Կարծիք

20.05.2019 10:10


Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը մուտքերը փակելով չի ձևավորվում

Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը մուտքերը փակելով չի ձևավորվում

Փաստորեն, շուրջ մեկ տարի ու մի 10 օր պահանջվեց իշխանություններից՝ պարզելու կամ հասկանալու համար, որ դատաիրավական համակարգում դեռ հաստատված չէ ժողովորդի իշխանություն՝ միեւնույն ժամանակ, չասելով, թե ում իշխանության ներքո է մեկ տարի եւ 10 օր գործել այդ համակարգը։
Եւ ժողովրդի իշխանություն հաստատելու համար պետք է փակել դատարանների մուտքերը։
Լավ, փակելը՝ փակեցին, բայց ինչ–որ մեկը պատկերացում ունի՞, թե երբ արդեն իր կողմից փակված մուտքերը բացվեն կամ փակ մնան, ի՞նչ է՝ արդեն ներսում ժողովորդի իշխանությո՞ւն է լինելու։
Ո՞նց, որտեղի՞ց աննկատ եկավ այդ փոփոխությունը։
Ուզում եք՝ լինի ժողովրդի իշխանություն, պետք չի ազգը բաժանել փազլի, որ հետո էլ չկարողանաք հասկանալ, թե ինչ պատկեր եք ստանալու, այլ ընդամենը պետք էր կիրառել քաղաքակիրթ աշխարհում ընդունված մոդելը՝ ժողովուրդը ընտրում է իր դատավորներին այնպես, ինչպես ընտրում են պատգամավորներին։
Օրինակ՝ ԱՄՆ-ում, բոլորին է հայտնի, ընտրում են ոչ միայն դատավորին, այլ նաեւ դատախազին, շերիֆին, եւ նրանք հաշվետու են իրենց ընտրողներին՝ այսինքն ժողովորդին։
Ով էր բռնել արդարադատության նախարարի ձեռքը՝ դատաիրավական ոլորտը բարեփոխելու հիմնարար նախագիծ ներկայացնելու կառավարությանը, կամ նույն կառավարությունը մինչ օրս ինչո՞ւ նման հանձնարարական չի իջեցրել։
Ի վերջո, վաղուց ժամանակն է հրաժարվել դատաիրավական համակարգի՝ խորհրդային ժամանակների մնացորդային մոդելներից եւ անցնել դինամիկ, ճկուն եւ, որ ամենակարեւորն է, հենց ժողովրդի ընտրությամբ ձեւավորվող մոդելի։
Այլապես անհասկանալի է, թե իր դարն ապրած ու մի քիչ «տյունինգած» դատաիրավական համակարգը ոնց են մուտքերը փակելով՝ դարձնում ժողովրդավար։
Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը մեկ օրով կամ մեկ ամսով մուտքերը փակելով չի ձեւավորվում, կա՛մ մի հեղափոխությամբ, կա՛մ մի իշխանափոխությամբ չի լինում։
Ընթացակարգը կա, մեխանիզմը հստակ է՝ մնում է՝ քաղաքական իշխանությունը դրսեւորի համապատասխան կամք եւ իրավական գրագիտություն։
Այլապես մուտքը փակողը կամ բացողը չէ, կամ իշխանության մի ճյուղը չէ, որ պետք է որոշի՝ հաստատվե՞ց ժողովրդի իշխանություն, թե՞ ոչ։
Դատաիրավական համակարգը չի կարող կայանալ զուտ ինչ-որ իշխանահաճո, ամբոխահաճո որոշումներ կայացնելով, այլ ուղիղ հակառակը՝ իշխանությունների քիմքին ոչ հարիր որոշումների կայացման ունակությամբ է հենց պայմանավորված անկախ դատական համակարգի ձեւավորումը։
Ի դեպ, զուտ հետաքրքրության համար, միայն դատաիրավական ոլորտն էր բաց մնացել, որտեղ ժողովրդի իշխանություն դեռ չէր հաստատվել, թե ուրիշ ոլորտներ էլ կան, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ո՞ւմ իշխանությունն է։
Իսկ հնարավոր է՝ անցնի մի 5 տարի, եւ իշխանությունը այս նույն տրամաբանությամբ հայտարարի, որ երկրում դեռեւս չի հաստատվել ժողովրդի իշխանություն, եւ պետք է կրկին փակել ինչ–որ բան՝ կրկին առանց պարզաբանելու, թե ժողովրդի փոխարեն ով էր այս ընթացքում իշխանության։

Շահեն Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը