Կարծիք

17.05.2019 19:10


Հայաստանյան բյուրոկրատական беспредел կամ ինքնապարգևատրվող օլիգարխիա

Հայաստանյան բյուրոկրատական беспредел կամ ինքնապարգևատրվող օլիգարխիա

Այն, որ, օրինակ, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը սողանքների հետևանքով աղետի գոտու է վերածվել, ու մարդիկ վախենում են մտնել իրենց տները, դա ոչ մեկի չի հետաքրքրում. կարևորը, որ կառավարությունը երեկ պահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացրեց 892,628 մլն դրամ ավելացված հաստիքներ ու ինչ-որ գործուղումներ վճարելու համար, ինչպես նաև, ուշադրություն՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ համար:

Երկրում հազար ու մի լրջագույն խնդիրներ կան, որոնք պետության կողմից անհապաղ միջամտելու կարիք ունեն, և կառավարությունը ինչ-որ քանակի դրամ պիտի հատկացնի, որպեսզի աղետի մեջ հայտնված մարդկանց գոնե կյանքի իրավունքը կարողանա երաշխավորել (դա պետության ուղիղ պարտականությունն է), սակայն, արի ու տես, որ ոչ. մարդիկ, որոնք այսօր հայտնվել են պետության ղեկին, թքած ունեն մարդկանց իրավունքների վրա էլ, նրանց նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունների վրա էլ. նրանք զբաղված են պետական փողերը ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ կոչված ֆարսի անվան տակ գրպանելով և վերջ:

Հիմա ես հարց եմ տալիս՝ Հայաստանում կա՞ օլիգարխիա, թե չկա: Ոմն վարչապետ, իր նյարդեր սղոցող սուր ձայնով, այս էլ` որերորդ անգամ, հայտարարում է, որ Հայաստանում չկա օլիգարխիա, սակայն մենք գիտենք, որ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մի խումբ մարդիկ, որոնք բնակչության ոչ թե մեծամասնությունն են, այլ փոքրամասնությունն են (քչերն են), զավթելով իշխանությունը՝ իրենց դնում են արտոնյալ կարգավիճակում ու, թքած ունենալով բնակչության մեծամասնության իրավունքների վրա, ամբողջ պետական կառավարման համակարգը օգտագործում են բացառապես սեփական շահերը սպասարկելու համար:

Հիմա մեր պետական ապարատի վերևներում հայտնված ընկերները, որոնք բացարձակ փոքրամասնություն են կազմում, օլիգարխնե՞ր են, թե ոչ: Չէ՞ որ օլիգարխ հասկացողությունը սահմանողները չեն նշել, որ նրանք բացառապես պիտի բիզնեսմեններ լինեն, օլիգարխներ կարող են լինել նաև պետական չինովնիկները, առավել ևս, որ մեր երկրում պետական չինովնիկները սովորաբար նաև ստվերային բիզնեսմեններ էլ են, իսկ շատ ոչ ստվերային բիզնեսմեններ, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ օլիգարխներ էին, քանի որ արտոնյալ կարգավիճակում էին գտնվում, հիմա նույնպես օլիգարխներ են ու իրենց արտոնյալ կարգավիճակը երբեք էլ չեն կորցրել (եթե Աժ-ում չեն, դա դեռ բոլորովին չի նշանակում, որ այլևս արտոնյալ չեն):

Այնպես որ, վարչապետին հիշեցնել է հարկավոր, որ եթե ինքը հայտարարում է, թե երկրում չկա օլիգարխիա, դա դեռ չի նշանակում, որ մենք կխաբնվենք իր ձայնի բարձր տոնայնությանն ու կհավատանք դրան:

Հայաստանում կա օլիգարխիա, քանի որ դա պարտադիր երևույթ է սոցիալական մեծ բևեռվածություն ունեցող ու ժողովրդավարության իմիտացիա անող ավտորիտար պետության պարագայում:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը