Աշխարհ

15.05.2019 19:45


Ուղիղ եթերում հայ պատանուն «իսլամացրած» հաղորդավարին դատի են տալու

Ուղիղ եթերում հայ պատանուն «իսլամացրած» հաղորդավարին դատի են տալու

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։

Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը տեղի է ունեցել իր իմացությունից դուրս։ Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը։

Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ Իսլամի ընդունումը տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն Twitter-ում բավական խիստ գրառում է կատարել այդ կապակցությամբ:

Իշխող կուսակցության պատգամավորը հայտնի աստվածաբան և հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուին ուղղված գրառման մեջ, մասնավորապես, ասել է.

«Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»:

Արքեպիսկոպոս Աթեշյանն էլ զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը: Պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առ այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը