Կարծիք

19.05.2019 22:45


Փաշինյանը դիմում է հերթական արկածախնդրությանը

Փաշինյանը դիմում է հերթական արկածախնդրությանը

ԿՈՉ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել ֆեյսբուքյան գրառումով, որում բառացի ասվում է «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Իշխանափոխությունից հետո ավելի քան մեկ տարի հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարը ու այդպես էլ չկարողանալով լուծել բնակչության բազմաթիվ ակնկալիքները, մեղմել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, ամրապնդել երկրի անվտանգությունը և գտնել Արցախյան հիմնահարցի լուծումը, Նիկոլ Փաշինյանը, առանց այդ էլ ունենալով բավականին վիճելի լեգիտիմություն, փաստացի դիմում է հերթական արկածախնդրությանը՝ իր այս կոչով կոպտորեն խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և գործող օրենքները։ Սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական կարգի տապալման և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ, ինչպես նաև պետությունն ապակայունացնելուն ուղղված ուղղակի գործողություն։
Այս կապակցությամբ, գիտակցելով, թե Հաայստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար ինչպիսի վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնվող այս քայլերը՝
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակության ակտիվ շերտերին կոչ եմ անում զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի այդ կոչը կյանիքի կոչելուն ուղղված ցանկացած գործողությունից, որևէ պարագայում չտրվել սադրանքների և չխախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրութունը։ Հիշել, որ իր կողմից կոչ արվող գործողությունը, երկիրն ապակայունացնելուց զատ, պարունակում է Հայաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածների խախտում, և այդ գործողություններին մասնակցած յուրաքանչյուր ոք մի օր պատասխան է տալու իր արարքի համար դատարանի առաջ։
2․ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում զերծ մնալ իր այս արկածախնդրութունից, որը ոչ միայն կաթվածահար կանի ՀՀ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը, կապակայունացնի երկրում վիճակը, այլ ուղղակի սպառնալիք է հայոց պետականությանը։ Պահանջում եմ իրենից չեղարկել այն, տեղեկացնել այդ մասին իր կողմնակիցներին և հասարակությանը և այսուհետ զերծ մնալ դատական իշխանության վրա ճնշման ցանկացած փորձից և գործողությունից, երաշխավորել դատական իշխանության անկախությունը և վերացնել դրան ուղղված ցանկացած գործողություն և սպառնալիք։
3․ ՀՀ իրավապահ մարմիններին կոչ եմ անում օրենքով իրենց վերապահված բոլոր լիազորությունների շրջանակներում անհապաղ ձեռնարկել միջոցներ սահմանադրական կարգի տապալումը կանխելու ուղղությամբ։ Որևէ պարագայում թույլ չտալով դատարանների աշխատանքների կազմալուծում և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ։
4․ ՀՀ Զինված ուժերին կոչ եմ անում ցուցաբերել առավելագույն զգոնություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից երկիրը տարվում է ուղղակի ապակայունացման, ինչից հնարավոր է, որ օգտվեն մեր հակառակորդները։ Հայաստանի զինված ուժերը, շարքային զինվորից մինչև սպայական բարձրագույն կազմ, պետք է գիտակցեն, որ նման իրավիճակում իրենք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը։
5․ ՀՀ դատական մարմիններին կոչ եմ անում ամեն կերպ շարունակել իրենց բնականոն գործունեությունը և իրականացնել արդարադատություն։
6․ Նիկոլ Փաշինյանի սթափ մնացած կողմնակիցներին կոչ եմ անում ամեն կերպ խոչընդոտել իրենց ղեկավարի՝ օրենքից դուրս գործողությունները՝ հիշելով, որ առաջին հերթին դուք Հայաստանի քաղաքացիներ եք, ու երկրի ապակայունացումից տուժելու են բոլորը։
7․ Հայաստանի Հանրապետության հասարակական և քաղաքական բոլոր ուժերին և անհատներին, որոնք չեն կորցրել սթափությունը և պատասխանատվությունը պետության և ազգի առաջ, կոչ եմ անում անհապաղ սկսել քաղաքական կոնսուլտացիաները՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների ապօրինի քայլերը կանխելու ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար։

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը