Քաղաքական

11.05.2019 12:36


«Հայաստանի սպասելիքներն Արևմուտքից պետք է լինեն հավասարակշռված և քաղաքական հավակնություններին համապատասխան»․ Նեյլ Մաքֆարլեյն

«Հայաստանի սպասելիքներն Արևմուտքից պետք է լինեն հավասարակշռված և քաղաքական հավակնություններին համապատասխան»․ Նեյլ Մաքֆարլեյն

«Ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։

Հիշեցնենք, որ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանը յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում է, որ ՀՀ նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին։

Նա տեղեկացրել էր, որ սկսվել է նոր ձևաչափով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Ն. Փաշինյանը նշել էր նաև, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին։ Ավելի վաղ նա նաև հայտարարել էր, թե ինքն ԱՄՆ-ին ամենաակտիվ քննադատած ՀՀ ղեկավարն է։

Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ցանկացած երկկողմ հարաբերություն կառուցվում է երկու կողմերի կամ կողմերի ակնկալիքների, քաղաքական նպատակների, անհրաժեշտությունների հիման վրա:

Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում։

Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձևավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։

«Արևմուտքը սովորաբար աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, արևմտյան արժեհամակարգի ներդրման գործընթացին, երբ այդ ծրագրերը լինում են պատրաստ վիճակում, երբ կա նաև հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։

ՀՀ նոր կարգավիճակը պետք է հաստատվի և ամրապնդվի ներքին փոփոխություններով։ Եվրամիությունից ևս կային նման ակնկալիքներ, հիմա այդ թևում որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, Եվրամիությունը, ըստ ներկայացված ծրագրերի, պետք է վերանայի այն աջակցությունը, որը տրամադրել է Հայաստանին։ Նույնը պետք է տեղի ունենա նաև Նահանգների դեպքում, սա երկկողմ աշխատանք է։ Բայց պետք է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ը Հայաստանի ամենալուրջ ֆինանսական գործընկերներն են եղել վերջին տասնամյակների ընթացքում, բայց Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական միություններ է կազմել Ռուսաստանի հետ։

Ուստի սպասելիքները պետք է լինեն հավասարակշռված և քաղաքական հավակնություններին համապատասխան։ Եթե սկսվել է ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, դա լավ է, քանի որ հարաբերություններում ցանկացած նոր մակարդակ, աջակցության ծավալների փոփոխություն պետք է քաղաքական հիմնավորում և փաթեթավորում ստանա, այլապես կլինի աննպատակահարմար մյուս կողմի համար, հատկապես, երբ այդ կողմն աջակցություն տրամադրել է մշտապես։

Այդ հարցում որոշիչ է նաև հայտարարված բարեփոխումների իրականացման ակտիվությունը, այսինքն՝ ազդակներ պետք է տա հենց Հայաստանը՝ բարեփոխումների պատրաստակամության, իրականացման և քաղաքական հավակնությունների տեսքով։ Այս հարաբերությունների հարցում դերակատարություն ունի նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը առճակատման մեջ են, և լինում են նաև քայլեր, որոնք այդքան էլ հաճելի չեն կողմերից մեկի համար, ինչպիսին Հայաստանի հումանիտար առաքելությունն է Սիրիայում, որին Միացյալ Նահանգներն անդրադարձավ, այսինքն՝ այս հարաբերություններում կան նաև դժվարություններ, որոնք հաշվի առնելով է պետք կառուցել այդ հարաբերությունները»,- ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը