Կարծիք

18.05.2019 19:35


Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն

Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն

Կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դատական որոշումը կայացնելիս դատավորը առաջնորդվել է բացառապես օրենքի պահանջներով՝ հաշվի առնելով, հավանաբար նաև, քրեական գործի առանձնահատկությունները: Ըստ այդմ այդ որոշումը իրավական է թե՛ հիմքերով և թե՛ բովանդակությամբ:

Սակայն այդ ամենով հանդերձ, դատարանի որոշումն, իսկ ավելի ճիշտ՝ այն հանգամանքը, թե ինչ հիմքով կայացվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը (վերջինս ընդունվեց հաշվի առնելով Արցախի նախկին և գործող Նախագահների միջնորդությունը) անշուշտ կունենա նաև քաղաքական հետևանքներ, ընդ որում, ըստ իս, Արցախում ներքաղաքական լարվածությունը մեղմելու և Հայաստան-Արցախ հարաբերություններն էլ ավելի կառուցողական հուն տեղափոխելու առումով՝ միանգամայն նպաստավոր հետևանքներ:

Պետք չէ շատ խորաթափանց լինել, որպեսզի հասկանալ, որ այդ որոշումը էապես կբարձրացնի Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հեղինակությունը ոչ միայն Արցախի հասարակության շրջանում (ինչը շատ կարևոր է այսսօրյա նախընտրական Արցախի պարագայում), այլև Արցախի արտաքին գործընկերների շրջանում: Ըստ իս վերջին գործոնը շատ կարևոր է նաև Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակաացային գործընթացում Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախին վերապահվող պատասխանատու դերակատարման ընկալման առոմով:

Դատարանի վերը նշված որոշումը կարող է նոր շունչ հաղորդել Հայաստան-Արցախ երկխոսությանը և էապես նպաստել հայ ժողովրդի երկու հատվածների համերաշխության էլ ավելի խորացմանը՝ օգտակար լինել արտաքին մարտահրավերներին դիմագրավելու մեր հավաքական կարողություններ բարձրացմանը:

Համոզված եմ, որ այդ որոշումը խորը հիասթափութուն կպատճառի նաև ներհայկական զարգացումներին շունչները պահած հետևող մեր «ոխերիմ հարևաններին»:

Բայց այս ամենի համար կա մի շատ կարևոր նախապայման՝ դատարանի նշված որոշումը որևէ պարագայում չի կարող որակվել հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն:

Մենք պարտավոր ենք շատ հոգատարությամբ վերաբերվել ներհայկական համերաշխությունը խորացնող ցանկացած հնարավորությանը և զերծ մնալ հանրային կյանքը ալեկոծող ցանկացած քայլից :

***

Դատարանը հաշվի առնելով Արցախի Նախագահների միջնորդությունը փոխեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը:
Անշուշտ գործի քննությունը չի ընդհատվում և առաջիկայում մենք հնարավորություն կունենանք հետևելու դատաքննության փաստացի ընթացքին:

Բայց անկախ ամեն ինչից, առանց սխալվելու հավանականության,կարող ենք փաստել, որ հայրենական արդարադատությունը այսօր կարևոր քննություն բռնեց, ինչն, անկասկած, հուսադրող է:

Բարդ և անհարթ է իրավական պետության կայացման ուղին, բայց այն սկսվում է արդարադատության փոքրիկ հաղթանակներով:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը