Կարծիք

17.05.2019 10:20


Այս դատավարության ընթացքում Տեր-Պետրոսյանի գործողությունները ևս պետք է համարժեք գնահատական ստանան

Այս դատավարության ընթացքում Տեր-Պետրոսյանի գործողությունները ևս պետք է համարժեք գնահատական ստանան

Երեկ երեկոյան ես, բազմաթիվ այլ հեռուստադիտողների հետ միասին, մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին ուղիղ եթերում։ Դատավարությունը նոր է սկսվում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն մեր պատմության մեջ աննախադեպ է, և առաջիկա ամիսներին լարվածության մեջ է պահելու մեր ողջ հասարակաությանը։ Այդ իմաստով երեկվա օրը, Արցախի նախկին և ներկա նախագահների այցելությունը և միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի և դատախազների ելույթները արդեն երեկ հսկայական ինտրիգ ստեղծեցին՝ ցույց տալով, թե որքան բարձր են խաղադրույքները բոլոր կողմերի համար, և որքան բազմաբարդ է այն խնդիրը, որը քննարկվում է առաջին ատյանի այս դատարանում, որն ավելի շատ նախատեսված է շարքային գողեր և խուլիգաններ դատելու համար։

Լսելով կողմերի ելույթները՝ ես փորձում էի հասկանալ, թե, ի վերջո, որն է լինելու պետական մեղադրանքի հիմնական մեխը, և ինչ մարտավարություն է ընտրելու պաշտպանվող կողմը առաջիկա ամսիներին։ Այս իմաստով պաշտպանվող կողմի մարտավարությունը իմ համար բավական հասկանալի է և զարմանք չի առաջացնում՝ հիմնավորել սեփական գործողությունները երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով, և փորձել այն ներկայացնել որպես դրանից բխող նվազագույն անհրաժեշտություն (այլ հարց է, թե որքանով էր դա այդպես)։ Այն շարունակելու է պնդել այդ վերսիայի վրա, իսկ դատավարության ընթացքում ի հայտ եկող փաստերը ցույց կտան՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, և կամ ընդհակառակը՝ որքանով է այն ժամանակվա իշխանությունը իր գործողություններով սրել իրավիճակը, որն, ի վերջո, հանգեցրել է արյունահեղության։

Ինձ համար շատ ավելի զարմանալի էին պետական մեղադրողների (դատախազների) կողմից առաջ քաշված մի քանի դրույթներ, մասնավորապես՝

ա) ներկայացնել մարտի 1-ի և դրանց նախորդած իրադարձույթունները որպես բախում նախագահ Քոչարյանին անմիջականորեն ենթարկվող ուժային կառույցների և խաղաղ ցուցարարների միջև այն դեպքում, երբ ակնհայտ է, որ դա բախման միայն արտաքին կողմն էր, իրական բախումը տեղի էր ունենում մի կողմից Ռոբերտ Քոչարյանի և նրան հարող քաղաքական ուժերի, մյուս կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան հարող քաղաքական ուժերի միջև, դրանում ներգրավված էր Հայաստանի գործող քաղաքական ուժերի գերակշիռ մասը, իսկ ուժային կառույցները և ցուցարարները նրանց կողմից համապատասխանաբար օգտագործվել են ընդամենը որպես գրոհային ռեսուրս, և արդյունքում կրել են հիմնական կորուստները։ Եթե պետական մեղադրանքը փորձում է վեր հանել ամբողջ ճշմարտությունը, այն չպետք է ի սկզբանե հենվի իրավիճակի այսպիսի սուբյեկտիվ գնահատականի վրա, այլ ելնի այդ ողբերգական իրադարձությունների ողջ համայնապատկերից՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թ․ անակնկալ քաղաքական վերադարձից։ Ի վերջո, դատավարության ընթացքում այդ բոլոր դրվագներն ի հայտ կգան, և ակնհայտ կդառնա, որ դատավարության մեջ պետք է ներառել այդ ողբերգության բոլոր հիմնական գործող անձանց, դա ընդամենը ժամանակի հարց է։

բ) ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների գործողությունները՝ որպես զուտ խաղաղ ակցիա։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ․ փետրվարին որևէ փաստական հիմք չուներ պնդելու, որ այդ ընտրություններում ինքը հաղթել է (բացի Սերժ Սարգսյանից՝ ընտրություններում մասնակցած առնվազն երկու թեկնածու՝ Արթուր Բաղդասարյանը և Վահան Հովհաննիսյանը ևս զգալի ձայներ էին հավաքել, ուստի դա նույնիսկ մաթեմատիկորեն քիչ հավանական էր), սակայն անընդհատ հրապարակում այդ պնդումն էր անում և պահանջում էր անվերապահ իշխանությունը իրեն հանձնել։ Տեր-Պետրոսյանը արդեն մեկ անգամ՝ 1996 թ․, ուժով բռնազավթել էր իշխանությունը, և սա նրա երկրորդ փորձն էր՝ նորից ուժով (այս անգամ՝ փողոցում իր համակիրների) վերադառնալ իշխանության, և այս դատավարության ընթացքում նրա գործողությունները ևս պետք է համարժեք գնահատական ստանան։

գ) ներկայացնել ցուցարարների կողմից մարտի 1-ին իրականացված բռնությունը որպես համարժեք պատասխան Ազատության հրապարակի ճամբարի ցրմանը իրավապահների կողմից։ Եթե նույնիսկ իրավապահների գործողությունը ժամանակավրեպ էր և ոչ բավարար հիմնավորված, այս գաղափարը դատախազների կողմից անարխիայի անմիջական խրախուսման է համարժեք, քանի որ հավասար նժարների վրա է դնում պետության իրավապահ մարմիններին, որոնք բոլոր դեպքերում իրենց գործողությունը իրականացնում են օրենքի շրջանակներում և պատասխանատու են դրանց համար, և պատահական անձանց, որոնք օգտվելով ընդհանուր խառնաշփոթից՝ կարող են բացարձակ հանցագործ նկրտումներով խախտել հասարակական կարգը և տանել այն արյունահեղության, ինչպես և տեղի ունեցավ մարտի 1-ին։

Ես ենթադրում եմ, որ պետական մեղադրանքի այս կարճատեսությունը և իրականության խեղաթյուրումները ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի հետևանք են, սակայն չեն կարող դիմանալ ժամանակի քննությանը։ Այս դատավարության ընթացքը, ի վերջո, վեր կհանի բոլոր փաստերը, և հասարակությունը հնարավորություն կունենա վերականգնել 2008 թ․ ողբերգական իրադարձությունների ամբողջ համայնապատկերը և արդարացիորեն բաշխել յուրաքանչյուր դերակատարի մեղքի բաժինը։

Եթե մենք ցանկանում ենք մեր պատմության այդ ողբերգական էջը շրջել, ի վերջո, մենք պետք է իմանանք նրա մասին ամբողջ ճշմարտությունը, պետք է լինի երկուստեք քավություն և ապաշխարանք, օրենսդրական փոփոխություններ՝ բացառելու այսպիսի վիճակների առաջացումը ապագայում, աջակցություն բոլոր անմեղ տուժածներին և նրանց ընտանիքներին, և հանրային հաշտեցում։ Այլապես մենք կմնանք այս իրադարձությունների պատանդը, քաղաքական գործիչների ամեն հերթական սերունդ կարող է վերաբացել այս դատավարությունը՝ ելնելով այդ պահի քաղաքական կոնյունկուրայից, և մենք դեռ երկար մեր վրա կկրենք փոխադարձ ատելության խարանը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը