Մեկնաբանություն

13.05.2019 12:50


Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Ապազգայինի պիտակ ունեցող սորոսականներին ոչինչ չի կարող միավորել ծովից ծով Հայաստան պահանջող ու թունդ ազգայնականի իմիջ ունեցող «Սասնա ծռերի» հետ։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։

Սորոսականներին «ծռերի» հետ շատ բան է միավորում։ Օրինակ՝ այն, որ «ծռական» Գարեգին Չուգասզյանը նախկինում եղել է Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի անդամ։ Բայց դա հեչ։ Սորոսականներին ու «ծռերին» շատ ավելի լուրջ բաներ կան միավորող՝ աշխարհաքաղաքական հարցերից մինչև անցումային կոչված արդարադատության թեմաները։

Սորոսականներն ու «ծռերը», ինչպես նաև սրտաճմլիկ «Քաղաքացու որոշում» անունը կրող կուսակցության ներկայացուցիչները և «բնապահպան» ակԾիվիստները միասնական են։ Նրանք միասնաբար պայքարում են Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հանքի դեմ։

Հանքավայրի ճանապարհները փակ են արդեն 11 ամիս։ Հեղափոխական կառավարության անգործության և կասկածելի պահվածքի արդյունքում Հայաստանի բյուջեն հեղափոխական տեխնոլոգիաների՝ փողոց փակելու միջոցով զրկվել է 100 միլիոն դոլարից, աշխատանք է կորցրել 1000–ից ավելի մարդ, պայմանագրեր են կորցրել տասնյակ կապալառուներ, և լրջագույն հարված է ստացել մեր երկրի ներդրումային իմիջը։

Մեր ժամանակների խաչիկստամբուլցյանները 11 ամիս է՝ «փողոց փակող» են աշխատում։ Ծախսվում են հսկայական գումարներ։ Ոմանք հաստիքային ակԾիվիստ են դարձել։ Սրանք օրերս մեծ քարոզչական շուխուր բարձրացրեցին, թե բա՝ գնանք Ջերմուկ ու «որոշիչ հանրահավաք» անենք։ Երևանից ավտոբուսներով ու ավտոմեքենաներով գնացին՝ ծռերով ու «կանաչներով», ակԾիվիստներով ու անորոշ զբաղմունքի տեր մարդկանցով։ «Որոշիչ հանրահավաքը», սակայն, ձախողվեց, քանզի տեղում հազիվ մի 300 մարդ էր հավաքվել, որոնց մեծ մասը՝ ոչ ջերմուկցի։

Եթե հիշում եք, մի ժամանակ թուղթ էին թափահարում, թե բա՝ հրե՛ն, 3000 ջերմուկցի ստորագրել է ու դեմ է Ամուլսարի շահագործմանը։ Բա եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդ ստորագրողների գոնե 10 տոկոսը չեկավ «որոշիչ հանրահավաքին», որ Երևանից ու մյուս տեղերից Ջերմուկ եկած 200 հոգու հետ գումարվեին ու «հուժկու հանրահավաքի» տպավորություն թողնեին հարկատուներիս հաշվին այդ ամենը լուսաբանող Հանրային հեռուստատեսության վրա։

Ի դեպ, գարունն ավարտվում է, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ չի կողմնորոշվում հանքի հարցում։ Պայքարիստ աշխատողներն էլ, տեսնելով «ժողովրդի վարչապետի» անորոշ և վախվորած վարքագիծը, փոխել են սեփական պահանջների բնույթը։ Եթե առաջ պնդում էին, որ հանքը վնաս է շրջակա ջրային ռեսուրսներին ու հատկապես Սևանին, ու հենց այդ պատճառով այն պետք է չշահագործվի, ապա հիմա լրիվ այլ շեշտադրումներով են հանդես գալիս, քանի որ գիտեն, որ ջրերի պահով բլեֆ են արել։

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայտարարել է, որ եթե միջազգային փորձաքննությունը ցույց տա, որ հանքը վնասում է ջրերին, ապա այն չի շահագործվի, իսկ եթե փորձաքննությունը ցույց տա, որ վնաս չէ, ապա կշահագործվի։

Փորձաքննության համար հարկատուներիս հաշվին մոտ 400 հազար դոլար է ծախսվել։ Գարունն ավարտվում է, բայց փորձաքննություն անցկացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունից ձայն–ծպտուն չկա։ Փոխարենը՝ ձայնները գլուխներն են գցել «բնապահպան» կոչվածներն ու նրանց հավասարեցված «ծռերը»։

Սրանք հիմա նոր պահանջ են առաջ քաշում, ըստ որի՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքը վնաս չէ ջրերին, միևնույն է, չպետք է շահագործվի։ Այսինքն՝ ուրիշ նաղլ են սկսել։

Ու ակԾիվիստներին չի հետաքրքրում, որ Հայաստանը ոչ միայն ակնկալվող օգուտը չի ստանում, այլ նաև կորցնում է հանքի չշահագործման պատճառով։ Մեր երկիրը կարող է նաև վնասներ ստանալ, քանզի միջազգային արբիտրաժում անխուսափելիորեն կպարտվի «Լիդիան Արմենիային» ու ստիպված կլինի պետական բյուջեից ընկերությանը կես միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլարի հասնող փոխհատուցում տալ։ Բայց դա «ծուռ» և «կանաչ» ակԾիվիստներին չի հետաքրքրում։ Իրենք կասկածելի նպատակներ հետապնդող հայտարարություններ են անում և լուծում խնդիրներ, որոնք ձեռնտու են բոլորին, այդ թվում՝ մեր հարևան ու թշնամի երկրներին, բայց ոչ Հայաստանին։

Փաստորեն, մինչև Նիկոլ Փաշինյանը ներդրումային ֆորումների ու տարատեսակ էքսպոների ժամանակ ուտելիքներ է համտեսում և բուլկու մեջ չամիչ ման գալիս, Հայաստանում հականերդրումային քարոզ է իրականացվում, ու քաղաքականություն վարվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը