Կարծիք

01.04.2010 12:23


Արտահերթ ցպահանջ

Արտահերթ  ցպահանջ

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական քննարկումների շքերթում մշտական տեղ է զբաղեցրել Հայաստանում արտահերթ համապետական ընտրությունների անցկացման թեման: Այդ թեման է ծամծմվում մամլո ասուլիսներում, հարցազրույցներում, բրիֆինգներում, անհատական ելույթներում  ու քաղաքական բնույթի հնարավոր բոլոր հավաքույթներում: Առկա իրավիճակի վերլուծությունն այդ թեման արծարծողների գերակշիռ մասին ստիպում է հանգել եզրակացության, ըստ որի ներկայումս արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ չկան: Փորձագիտական շրջանակներն ու քաղտեխնոլոգիաներն առաջ են քաշում այն տեսությունը, ըստ որի արտահերթ ընտրությունների անցկացման  համար  մի քանի բաղադրիչների համաժամանակյա առկայություն է անհրաժեշտ, այլապես դրանցից մեկի բացակայության պարագայում արտահերթ որևէ քաղաքական միջոցառման մասին խոսելն անիմաստ կլինի: Ցավալիորեն  այդ վերլուծություններում նվազ դեր է հատկացվում ներքին գործոնի՝ հասարակական պահանջի առկայությանը, և ընդհակառակը՝ գերագնահատվում է արտաքին գործոնը: Ըստ այդմ ընտրություններ կանցկացվեն այն ժամանակ, երբ իշխանությունների արտաքին ճնշումներին դիմագրավելու ռեսուրսներն ու մանևրելու հնարավորությունները կսպառվեն, ու ժամանակ շահելու համար իշխանությունները գուցե դիմեն արտահերթ ընտրությունների տարբերակին, մինչև տեսնեն, թե ինչ է լինելու աշխարհի բանը: Ինչ խոսք՝ օգտակար  հուշում է, և գուցե իշխանությունները դիմեն այդ սցենարի  փրկարար հնարավորություններին ու գնան արտահերթի: Սակայն այդպիսի նպատակադրվածությամբ և մտայնությամբ անցկացված քաղաքական միջոցառումը, համաձայնեք, դժվար է «ընտրություն» կոչել, քանի որ այն, ըստ էության, չի լուծելու այն առաքելությունը, որը դրված է ընտրական ինստիտուտի հիմքում: Եթե մեկ կապակցությամբ ձևակերպելու լինենք այդ առաքելության հիմնական իմաստը, ապա դա համակարգային փոփոխությունն է, որին հնարավոր է հասնել արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ  իշխանությունների միջոցով, իշխանություն, որը բնույթով ու որակապես պետք է տարբերվի գործող իշխանություններից: Եվ  ուրեմն ժամանակ շահելու և «դրսի» առաջ միմոսություններ անելու համար անցկացվող «ընտրությունները», էական չէ՝ արտահերթ, թե հերթական, սոսկ ռեսուրսների՝ ժամանակի, ֆինանսների վատնում են լինելու, և որ ամենակարևորն է՝  օբյեկտիվորեն դառնալու են հասարակական հիասթափության  հերթական ալիքի առիթ՝ է՛լ ավելի խորացնելով իշխանություն-ժողովուրդ օտարացումը: Եվ դա բնական է, քանի որ նման տեխնոլոգիայի կիրառումը բնավ միտված չի լինելու ներպետական խնդիրների լուծմանը, հասարակական լարվածության թոթափմանը, որոնք լուծելու առաջնահերթությունն էլ, հարկավ, պետք է թելադրի արտահերթի անցկացումը: Իսկ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ ու նախադրյալ երկրում միշտ է առկա, երբ այս իշխանություններից անգամ մեկ «դիլխոր» քաղաքացի կա, կապ չունի, թե այդ քաղաքացին գազօջախի մոտ ճաշ եփող ու գազի թանկացումից բողոքող տանտիրուհի՞ է, «դիվան քշող» գործազո՞ւրկ, թե՞ անարժանապատիվ աշխատավարձով ապրող գիտնական:

