Աշխարհ

13.05.2019 11:15


Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կքննարկեն Իրանի դեմ պատասխան քայլերը

Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կքննարկեն Իրանի դեմ պատասխան քայլերը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը պատրաստվում է Բրյուսելում երկուշաբթի ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների, ինչպես նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել պաշտոնական Թեհրանի վերջին հայտարարության պատասխանը Իրանի միջուկային ծրագրի Գործունեության համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության տարածած կոմյունիկեում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, արտաքին գործերի նախարարը կուղեւորվի Բրյուսել՝ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների (Е3), ինչպես նաեւ ԵՄ-ի հետ քննարկելու պատասխանն Իրանի հայտարարությանը, որը սպառնում է խախտել ԳՀՀՊ որոշ պարտավորություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դրանում նշված է, որ խոսքը մայիսի 8-ին Թեհրանի հայտարարած «մտադրության մասին է՝ հրաժարվել կարեւոր պարտավորություններից» միջուկային գործարքի վերաբերյալ։

Եվրոպական երկրների եռյակը, ընդգծվում է հաղորդագրությունում, «դիտարկում է իրանյան սպառնալիքին իր ապագա պատասխանի հարցը եւ կքննարկի Իրանի հետ հետագա լեգալ առեւտրի շարունակումը, որին հավատարմությունը ԵՄ-ը կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կկատարի իր պարտավորությունները ԳՀՀՊ գծով»։

Հանթի Բրյուսել կատարելիք այցի հետ կապված՝ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է. «Այդ գործարքը նախկինի պես լավագույն հնարավորություններն է բացում Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։ Քանի Իրանը կատարում է (համաձայնագրի) պարտավորությունները, Մեծ Բրիտանիան կպահպանի հավատարմությունն Իրանի հետ գործարքին»։

Նա ավելացրել է, որ անցած շաբաթ Հանթի եւ ԱՄՆ պետքարտուղար (Մայք) Պոմպեոյի հանդիպումից հետո բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ցանկացել է հանդիպել E3-ի գործընկերների հետ առաջին իսկ հնարավորության դեպքում, որպեսզի համաձայնեցնի Իրանի տագնապալի հայտարարության պատասխանը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը