Մեկնաբանություն

11.05.2019 14:50


Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը ձևով նիկոլական էր, իսկ բովանդակությամբ՝ լևոնական: Ինչու լևոնական, քանզի «իզմեր», կայուն սկզբունքներ ու պատկերացումներ չունեցող Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, ընկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ: Այսինքն՝ հայտնվել է այնտեղ, որտեղ ձևավորվել է որպես մուտիլովկաներով զբաղվող թերթի խմբագիր ու քաղաքական գործիչ:

Այս իշխանության լևոնականությունը զգացնել է տալիս և՛ Արցախի, և՛ 2008-ի մոտիվներով քաղաքական վենդետտայի, և՛ այլ հարցերում:

2008-ի մարտի 1-ի արյունից մաքրվելու և անձնական մուռ հանելու համար իրականացվող «հեռախոսային արդարադատությունը» Փաշինյանին ավտոմատ կերպով դարձնում է Տեր-Պետրոսյանի կցորդը:

Փաշինյանն, իհարկե, ձգտում է ինքնաբավ և ինքնուրույն երևալ: Նա մարդկայնորեն ատում է Տեր-Պետրոսյանին ու քաղաքականապես բարդույթավորվում նրանից: Նույն զգացողությունն է նաև 1-ին նախագահի մոտ Նիկոլի հանդեպ: Բայց դա չի խանգարում նրանց գտնվել միևնույն նավակի մեջ, քանզի ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը: Մենք, ըստ այդմ, ունենք լևոնանիկոլական իշխանություն: Նրանց միավորում է արյունը: Մարտի 1-ի արյունը:

Նիկոլը, Վլադիմիրն ու Արարատը՝ չհաշված Վանո Սիրադեղյանը

Փաշինյանը քարոզչական, պաշտպանության ու այլ կարևոր ոլորտներում իրեն շրջապատում է լևոնական տիրույթի ու մտածողության կադրերով՝ Անդրանիկ Քոչարյան, Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան, Վլադիմիր Կարապետյան ... Վերջինս Փաշինյանի մամլո խոսնակն է:

Կարապետյանը, իր ներկայիս շեֆի ոճով, բամբասանքային, էժանագին ու անհիմն հայտարարություններ է անում՝ ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ջղաձգվածությունը, որի պատճառը Ռոբերտ Քոչարյանն է ու Արցախում տիրող տոտալ հականիկոլական մթնոլորտը:

Փաշինյանն իր խոսնակի շուրթերով շարունակում է էժանագին ձևակերպումներ օգտագործել: Եվ դա այն դեպքում, երբ ինքն ու խոսնակը ներկայացնում են միլիարդների հասնող թալանի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության այլասերման ու կոռուպցիայի հիմնադիր հայր Տեր-Պետրոսյանին:

Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի օրոք է սկիզբ դրվել կոռուպցիային ու ընտրակեղծիքներին, հայտարարել է ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կոռումպացված ռեժիմը հիմնադրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Գոնե մի՛ խոսեք, էլի՛, 95, 96 թվի ընտրությունների կեղծմամբ չսարքեցի՞ք այս ամեն ինչը»,- հեռուստաբանավեճի ժամանակ դիմելով Վլադիմիր Կարապետյանին՝ հայտարարել էր Միրզոյանը՝ արձագանքելով Տեր-Պետրոսյանի մոտեցումները կրծքով պաշտպանող իր այն ժամանակվա ընդդիմախոսի որոշ ձևակերպումներին:

Միրզոյանն այս ամենն ասել է այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, որ թավշյա է դառնալու ու Կարապետյանի հետ հայտնվելու է իշխանության մեջ: Միրզոյանն այս ամենն ասում էր այն ժամանակ, երբ Փաշինյանը «քցել» էր Լևոնենց ու իր բախտն էր որոնում՝ որպես Բ26-ի հաճախորդ: Կարապետյանն ու Հայ ազգային կոնգրեսի բոլոր անդամներն էլ այն ժամանակ Փաշինյանենց համարում էին Սերժ Սարգսյանին ծախված: Ու խնդիրն այն էր, որ երկուսն էլ իրար մասին ճիշտ էին ասում, քանզի ներսից գիտեին իրար:

Միրզոյանն ու Կարապետյանն այժմ թիմակիցներ են: Երկուսն էլ պաշտոն են ստացել Փաշինյանի որոշմամբ:

Երբ Միրզոյանը հեռուստաեթերում քննադատում էր Կարապետյանին ու մեղադրում նրա շեֆ Տեր-Պետրոսյանին կոռուպցիոն ռեժիմի հիմնադրման ու ընտրությունները կեղծելու համար, ձեռքին իշխանական լծակ չկար: Իսկ հիմա կա: Արարատը մեր երկրի ոչ այն է՝ երկրորդ, ոչ այն է՝ երրորդ պետական դեմքն է: Դեմք, որն ընտրվել է ԱԺ գրեթե 100 տոկոսի քվեով:

Ի՞նչն է այժմ խանգարում Միրզոյանին իրավական հարթություն տեղափոխել, իր իսկ բնութագրմամբ, կոռուպցիոն ռեժիմի հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը և 1995, 1996 թվականներին տեղի ունեցած ընտրակեղծիքների թեման:

Եթե Միրզոյանը ժամանակին բանավիճում էր Կարապետյանի հետ և նրան համարում լևոնական կոռումպացված ու ընտրակեղծարար ռեժիմի ներկայացուցիչ, ապա ինչպե՞ս է այժմ նրա հետ միևնույն թիմում աշխատում:

Փորձե՞լ է արդյոք Միրզոյանը Փաշինյանին հիշեցնել իր կարծիքը 1-ին նախագահի կառավարման տարիների մասին: Թե՞ հիմա անցյալի պատմությունը գնահատվում է ընտրովի ու վենդետտայաբար:

Իսկ եթե Միրզոյանն այն ժամանակ սխալ բաներ է ասել Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների մասին, ապա այժմ պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

Մի խոսքով, Արարատ Միրզոյանը կա՛մ պետք է տեր կանգնի իր խոսքերին ու Լևոնենց մասով գնա մինչև վերջ, կա՛մ պետք է ներողություն խնդրի Լևոնենցից ստախոսության համար:

Ինչ մնում է Փաշինյանին, ապա եթե նա սահմանադրական կարգի տապալում է փնտրում, ապա թող վերադառնա 1995-96 թվականներ: Թող իր մյուս ուսուցիչ Վանո Սիրադեղյանից հարցնի, նա կպատմի, թե ինչու և ինչ եղավ 96-ին: Կամ էլ Նիկոլը թեկուզ նույն Միրզոյան Արարատին թող հարցնի:

Ի դեպ, կար մի ժամանակ, երբ Միրզոյանը չէր ուզում անգամ կանգնել լևոնական Վլադիմիր Կարապետյանի կողքին, քանզի չէր ընդունում վերջինիս մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման հարցում: Տեսնես՝ հիմա ինչպե՞ս են նրանք շփվում և ի՞նչն է միավորում նրանց:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը