Կարծիք

01.04.2010 10:49


Սփյուռքին սիրաշահելու թուրքական հուսահատ մարտավարությունը՝ Ապրիլի 24-ի նախօրեին

Սփյուռքին սիրաշահելու թուրքական հուսահատ  մարտավարությունը՝ Ապրիլի 24-ի նախօրեին

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական կառավարությունն իրար ետևից վատ լուրեր էր ստանում: Հայոց ցեղասպանության ժխտման նրա համառ քաղաքականությունը լուրջ անհաջողությունների հանդիպեց, երբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաև Իսպանիայի Կատալոնիայի շրջանային խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունեցին:

Թուրք ժխտողներն ահ ու սարսափի մեջ են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին պաշտոնական այս ճանաչումներից: Նրանք ավելի մեծ խուճապի են մատնվել, քանի որ Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները ևս ապրիլ ամսվա ընթացքում պատրաստվում են նման բանաձևեր դնել քննարկման:

Թուրք ղեկավարությունը չարաչար սխալվում էր, կարծելով, որ Հայաստանի հետ վեց ամիս առաջ ստորագրված Արձանագրությունները կկանգնեցնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացը: Թուրքիան այդ Արձանագրությունները դիտում էր որպես վերջին ճիգ՝ ապագայում ճանաչման նման տարափի դեմն առնելու համար: Նրա խորամանկ ռազմավարությունը գրեթե հաջողության հասավ, քանի որ Ցեղասպանության բանաձևերը և' Շվեդիայում, և' Միացյալ Նահանգների Կոնգրեսում ընդունվեցին միայն մեկ ձայնի առավելությամբ: Այս բանաձևերի ընդդիմախոսները որպես դեմ քվեարկելու պատճառ հիմնականում նշում էին Հայաստանի և Թուրքիայի «հաշտեցման գործընթացը»:

Թուրքական կառավարությունն այս զարգացումներից տագնապած և իր ներքին լուրջ խնդիրներով տարված, թեպետ ուշացումով, մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, հույս ունենալով կանխել հետագա պարտությունները Հայոց ցեղասպանության հարցում:

Այդ գործողությունները ներառում էին թե' կոպիտ, սպառնացող մարտավարություն այն երկրների նկատմամբ, որոնք հանդգնել էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե' մեղմ մոտեցում' միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար ցուցադրելով, թե թուրքական կառավարությունը որքան բարյացակամ է հայերի նկատմամբ:

Ցեղասպանությունն ընդունած երկրների հանդեպ կիրառվող թուրքական սպառնացող մարտավարության թվում են. 

1.Դեսպանների հետկանչը, 

2.Ռազմական պայմանագրերի չեղյալ համարելը, և 

3.Սպառողական ապրանքները բոյկոտի ենթարկելը:

Նախորդ շաբաթ թուրքական իշխանությունները մի նոր հնարք առաջ քաշեցին' սպառնալով հայց ներկայացնել ավելի քան քսան երկրների դեմ, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա թուրքական ղեկավարների կողմից ժամանակ առ ժամանակ կիրառվող բազում հոխորտանքներից մեկն է, որով նրանք փորձում են տարհամոզել այլ երկրների Ցեղասպանության ճանաչման մտադրությունից: Ես անկեղծորեն լիահույս եմ, որ եթե Թուրքիան իրագործի այս սպառնալիքը, դրանով իսկ կնպաստի թուրքական ոճրագործության համաշխարհային հնչեղության բարձրացմանը: Այսպիսի անլուրջ հայցն անմիջապես կմերժվի ցանկացած արդարամիտ, ոչ թուրքական դատարանի կողմից:

Թուրքիայի ավելի խորամանկ մարտավարությունը' նուրբ մոտեցումների կիրառմամբ (արևմտյան PR մասնագետների խորհրդով) ներառում է.

1.Հայկական պատմական մի քանի եկեղեցիների վերանորոգում, մինչդեռ հազարավոր այլ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, ախոռների, բնակատեղերի կամ պարզապես ավերվել են:

2.«Ազնիվ» ժեստ' Վանա լճի Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ կրոնական արարողություն մատուցելու թույլտվություն, սահմանափակ թվով մարդկանց համար և սահմանափակ տևողությամբ' թելադրված թուրքական իշխանությունների կողմից: Այս համաշխարհային ճանաչում ունեցող սրբավայրը պաշտոնապես գրանցված է որպես զբոսաշրջության վայր, և ոչ՝ որպես եկեղեցի:

3.Հայաստանից ներգաղթյալների երեխաների' Ստամբուլի հայկական դպրոցներ հաճախելու արգելքի վերանայման հնարավորություն:

4.Անցյալ շաբաթ կայացած «ցուցադրական» հանդիպում վարչապետ Էրդողանի և Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետի միջև, որին սխալմամբ ներկայացրին որպես Թուրքիայի հայ համայնքի ղեկավար: Դա ավելի շատ նման էր տիրոջ և նրա մոտ կանչված ստրուկի հանդիպման: Այդ հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն թուրքական լրատվամիջոցներին պարտադրված ասաց, որ «1915 թվականը» ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ վեճ երկու սիրելի եղբայրների միջև' հրահրված ուրիշների կողմից: Նա ասաց, որ իր պապիկը զոհերի թվում էր, սակայն շատ թուրքեր ևս զոհվել են: Շիրինօղլուն մեղադրեց ինքն իրեն և ներողություն խնդրեց Էրդողանից' վերջինիս կողմից 100 հազար հայ ներգաղթյալներին արտաքսելու սպառնալիքի համար, ասելով, որ այդ ուռճացված թիվն իր սխալմունքն է, և ոչ թե' վարչապետի:

5.Ի վերջո, արտգործնախարար Դավութօղլուն անցյալ շաբաթ հանդես եկավ մի նոր խորամանկ քայլով՝ նպատակ ունենալով մասնատել սփյուռքահայությանը' ցանկալի հաջողությունների չհասնելով Արձանագրությունների միջոցով Սփյուռքը Հայաստանից պառակտելու իր փորձից: Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մտադիր են «երկխոսություն» նախաձեռնել «ողջամիտ սփյուռքահայերի» հետ, նկատի ունենալով այն հայերին, ովքեր պատրաստ են ծախել Հայ Դատը իրենց սեփական «ես»-ի և անձնական շահի համար: Թուրքիայի արտգործնախարարը նշեց, որ կապեր կհսատատվեն հայկական «մտավորականության, համալսարանների և քաղաքացիական հասարակությունների» հետ:

Պարզ է, որ թուրքական իշխանությունները դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, այդ թվում տապալված Արձանագրությունների շարունակ շահարկմանը' Հայոց ցեղասպանության ճանաչումից այլ երկրների տարհամոզելու նպատակով:

Ուստի, Հայաստանն ու Սփյուռքը պետք է զգոն ու միասնական լինեն՝ թուրքական խարդավանքների, գայթակղությունների ու սադրանքների զոհը չդառնալու համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը