Կարծիք

16.05.2019 12:20


Ատելության քարոզի հետևանքները

Ատելության քարոզի հետևանքները

Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով ևս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ, մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետևանքները: Անթույլատրելի է, բայց, ցավոք, դրանց ներգրավում են նաև երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչո՞ւ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյոք խնդի՞ր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:

Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են և ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետեւ ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն և չհաշտվեն Արցախի անկախության հետ:

Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում՝ խորացնելով այս մթնոլորտը: Արդյոք հաշվարկե՞լ ենք բոլոր հետևանքները: Փաստորեն, մտնում ենք նոր, վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:

Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որևէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:

Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետեւ շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը՝ նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետևանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:

Վստահ եմ, երբ բոլշևիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքին, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` բժիշկների գործ, գեներալների գործ եւ այլն, ձերբակալվում, բանտարկվում կամ գնդակահարվում էին հազարավոր մասնագետներ, պրոֆեսիոնալ զինվորականներ, կադրային գեներալներ, մտավորականներ, շատերն ասում էին ճիշտ են անում, բա ժողովրդի թշնամի են, հեղափոխության հակառակորդ են:

Բայց շատ շատերի համար էլ ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում, թե ինչի համար էր հեղափոխությունը, եթե ոչ մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու և երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար, և ի՞նչ է նշանակում հակահեղափոխություն կամ ժողովրդի թշնամի:

Նույն հարցն այսօր մեր համար է օդում կախված: Ինչի՞ համար էին այն փոփոխությունները երկրում, որոնք մարդկանց մի մասը հեղափոխություն է անվանում, մի մասը՝ իշխանափոխություն, ինչո՞ւ է կյանքը երկրում այսքան լարված, և ինչո՞ւ են մարդկանց անընդհատ վախեցնեւմ:

Ինչո՞ւ են Արցախին վախեցնում հեղափոխությամբ: Եթե տեղի ունեցած հեղափոխությունը լավ բան ենք համարում, ապա արդյոք դա Արցախի՞նն էլ չէ: Կա՞ արդյոք ինչ-որ այլ բացատրություն: Գիտակցո՞ւմ ենք հետևանքները, երբ Արցախի նկատմամբ օգտագործում ենք հեղափոխություն կամ հակահեղափոխություն տերմինները:

Եվ ընդհանրապես, արդյոք որևէ մեկը գիտի՞, թե ինչ է սպասվում մեզ գոնե մոտակա ապագայում:

Ուզում եմ վստահ լինել, որ կառավարությունն այս իրավիճակը չի համարում երկրի զարգացման հիմքը և գիտակցում է, որ լարված ու ոչ ստաբիլ մթնոլորտում ոչ ոք ներդրումներ չի անի: Իսկ մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ:

Ստեփան Մարգարյան

«Այլընտրանքային նախագծեր»

Այս խորագրի վերջին նյութերը