, որովհետև նախաքննության ընթացքում դատավորը միշտ կասկածում է. կարող է քննիչն ի վերջո չբերի այս գործը, դատախազը կարճի գործը, բայց երբ դատավորը վարույթ է ընդունում գործը, դրա պատասխանատուն ինքն է»,-ասաց Արամ Վարդևանյանը։

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի նույն հարցով դիմելու մերժումը պայմանավորված չէր հենց նախաքննության փուլի գործոնով, սահմանադրագետը նշեց, որ իր վերլուծությամբ ու կարծիքով՝ այդպես է։

«Այստեղ կարևորը հետևյալն է, որ մայիսի 7-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ շատ հստակ սահմանվել է, որ դատարանները, եթե տեսնում են, որ կիրառվող նորմի հետ կապված սահմանադրականության խնդիր կա, պարտավոր են կասեցնել ու դիմել ՍԴ։ Մայիսի 7-ի որոշման մեջ էլ դա շատ հստակ արձանագրվել է»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ՍԴ-ն նույնիսկ ասել է, որ դիմում են Կառավարությանն ու Ազգային ժողովին, որ իրենք օրենսդրական փոփոխություններ նախատեսեն, որ տարընթերցում չլինի, որ դատարանը պարտավոր է դա անել։

Վերջինս նշեց նաև, որ պետք է նախ՝ հստակեցնել, հասկանալ, թե դատավորը ո՞ր հարցերով է դիմել ՍԴ, թեպետ մեծ է հավանականությունը, որ խոսքը գնալու է հենց մեղադրանքի հիմքի, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին։

168.am-ի հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է արդյոք, որ ՍԴ-ն կայացնի մի որոշում, որով պայմանավորված՝ առհասարակ վարույթը կարճվի, Արամ Վարդևանյանը ասաց, որ բազմաթիվ նման դեպքեր են եղել։

Այս խորագրի վերջին նյութերը