Հարցազրույց

16.05.2019 10:35


«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարության ընթացքի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Որպես իրավաբան՝ ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

Այս դատավարությանն անդրադառնալիս շատ կարեւոր է մի հանգամանք։ Գործի քաղաքական բնույթը, ենթատեքստը ու հիմքերը ակնհայտ են, բայց կա մի շատ կարեւոր «բայց»։ Նույնիսկ իրավական տեսանկյունից գործի բացակայության պայմաններում՝ մենք պետք է պատասխանենք մի հարցի։ Մենք ուզում ենք փակե՞նք Մարտի մեկի էջը, թե ուզում ենք, որ ցանկացած հաջորդ իշխանություն բարձրացնի այս հարցը ու շարունակի քաղաքական դիվիդենտների ստացման էժան գործընթացը։ Ուզում ենք հարցերի վերջնական պատասխա՞ն, թե՞ ուզում ենք տվյալ պահին քաղաքական իշխանության քիմքին հարիր գործընթաց կամ հանրության ցանկություններին բավարարող որոշում։ Հնարավոր է, չէ՞, որ հիմա կայացված որոշումը որոշակի ժամանակահատվածում կրկին չբավարարի հանրության պահանջներին, արդյոք կրկին սկսվելո՞ւ է մեղավորներ փնտրելու նոր փակ շրջապտույտ։ Այս հարցը վերջնականապես կարող է լուծվել, եթե գործում լինի բացառապես իրավական տարր, ոչ թե քաղաքականը։ Հիմա, ցավոք, այն, ինչ տեսնում եք, միայն քաղաքական է, իսկ եղած իրավական հատվածն էլ այն կերպ է իրականացվում, որ նվազագույնը զարմանք է առաջացնում, սկսում ես մտածել, որ երկրում իրավաբանությունը հոգեվարքի մեջ է։

Այսօր հետեւե՞լ եք դատավարությանը

Այո։ Դեռ նոր է սկսվել դատաքննությունը, սակայն մեկ մյուսին հետեւում են նախնական քննության մարմինների գործի ելքի համար ճակատագրական սխալները։ Այսօր Հայկ Ալումյանը հայտարարություն է արել, որ բացի Արշակ Կարապետյանից, ով, ի դեպ, վարչապետի խորհրդականն է, այլ ցուցմունք չի ուղարկվել դատարան։ Կամ քննիչը եւ դատախազը գործի նյութերից թաքցնում են ոստիկանությանն ուղղված ԱԱԾ այն նամակը, որը գործի լուծման համար ունի կարեւոր նշանակություն, որն, ի դեպ, ինքնին առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Այն չի եղել ոչ կալանքի միջնորդության, ոչ էլ կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչի՞ վրա վստահ չեք։ Բա եթե գործն այդքան հիմնավոր է, կալանքը եւս, ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը կամ կարեւոր փաստաթղթերը։ Այս ամենից հետո ՀՔԾ պետը եւ գլխավոր դատախազը թերեւս պետք է հրաժարական ներկայացնեին, քանի որ նրանք չեն կարողանում իրականացնել քաղաքական թիվ մեկ օրակարգն ու պատվերը ու վնասում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ երկրին։ Ինչպե՞ս կարող է խոսք գնալ բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության մասին, եթե դատարան է ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը։ Հարց է առաջանում՝ ինչի՞ց են «վախենում» ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը, որ փաստաթղթերի միայն մի մասն է ներկայացվում դատարան, կամ էլ լավ չի հսկում, որ ներկայացնեն։ Գուցե նրանից, որ ցուցմունքների մեծ մասը չի բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրությունից, թե՞ նրանից, որ վարչապետին ներկայացրել են մի բան, սակայն իրականում առկա է մեկ այլ իրավիճակ։ Եկել է ժամանակը, որ գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը իրենց իրավական սխալների պատճառով, պետք է բացատրություն տան հենց Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են ձախողում գործը։ Ի դեպ, անկախ նրանից՝ թե ես կամ այլ իրավաբաններ ինչ կարծիք ունեն, օրինակ՝ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի մասնագիտական ունակությունների առկայության կամ բացակայության մասին, սա պետութւյուն է, իրենք էլ՝ պատասխանատու պաշտոնյաներ։ Ի դեպ, ազնվագույններին մի հարց էլ կա. գաղտնալսումների մասով հարուցած քրեական գործից ի՞նչ կա, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը ի՞նչ են ասել, հարցաքննե՞լ եք։

Ի դեպ, լավ կլիներ մինչեւ «դարի դատավարության» հրավերի հրապակային ծանուցում անելը, գլխավոր դատախազը պատասխաներ տարիներ առաջ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին.

Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում երեկ անչափահասները մասնակցել են բողոքի ցույցի՝ փաստացի ներքաշվելով ատելության քարոզի մեջ (ձեռքներին եղել են «Ցմահ», «Ռոբ Մարդասպան», “Rob Killer”, «դուխով» եւ այլ գրություններով պաստառներ)։

Սրա վերաբերյալ գնահատականը մեկն է՝ անթույլատրելի է երեխաներին ներքաշելը նման գործընթացների մեջ։ Ես չեմ ցանկանում քննարկել այդ պատանիների հասունությունը, սակայն չի կարող երկրում լինել առողջ միջավայր, եթե 14-15 տարեկան երեխաները ներքաշվում են քաղաքական դատավարություններին առնչվող ցույցերին։ Այս դեպքը ոչ թե պահանջում է այս կամ այն պատգամավորի կցկտուր արձագանքը, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության եւ ոլորտի պատասխանատուների արձագանքը ։

Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու ԲակոՍահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարանին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուվերաբերյալ, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք այն կստանա։

Հատկանշական է, որ հենց Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյան են ներկայացրել երաշխավորություն։ Այս երաշխավորությունը եւս մեկ անգամ հավաստիացում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափելու քննությունց եւ կալանքի տակ չգտնվելով էլ՝ լրիվ մասնակցելու է դատավարությանը։ Ու հույս ունեմ, որ դատարանը, հաշվի առնելով նախագահ Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի զբաղվածությունը, կգտնի ավելի ճկուն եղանակ՝ այդ մարդկանց երաշխավորությունը դատարանում հնչեցնելու համար, օրինակ՝ տեսակապով, որպեսզի երաշխավորության քննությունը կախված չի լինի նրանց դատարան ներկայանալ կամ չներկայանալու հանգամանքից։ Ի դեպ, կալանքի տակ գտվելու հիմնավորումների մասով մեղադրանքի կողմը էլի տապալեց իր գործը՝ բացի քրեական դատավարության օրենսգրքի լեգալ բնորոշումներից ոչ մի փաստական տվյալ ու ապացույց չեղավ։

Ձեր գնահատականը ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ ծառայողական քննությամբ հնարավո՞ր կլինի բացահայտել եղելությունը։

Կապրենք, կտեսնենք։ Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չի հայտարարել այս մասին ու հենց այս փուլում։ Ում եւ ինչում է ուզում մեղադրել կամ ինչ է ուզում մաքրել ու ում վրայից՝ կիմանանք շուտով։

Այս խորագրի վերջին նյութերը