Խաչի զորության խաթեր

Ուշագրավ է, որ արտահերթ ընտրությունների գաղափարը գեներացնողներն  առաջ են քաշում այն տեսությունը, ըստ որի երկրում ցանկացած արտահերթ քաղաքական միջոցառում հնարավոր է կյանքի կոչել միմիայն «դրսի» թելադրանքով կամ «պահանջով»: Այս տեսության մեջ իրապես ռացիոնալ հատիկ կա, քանի որ, դժբախտաբար, այնպես է ստացվել, որ սուվերեն մեր երկրում ներպետական նիստուկացը միտված է ոչ այնքան երկրի քաղաքացիների կամքը հաշվի առնելուն, այդ քաղաքացիների  պահանջմունքների բավարարմանը, որքան դրսի համար տանելի և ընդունելի լինելուն: Ի վերջո, գործող իշխանություններն այսքան ժամանակ ինչ էլ որ արել են (անում են), չեն արել որպես սեփական քաղաքացիների նկատմամբ բարի կամքի դրսևորում, այլ միջազգային հանրությանը գոհացնելու պարտադրանքից դրդված: Դիցուք,  համաներում են հայտարարել, ազատ են արձակել քաղբանտարկյալներին ոչ թե այն պատճառով, որ նրանց վերագրվող մեղադրանքը մտացածին էր, այլ միայն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելու ահից: Բարելավվել են օրենսդրական դաշտը ոչ թե ՀՀ քաղաքացիների կենսական շահերը սպասարկելու համար, այլ որովհետև դա եղել է նույն ԵԽԽՎ-ների ու այլ կառույցների  պահանջը....: Եվ ուրեմն, եթե այս մտայնությամբ շարժվելու լինենք, ապա արտահերթ ընտրություններ էլ կանցկացնեն այն ժամանակ, եթե «դրսի՛» կողմից նման պահանջ առաջադրվի: Իսկ արդյոք ռեա՞լ է նման պահանջի առաջադրումն այդպիսի իրավիճակում և այս հանգրվանում: Մի իրավիճակ, երբ գործող վարչակազմն իրեն դրել է միջազգային սպասարկման տակ ու սիրահոժար կատարում է այն, ինչ թելադրում են իրեն «պոնչ» անողները։ Փույթ չէ, որ դա մեկնաբանվում է «նախաձեռնողական քաղաքականության» համատեքստում:  Մի՞թե այսքան բանը գիտակցող «դուրսը» այսպիսի «իդեալական» իշխանությանը մեկ այլ իշխանությամբ փոխարինելու արկածախնդրության կգնա, այն էլ այն դեպքում, երբ առկա են չկարգավորված ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական գործընթացը, մի իրավիճակ, երբ հասունացել է այդ երկու խնդիրները լուծելու պատմական պահը: Այս հանգրվանում խրախուսել արտահերթ ընտրությունների անցկացումը կնշանակի հավանություն տալ հիշյալ խնդիրների կարգավորման գործընթացի ապակայունացմանը: Նման անհեռատեսությունը քիչ հավանական կամ գրեթե անհավանական է հայ-թուրքական և ղարաբաղյան թնջուկն օր առաջ լուծել փափագող միջազգային հանրության կողմից, հանուն որի էլ հանդուրժում ու մարդահաշիվ են անում քոչարյաններին ու սարգսյաններին: Հայտնի ասացվածքի տրամաբանությամբ՝ «Տերտերի աջը համբուրում են խաչի զորության խաթեր», և եթե չլիներ «խաչի» ճակատագրական նշանակությունն, ապա այն բռնած «աջը» վաղուց արդեն կտրած կլինեին դրանից բխող բոլոր հետևանքներով:   

Մի անգամ գողացածն այլևս չի վերադարձվի            

Եթե մի պահ վերանանք ընտրությունների անցկացման նախապայմաններից և ընտրությունները դիտարկենք ընտրական ինստիտուտի սուբյեկտների՝ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների այդ իրավունքն իրացնելու տեսանկյունից, ապա տխուր եզրահանգման կգանք: Այդ եզրահանգումը կհուշի, որ գրեթե անհնար է ժողովրդավարական մեթոդով՝ ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելու հեռանկարը, քանի որ ստացվել է այնպես, որ իշխանությունը, որն, ըստ մայր օրենքի, պատկանում է ժողովդին, մեկ անգամ խլվել է ժողովրդից, և այն վերադարձնելն այլևս անհնար է դարձել: Ի վերջո, այդ իշխանությունը խլած վարչակարգն է հոգալու ընտրական գործընթացի կազմակերպումն ու անցկացումը, և ունենալու է այն ընթացքն ու արդյունքները, ինչպես որ պլանավորվելու է Բաղրամյան 26 հասցեում: Հայտնի է, որ  ընտրություն ասվածը մեր երկրում ընկալվում է ոչ թե որպես կամարտահայտություն, այլ որպես իրար մեջ հարաբերություններ պարզելու, հաշիվներ մաքրելու միջոցառում, որի ընթացքում որոշիչը ոչ թե ժողովրդի քվեն է, այլ «քյաշ փողը», նույնիսկ կոմպրոմատների թղթապանակի ստվարությունը, համաձայն որոնց էլ մեջ-մեջ է արվում բռնազավթված իշխանությունը: Ուստի այսքանը գիտակցող հասարակությունը նման պարագայում պետք է ոչ թե զբաղվի ընտրությունների անցկացման նախադրյալների բացակայության կամ առկայության մասին այլազան կանխատեսումներին ականջ անելով, այլ օրապահանջ դարձնի իշխանությունն իրական տիրոջը իրեն իսկ վերադարձնելու խնդիրը: Իսկ թե ի՞նչ ճանապարհով, պատմությունն այդ առումով հարուստ փորձ է ավանդել: Դրանից հետո է միայն, որ արժեք կունենան սահմանադրական կարգի վերականգնման, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն կառուցելու մասին խոսակցություններն ու ցանկությունները: 

Հեղինե Մանուկյան 

Այս խորագրի վերջին նյութերը