Մեկնաբանություն

01.04.2010 14:39


ՀՀ երեք նախագահների պայքարը

ՀՀ երեք նախագահների պայքարը

Հայաստանում առկա քաղաքական գործընթացների հիմնական դերակատարները երեք նախագահներն են։ Ներկա իշխանությունները պայքարում են երկու ճակատով՝ նախկինի ու ավելի նախկինի դեմ։ Նախկինը պայքարում է իր նախորդի ու հաջորդի դեմ։ Իսկ Տեր-Պետրոսյանի թիմը պայքարում է իրեն հաջորդող երկու նախագահների դեմ։ Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Ուզում եք՝ «ամուսնացեք», ուզում եք՝ խեղդվեք. ծովը մոտակայքում է» արտահայտությունը։

Մեզ այլ բան է հետաքրքրում։ Այս ամենի շրջանակներում մի ուշագրավ պատկեր է ուրվագծվում։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև առկա է մարտավարական համագործակցություն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Ճիշտ է, այդ համագործակցությունը ստացվել է անկախ այդ սուբյեկտների կամքից, և հազիվ թե առաջին ու երրորդ նախագահները կոնկրետ պայմանավորվածության եկած լինեն: Սակայն փաստն այն է, որ Քոչարյանի դեմ և՛ Սարգսյանի, և՛ Տեր-Պետրոսյանի թիմը համատեղ հարձակումներ է գործում։ Այսինքն, Սերժ Սարգսյանի «էջմիածնական միաբանը» դառնալու  ՀՀ առաջին նախագահի պատրաստակամությունը  կյանքի է կոչվում։

Ամեն ինչ սկսվեց Վարդան Օսկանյանի ելույթից, որտեղ ՀՀ նախկին արտգործնախարարը դաժան քննադատության ենթարկեց ներկայումս վարվող արտաքին քաղաքականությունը, որից հետո ՀՀԿ-ականները հարձակվեցին Օսկանյանի ու Քոչարյանի վրա։ Դրան հետևեց Քոչարյանի արձագանքը. նա իր խոսնակի շուրթերով զավզակության մեջ մեղադրեց ընդդիմախոսներին։ Այդ փուլից սկսած՝ հանրապետականները հետ քաշվեցին, ու երկրորդ նախագահին սկսեցին պատասխանել բացառապես Տեր-Պետրոսյանի՛ թիմը ներկայացնող գործիչները։ ՀՀԿ-ն արդեն բավարարվում էր չեզոք հայտարարություններով։ Սա էլ հենց «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» համագործակցության մոդելն է, երբ Տեր-Պետրոսյանն առաջնորդվում է «Ռո՛-բե՛րտ, հեռացի՛ր» կարգախոսով, ինչը լրիվ ձեռնտու է Սերժ Սարգսյանին, ով այդ կերպ ազատվում է իր ոխերիմ ընկերոջ հետ լեզվակռվի մեջ մտնելու անհրաժեշտությունից։

Եթե հիշում եք, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ Սերժ Սարգսյանը միայն մեկ անգամ հեռակա բանավեճի մեջ մտավ Տեր-Պետրոսյանի հետ՝ վերջինիս մեղադրելով Ղարաբաղը 3 տարում ծախելու ցանկության մեջ։ Հետո հակատերպետրոսյանական քարոզչության հերթափոխը վերցրեց Արաշես Գեղամյանը։

Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում Քոչարյանի դեմ դուրս գալը բնական է ստացվում, և այստեղ Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն չկա այնպես, ինչպես Գեղամյանի մոտ էր բնական ստացվում նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանին  հարվածելը։ Գեղամյանն էլ այն ժամանակ հիմնավորում էր իր պահվածքը՝ ասելով, թե ինքը դեռևս ՀՀՇ-ի իշխանության տարիներից է քննադատել Տեր-Պետրոսյանին այնպես, ինչպես այժմ Տեր-Պետրոսյանի շրջապատն է բնական համարում Քոչարյանին քննադատելը, քանի որ դա գալիս է «անհիշելի ժամանակներից»։

Թե հետագայում ինչ ճակատագրի արժանացավ Գեղամյանը, բոլորս ականատես եղանք։ Ժողովուրդը սկսեց Արտաշես Մամիկոնիչին հիշել միայն «դհոլային» բառապաշարով։

Հիմա եկել է այսօրվանը նախորդող իշխանություններին քննադատելու Տեր-Պետրոսյանի՛ ժամանակը։ Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանն իրեն նույն ձևով կպահի նաև այն դեպքում, երբ նոր ընդդիմադիր  ուժ կձևավորվի Սերժ Սարգսյանի դեմ։ «Էջմիածնական միաբանները» կրկին մեյդան կգան ու կսկսեն քննադատել ոչ թե գործող վարչակարգը, այլ այդ նոր ուժին, սակայն էֆեկտը կլինի նույնը, ինչ Գեղամյանի՝  Տեր-Պետրոսյանին քննադատելու շրջանում։ Այսինքն, որքան շատ սկսի Տեր-Պետրոսյանը, յուրօրինակ ծառայություն մատուցելով «Եղիազար Այնթապցուն», հարձակվել ձևավորվելիք նոր ուժի վրա, այնքան այդ նոր ուժի վարկանիշը կբարձրանա։ Այս ամենը դեռ առջևում է։ Մանավանդ որ ժամանակն աշխատում է «Եղիազար Այնթապցու» և «էջմիածնական միաբանների» դեմ։ Նոր ընտրություններն էլ սարերի հետևում չեն։

Իսկ առայժմ հետևենք երեք նախագահների բացահայտ ու թաքնված պայքարին ու տեսնենք, թե մինչև ուր կհասնի թամաշան։ Շատ զվարճալի տեսարան է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը