Քաղաքական

01.04.2010 15:30


ՀՅԴ անդամ. «Ես իմ ուժերի ներածին չափով պայքարել եմ և կպայքարեմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը չվերադառնա»

ՀՅԴ անդամ. «Ես իմ ուժերի ներածին չափով պայքարել եմ և կպայքարեմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը չվերադառնա»

 ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի խոսքերով՝ պետք չէ արտառոց որևէ բան փնտրել և աղմուկ բարձրացնել այն փաստից, որ պետական քաղաքական գործիչ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք է արտահայտում, քանի որ նա դրա իրավունքը նույնքան ունի, որքան, օրինակ, ՀՀՇ-ի ինչ-որ մի կարկառուն ներկայացուցիչը։

-Այդ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի վերադառնալ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի կարծիք հայտնելու։ Նորմա՞լ եք համարում։ Իսկ որ բոլորովին չհայտներ, պետք է ասեիք՝ Սերժ Սարգսյանը տնային կալանքի է ենթարկել Ռոբերտ Քոչարյանին։ Դա՛ էլ կարելի էր, ինչո՞ւ ոչ։ Ասում են՝ լեզուն ոսկոր չունի։ Ա՛յ այդպես հեշտ ասում են 4 մլրդ.։ Կարող է՝ ունի, կարող է՝ չունի Ռոբերտ Քոչարյանը, բայց ես չեմ ուզում ասեկոսեի մակարդակով իմ երկրի 2-րդ նախագահի մասին դատել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ա. Պետրոսյանը՝ ավելացնելով.

-Ուրեմն կարելի է վերլուծել նրա այս 2-րդ «բեմելը», «դեբյուտը» և չի կարելի դա որպես աշխարհի վերջ գնահատել։ Մարդ, որը 10 տարի երկրի ղեկավարն էր, դրանից առաջ էլ Ղարաբաղում էր որպես առաջին դեմք իր գործունեությունը ծավալել, իրավունք ունի նաև կարծիքներ հայտնելու։ Շատ հետաքրքիր է. նավթալինոտ քաղաքական գործիչներ կան, որ իրենք էլ են զարմացած, որ դեռ քաղաքականության մեջ են, կենդանի են, մեծ-մեծ ինչ ասեք՝ խոսում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության 2-րդ նախագահը, որն արցախյան, այսինքն՝ ըստ էության, հայ-թուրքական խնդիրների ակունքներում է կանգնած, իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել երկրի տնտեսության կամ քաղաքական հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ անընդհատ գոռալով, որ քաղաքակիրթ երկիր ենք, որ մեր հայացքն ուղղված է դեպի Եվրոպա, պետք է կարողանանք պահպանել նաև հենց շատ կարևոր տարրերն այդ քաղաքակրթության և չմտածենք, որ «Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը» կարգախոսով պետք է առաջնորդվենք։

Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երիտասարդ մարդ է և կարող է 2 տարի հետո նորից մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել։

-Այդ ինչո՞ւ առաջին նախագահն իրավունք ունի երկիրդ տակն ու վրա անելու... մարտի 1-ը միայն մի կողմից չէր։ Ի՞նչ էր կատարվում։ Մոռացել ե՞ք,- հարցրեց ՀՅԴ անդամը՝ հավելելով նաև, որ մարտի 1-ի դեպքերի հետ այնքան քաղաքական թատրոն խառնվեց, և զոհերի անունն այնքան շահարկվեց, որ այդ դեպքերի մասին լսելիս հայ հասարակությունն այլևս չի արձագանքում։ Մարտի 1-ի զոհերի հարազատներն էլ Ա. Պետրոսյանը հնարավոր է համարում, որ գալիս են ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, այլ նրանց բերում են։

-Մարտի 1-ին, իհարկե, մեծ ողբերգություն է եղել։ Ես չեմ ուզում երեսպաշտություն անել 10 հոգու այդ զոհվելը, բայց Արտավազդ Մանուկյանին մոռացա՞ք, էդ որ բանտում սպանվում էին, կախվում էին։ Ո՞վ է ասում, որ 1994-ին սպանություններ չեղան։ Ավելի վայրա՛գ եղան, բանտերում, ավելի վարպետորեն,- ասաց ՀՅԴ պատգամավորը՝ հիշեցնելով, որ 1994-ի դեկտեմբերի 28-ին այդ վայրագությունները սեփական մաշկի վրա էլ է զգացել։

Ա. Պետրոսյանը իշխանություն Լևոն Տեր-Պետրոսյանի վերադառնալուց թեև չի սարսափում, սակայն պայքարելու է, որ դա տեղի չունենա.

-Չեմ սարսափում, որովհետև իմ խիղճը շատ հանգիստ է. ես իմ երկիրը եգիպտացորենի նման չեմ կրծել, վախենալու որևէ բան չունեմ,- հայտարարեց նա,- ես իմ ուժերի ներածին չափով պայքարել եմ և կպայքարեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չվերադառնա։ Մինչև հիմա դեռ ծանր հիշողություններ կան իր նախագահության տարիներից, մանավանդ որպես ՀՅԴ ներկայացուցիչ եմ սա ասում, թեև նույնքան իրավունք ունի Արագածի փեշերին նստած գեղջուկը, որովհետև նրանց օրոք երկիրն ուղղակի իսկապես կոլապսի մեջ էր ընկած։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը